Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՆԳԱՏՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Մայիս 25,2010 00:00

Ըստ թերապեւտի՝ մածունը, հանքային ջուրն ու կիտրոնը «եղանակ չեն փոխում»

«Զարկերակային բարձր ճնշումը լուրջ հիպերտոնիկ հիվանդություն է»,- ասում է թերապեւտ Քրիստինե Հունանյանը ու հավելում, որ զարկերակային բարձր ճնշում արտահայտությունը գրականության մեջ այսօր հաճախ հանդիպում է նոր անվանակոչությամբ՝ զարկերակային գերճնշում:
Ք. Հունանյանը ասում է, որ ընդունված է տարբերել երկու տեսակի զարկերակային գերճնշում՝ «էսենցիալ» եւ «երկրորդային»: Առաջինի դեպքում անհայտ են զարկերակային ճնշման բարձրացման պատճառները, երկրորդի դեպքում՝ այն պայմանավորված է որեւէ օրգան համակարգի ախտահարման հետ: Դրանք հիմնականում թիրախ-օրգաններն են՝ սիրտը, գլխուղեղը, երիկամները:
Բժշկուհու փոխանցմամբ, զարկերակային գերճնշման դասակարգման մեջ տարբերում են երեք խմբի զարկերակային գերճնշում. թեթեւ, միջին ծանրության եւ ծանր: Զարկերակային ճնշման օպտիմալ մակարդակը 120/80 մմ սս-ն է:
Ք. Հունանյանը ասում է նաեւ, որ զարկերակային ճնշման հիմնական ախտածին օղակը՝ նյարդային համակարգի գործունեության խախտումն է: Յուրաքանչյուր հոգեհուզական լարվածություն, սթրես կարող է բերել գլխուղեղի կիսագնդերի կեղեւում խանգարման, որի հետեւանքով առաջանում է զարկերակային ճնշման բարձրացում:
Բժշկուհին ասում է, որ բարձր ճնշման ժամանակ հիվանդները, որպես կանոն, գանգատվում են գլխացավից, գլխապտույտից, քթային արյունահոսությունից, ականջներում խշշոցի զգացումից, սրտխփոցից, երբեմն լինում են ցավեր սրտի շրջանում, որը կախված է հիմնականում սրտի պսակային անբավարարության հետ, այսինքն, նրա գործունեության խանգարման հետ, բացի այդ՝ զարկերակային ճնշումը հաճախ հանդիպում է կլիմաքտերիկ շրջանում, դաշտանադադարից հետո: Զարկերակային բարձր ճնշման պատճառը կանանց մոտ կարող են լինել հակաբեղմնավորիչներ օգտագործելը: Իսկ այդ պարագայում անհրաժեշտ է դադարեցնել այն եւ դիմել մասնագետի:
Ք. Հունանյանը նկատում է նաեւ, որ վերջին շրջանում զարկերակային գերճնշման խնդիրներով իրեն հաճախ դիմում են երիտասարդները: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված երիտասարդ այցելուների հոսքը, բժշկուհին այսպես պատասխանեց. «Դա պայմանավորված է մի շարք արտաքին գործոններով: Ըստ իս, հիմնական պատճառը սթրեսային, հոգեկան հուզումներն են, չի բացառվում նաեւ եղանակի փոփոխությունը, կերակրի աղի չարաշահումը»:
Հարցրինք, թե ի՞նչ խորհուրդներ են տրվում երիտասարդներին՝ բարելավելու առողջությունը:
«Թիվ մեկ խորհուրդը՝ զերծ մնալ սթրեսային վիճակներից, ինչը, բնականաբար, անխուսափելի է, հրաժարվել ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, յուղոտ սննդամթերքից»,- ասում է թերապեւտը եւ հիշեցման կարգով կոչ անում, զարկերակային բարձր ճնշման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, չհետեւել հարեւանի, դեղատան աշխատակցի խորհուրդներին: Բժշկուհին նշում է, որ այսօր շուկան ողողված է բազմաթիվ հակահիպերտենզիվ պրեպարատներով, որոնք նշանակվում են հատուկ հետազոտություն անցնելուց հետո:
Ք. Հունանյանը խորհուրդ չի տալիս նաեւ տարվել տնական պարզունակ մեթոդներով: Ըստ մեր զրուցակցի՝ կիտրոնը, մածունը, հանքային ջուրը եղանակ չեն փոխի, անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի:
Ի դեպ, բարձր ճնշման դեպքում պետք է հրաժարվել նաեւ շատերի կողմից ընդունված եւս մեկ անհեթեթ մեթոդից՝ տաք ցնցուղ ընդունելուց:
Բժշկուհուց հարցրինք նաեւ, թե ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի զարկերակային բարձր ճնշում ունեցող անհատը: «Այս կարգի խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում տարին մեկ-երկու անգամ ենթարկվել լաբորատոր-գործիքային քննության: Կատարել արյան եւ մեզի հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ակնահատակի հետազոտություն»,- եզրափակում է Ք. Հունանյանը: Ի դեպ, խորհուրդներին չհետեւելու, մատների արանքով նայելու դեպքում զարկերակային բարձր ճնշումը կարող է պատճառ դառնալ սրտանոթային հիվանդությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել