Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԻ ԳՈՐԾ ԷԼ «ՋՐՎԵՑ»

Մայիս 26,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել ու ավարտվել է «Մարտի 1»-ի 10 զոհերից երկուսի՝ Զաքար Հովհաննիսյանի եւ Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքի քննությունը: Մի քանի րոպե տեւած դատաքննության արդյունքում զոհվածների հարազատներն այդպես էլ չեն կարողացել ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Դատավոր Ռուբիկ Ներսիսյանը մերժեց հարցեր տալու իմ իրավունքը: Ես հարցերը գրավոր ներկայացրեցի եւ դատարանին միջնորդեցի այդ հարցերն ուղղել պատասխանող կողմին, սակայն դատավորը մերժեց նաեւ իմ միջնորդությունը՝ նշելով, որ ես իրավունք չունեմ նման ցուցում տալ դատարանին»,- «Ա1+»-ին ասել է զոհվածների իրավահաջորդների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ զոհվածների հարազատները վիճարկում են նախաքննական մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ Գլխավոր դատախազության անգործությունը եւ պնդում, որ 2008թ. մարտիմեկյան դեպքերից մինչ օրս այս երկու մարմիններն ամեն ինչ արել են իրենց որդիների սպանությունները կոծկելու համար: «Մարտի 1»-ի 10 զոհերի հարազատների բողոքները դատարանը լսում էր 4 առանձին հայցերով, եւ բոլոր դատաքննություններն էլ անցել են նույն սցենարով: Ինչպես մյուս, այնպես էլ այս մի դատավարության ընթացքում պատասխանող կողմը հայտարարել է, թե մարտիմեկյան դեպքերով նախաքննությունը դեռ չի ավարտվել, եւ նախաքննության մարմինն այլ տեղեկություններ հրապարակելը նպատակահարմար չի գտնում:

Ա. Զեյնալյանը հայտարարել է. «Մենք բավարարված ենք: Այս փուլում մենք մեզ համար շատ կարեւոր փաստ արձանագրեցինք: Դա գաղտնիք է, եւ այս պահին նպատակահարմար չեմ գտնում բացահայտել»:

Երեկ դատարանին հարցեր է ուղղել զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը, որը նաեւ պահանջել է իրեն վերադարձնել զոհված որդու՝ մինչ օրս ՀՔԾ-ում գտնվող բջջային հեռախոսը: «Ես տեղեկություններ ունեմ, որ զոհվելուց առաջ իմ որդին բջջային հեռախոսով նկարահանել է իր վրա կրակողներին»,- «Ա1+»-ին ասել է Ջեմմա Վարդումյանը:

Այս գործով որոշումը դատարանը կհրապարակի հունիսի 8-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել