Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը՝ 2 ամսվա նախնական կալանքի վերցնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ամբիոնի ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ Արմինե Գեւորգյանին (լուսանկարում): Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից, մայիսի 22-ին, բժշկականի շենքում 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո՝ Արմինե Գեւորգյանը «փաստով մերկացվել է» եւ բերման ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: «Առավոտի» տեղեկություններով, Ա. Գեւորգյանը հիմնականում փողային «գործարքներ» է իրականացրել իրանցի ուսանողների հետ: