ՀՀ օմբուդսմենը արտահերթ զեկույց է հրապարակել
Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրապարակել է «Խաղաղ հավաքների իրավունքների մասին» իր արտահերթ զեկույցը: Հիշյալ 39 էջանոց զեկույցը, սակայն, առանձնանում է «ո՛չ նալին, ո՛չ մեխին» դիտարկումներով, փաստաթուղթը «խեղդված» է Եվրոպական դատարանի նախադեպերի օրինակներով եւ օրենսդրության երկար-բարակ մեջբերումներով, տեղ-տեղ հավաքների անցկացման իրավունքի սահմանափակումը կամ «չարտոնումը» օրենքում առկա դրույթների տարընթերցումների բացատրություններով, բայց արդյունքում Հայաստանում խաղաղ հավաքների անցկացման իրավունքի վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալ այդպես էլ չէր հաջողվել: Ու, թերեւս, խնդրին չափազանց երկչոտ ու վախվորած մոտեցումը, զեկույցին «հավասարակշռվածություն» եւ «օբյեկտիվություն» հաղորդելու ուղղությամբ թափված մեծ ջանքերի արդյունքն է նաեւ ոչինչ չասող այն եզրակացությունը, որին հանգել է ՀՀ օմբուդսմենը. «ՀՀ-ում խաղաղ հավաքների իրավունքի առկա վիճակը մի շարք առումներով չի համապատասխանում այս ոլորտի միջազգային չափորոշիչներին: Թեեւ հավաքների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը 2004թ.-ից հետո ընդհանուր առմամբ համապատասխանեցվեց միջազգային չափորոշիչներին, սակայն դրանում տեղ գտած երբեմն ոչ հստակ ձեւակերպումները, տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող դրույթները պատճառ են դառնում հակասական իրավակիրառական պրակտիկայի: Իրազեկումը քննարկող լիազոր մարմինների գործունեության մեջ առկա չէ միասնականությունը, ինչն իր հերթին շատ դեպքերում հանգեցնում է իրավական անորոշության եւ խնդիրներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում: Մասամբ կամ ամբողջությամբ խախտված են հավաքների իրավունքի հետեւյալ վեց ղեկավար սկզբունքները. հօգուտ հավաքների անցկացման կանխավարկածը, խաղաղ հավաքներ պաշտպանելու պետության պարտականությունը, օրինականությունը, համաչափությունը, լավ վարչարարությունը, խտրականության բացառումը:
Հանրային իշխանությունների վարքագիծը շատ դեպքերում հիմք է տալիս պնդելու, որ վերջիններիս կողմից լիարժեք չի գնահատվում հավաքների ազատության կարեւորությունը, մասնավորապես այն, որ հավաքների իրավունքը կարող է որպես միջոց ծառայել երկրում առկա մի շարք խնդիրների լուծման համար, որ այն միջոց է տեսակետներ արտահայտելու եւ ընդհանուր շահերի պաշտպանության համար:
Խաղաղ հավաքների իրավունքը ժողովրդավարական հասարակության մեջ մարդու եւ քաղաքացու կարեւորագույն իրավունքներից մեկն է, եւ դրա պաշտպանությունը անհրաժեշտություն է հանդուրժող հասարակության ստեղծման համար, որտեղ տարբեր վարվելակերպ, սկզբունքներ, գաղափարներ, քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ ու խմբեր կարող են խաղաղ գոյակցել»:
Հանուն արդարության, թերեւս, պետք է շեշտել, որ ավելի համոզիչ էին Պաշտպանի բանավոր արված այն դիտարկումները, թե՝ այսօր գործող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածին, եւ օրենքի բացթողումները մեկնաբանվում են խաղաղ հավաքներ կազմակերպողների եւ մասնակիցների դեմ: Համեմատության համար արժե, թերեւս, հիշեցնել, որ այս տարվա մարտի 12-ին նույն խնդրին իրենց տարեկան զեկույցներում անդրադարձել էին ե՛ւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան, ե՛ւ ԱՄՆ պետդեպարտամենտը:
Ընդ որում, ի տարբերություն ՀՀ ՄԻ պաշտպանի զեկույցի, Պետդեպի փաստաթղթում առանց սարուձոր ընկնելու եւ Հայաստանում խաղաղ հավաքների անցկացման իրավունքի սահմանափակումների «մեղքը» օրենքների վրա բարդելու փոխարեն՝ հստակ արձանագրված էր, որ թեեւ ՀՀ Սահմանադրությամբ «նախատեսվում է հավաքների ազատություն, սակայն իշխանությունները գործնականում սահմանափակել են այս իրավունքի իրականացումը մասնավորապես այն անձանց համար, որոնց կառավարությունը համարում է քաղաքական ընդդիմություն»:
«Առավոտի» հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը, բացի այն, որ արձանագրեց, թե գործող օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, նաեւ հավելեց, որ «ՀՀ իշխանությունները, բացի օրենքը չկիրառելուց, փորձում են նաեւ տարբեր մեթոդների դիմել՝ ՀՀ քաղաքացիների հավաքներ անցկացնելու որեւէ փորձ կասեցնելու համար»: Ի տարբերություն ՀՀ ՄԻ պաշտպանի, որը տեղեկացրել է, թե օրենքի փոփոխությունների նախագիծ է պատրաստվում, որը կներկայացվի մոտ ապագայում, Մ. Դանիելյանը շեշտեց, որ իրավիճակը շտկելու համար օրենսդրական փոփոխություններից ավելի կարեւոր է քաղաքական իշխանությունների կողմից Մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելը, բարի կամքի դրսեւորումը: Նույնը պնդեց նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հավելելով. «ՀՀ իշխանությունները 1998թ.-ից ի վեր փորձում էին սահմանափակել երթեր եւ հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները, իսկ 2008թ. մարտի 1-ից հետո դրանք ուղղակի արգելված են: Նույնիսկ այն երթերն ու հանրահավաքները, որոնք տեղի են ունենում «թույլտվությամբ», ուղեկցվում են ոստիկանության կողմից միջամտություններով եւ խոչընդոտների հարուցմամբ: Օրենքը կարեւոր, բայց մեր դեպքում վճռորոշ դեր չունի, որովհետեւ 2008թ. մարտից առաջ օրենքը փոփոխված չէր, բայց դա չէր զսպում իշխանություններին նույնիսկ նախագահական ընտրությունների շրջանում սահմանափակել կամ արգելել հավաքների անցկացումը»:
Ի դեպ, ՄԻ պաշտպանի հաջորդ արտահերթ զեկույցը լինելու է խոսքի ազատության մասին: