Հայրիկյանի կոչն աշխարհին, հայերին ու ԱՄԿ ժառանգորդ հանրապետականներին
Ելնելով մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձեւից եւ հատկապես այն իրողությունից, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում միջամտել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործին՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տեղին է համարում օգտվել առիթից եւ ասել. «Հայաստանը սիրով ընդունում է Թուրքիայի միջնորդական առաքելությունը՝ պայմանով, որ Թուրքիան հաշվի առնի, որ Արցախ-Ադրբեջան հակամարտության մեջ Հայաստանն ընդամենը միջնորդ է, քանի որ մենք այդպիսի շեշտադրում ենք կատարել՝ Արցախն անկախ պետություն է»: Իսկ եթե Թուրքիան եւ միջազգային հանրությունը կոչեր են անում ազատագրված տարածքները վերադարձնելու, որ ադրբեջանցի փախստականներն այնտեղ վերադառնան, ապա Հայրիկյանն էլ ասում է. «Ամենաճիշտն այն կլինի, որ Թուրքիան վերադարձնի Կարսն ու Արդահանը՝ սկզբի համար, հետո Սեւրի պայմանագրով նշված սահմաններում թույլ տա ցեղասպանության հետեւանքով հեռացված եւ ավելի հին գաղթականներին վերադառնալ Հայաստան»: Նաեւ՝ եթե խոսվում է սահմանների անձեռնմխելիության մասին, Հայրիկյանին հետաքրքիր է, թե ո՞ր սահմանների մասին է խոսքը՝ Ստալինի գծա՞ծ, թե՞ միջազգայնորեն ընդունված: Եթե Ստալինի գծած սահմանների մասին է խոսքը, Հայրիկյանն առաջարկում է, որ կրկին կիսվի Գերմանիան եւ այդպես շարունակ: Ինչ վերաբերում է այս ամենի դեմ հայկական կողմի անմիջական եւ գործնական քայլերին՝ ԱԻՄ նախագահն, անդրադառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, թե իրենք ԱՄԿ-ի ժառանգորդներն են, ասում է. «Ես 1968-ին եղել եմ ԱՄԿ-ի փաստացի ղեկավարը, 1970-ին ԱՄԿ-ի ղեկավար եմ նշանակվել Հայկազ Խաչատրյանի համաձայնությամբ եւ ընտրվել եմ 1973-ին: Այդ ընտրությանը մասնակցել են ՀՀԿ-ի երկու լիդերներ Աշոտ Նավասարդյանը եւ Անդրանիկ Մարգարյանը, երկուսն էլ ձայնն ինձ են տվել: Եթե սրանք ԱՄԿ-ի ժառանգորդն են, ապա պետք է իրենց պարկեշտ պահեն եւ լսեն ԱՄԿ ողջ մնացած առաջնորդի խոսքը. այս պայմաններում շատ լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ինքը փակուղային իրավիճակում է հայտնվել, ուստի հրաժարական է տալիս: Դրանից առաջ վարչապետի պաշտոնում նշանակի Պարույր Հայրիկյանին՝ ԱՄԿ ղեկավարին: Անկեղծ ասած, ես շատ հավես չունեմ մանր-մունր ադմինիստրատիվ գործերով զբաղվելու, ավելի լուրջ, ստրատեգիական խնդիրներ կան, բայց այս փուլին կարելի է: Ժամանակավորապես նախագահի պաշտոնը ստանձնելուց հրաժարվում է նաեւ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետ Պարույր Հայրիկյանն էլ ասում է, որ ԱՄԿ-ն պայքարում է տարածաշրջանում արդարության վերականգնման, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների համար, ուստի չեղյալ ենք հայտարարում ՀՀ-ն ոչնչացրած Կարսի պայմանագիրը եւ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար պատրաստ ենք բանակցություններ սկսել՝ միջազգային իրավունքի հիման վրա: Հասնում ենք նրան, որ Արցախից Հայաստանի զորքերը դուրս ենք բերում՝ փոխարինելով միջազգային՝ չեզոք ուժերով՝ պայմանով, որ Արցախին վտանգ չի սպառնա: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նույնպես պետք է խաղաղապահ ուժեր լինեն: Իսկ Թուրքիան, որը չի ընդունում Ցեղասպանությունը, բայց ասում է, որ հայերին բռնի արտաքսել են՝ սկսի տարածքների վերադարձը: Նախ՝ Կարսն ու Արդահանը, որոնք Թուրքիայի տարածք չեն եղել, մինչեւ կորոշենք, թե Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարար վճռի որ հատվածում ենք համաձայնության գալիս, ինչ լուծում ենք գտնում, եւ կսկսվի փախստականների վերադարձը»: Այս պարագայում Հայրիկյանը դեմ չէ այլ հատվածում էլ փախստականների վերադարձի հարցը քննարկելու: Հակառակ դեպքում հայտարարում է. «Աշխարհ, դուք ողջունում եք թուրքական ցեղասպանությունը, այդ ցեղասպանության մաս կազմած ստալինյան քաղաքականությունը: Ընդունեք, որ դուք հայերի վերջնական բնաջնջման ծրագիր եք որդեգրել: Հայտարարեք, որ դա ձեր՝ համաշխարհային քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումն է այս պահին, ու միասին իրականացրեք»: Մի կոչ էլ պարոն Հայրիկյանը հայերին է ուղղում. «Կամ գնում ենք իմ նշած ճանապարհով, կամ ընդունում ենք, որ աշխարհի հետ միասին հայերի վերջը պիտի տանք, ինչը որ արդեն անում ենք միասնական ուղղագրության դեմ պայքարելով, օտարալեզու դպրոցներ բացելով»:
Թե որքանո՞վ աշխարհին լսելի կլինի հայերի ձայնը՝ «Առավոտի» հարցին ի պատասխան պարոն Հայրիկյանը մի առակ պատմեց. «Առյուծը որոշում է բոլոր գազաններին ուտել եւ աղվես ամուսիններին ուղարկում է գազաններին ցուցակագրելու: Հերթով ցուցակագրելով՝ հասնում են նապաստակին. վերջինս ասում է. «Ես չեմ գնա»: «Ո՞նց չես գնա, առյուծն է ասում, պիտի գնաս, որ քեզ ուտի»,- զարմանում են աղվես ամուսինները: «Շատ էլ, որ առյուծն ասում է, ես չեմ գնա»,- լինում է նապաստակի պատասխանը: Այդ ժամանակ որձ աղվեսն ասում է. «Կնիկ, սրա անունը ցուցակից ջնջի»: Մենք չենք արել այն, ինչը պիտի անեինք, քանի որ ասպարեզ եկած քաղաքական գործիչները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ոչ Հայաստանի անկախության գաղափարի, ոչ ազգային խնդիրների, ոչ էլ Արցախի հետ կապ չունեին: ԿԳԲ-ի առաջ բերած մարդիկ էին, մեզ համար նախանշեցին մի ողբերգական, սխալներով լի ճանապարհ: Մարդը (ՀՀ առաջին նախագահը- Ն. Գ.) հպարտորեն ասում է՝ ես Կարսի պայմանագրից հերոսաբար չհրաժարվեցի: Քաջ Նազարի նման՝ տղամարդու պես թախտի տակից դուրս չեկավ: Մենք Մոսկվայի ու նրա կցորդ Կարսի պայմանագրերի գերին ենք, որոնք ավազակաբարո ոչնչացնում են Սեւրի պայմանագիրը: Հետո, եթե ոչ կազմակերպականորեն, ապա ծագումնաբանորեն եւ գաղափարաբանորեն նույն թիմն էր: Ցավոք, անգամ ԱՄԿ կոչվելուց հետո իրենք չկարողացան արցախակենտրոն եւ արցախակործան մտածելակերպից ազատվել: Մեզ պատերազմով են սպառնում, իսկ մե՞նք… Շատ թավաքյալի կյանքով ենք ապրում: Այսպես չի կարելի»: