Ծանրամարտի Հայաստանի տղաների եւ աղջիկների պատանեկան հավաքականները Վալենսիայից վերադարձան թիմային պայքարում նվաճած արծաթե մեդալով:
Մայիսի 22-ին 94 կգ քաշային Համլետ Պողոսյանը պոկում վարժությունում 145 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության փոքր արծաթե մեդալ, իսկ երեկոյան այս տարիքային խմբի գերծանր՝ +94 կգ քաշային կարգում հանդես եկած Գոռ Մինասյանն ու Միշա Մուրադյանը Հայաստանի հավաքականի հաշվարկին բերեցին եւս հինգ մեդալ: Գոռը երկրորդն էր պոկում (155 կգ,), հրում (185 կգ) վարժություններում եւ երկամարտում (340 կգ), իսկ Միշան պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ հրումում՝ 181 կգ, եւ երկամարտում՝ 321 կգ:
Այսպիսով, մեր պատանի ծանրորդները Իսպանիայում ընդհանուր առմամբ նվաճեցին 5 ոսկե, 6 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ եւ այս հաշվարկով թիմային պայքարում գրավեցին երկրորդ տեղը՝ իրենցից առաջ թողնելով միայն Ռուսաստանին: Տղաների պայքարում վաստակած միավորներով նույնպես մեր տղաները երկրորդն են՝ 555 միավորով: Աղջիկների մեջ, շնորհիվ միակ մասնակից Իզաբելա Յայլյանի, Հայաստանը մեդալների քանակով հանգրվանեց 5-րդ տեղում՝ 2 արծաթ եւ 1 բրոնզ, իսկ միավորներով՝ 73, ճանաչվեց 12-րդը: