Սեդա Կողբեցին երաժշտություն է նկարում
– Քո նկարներում, չնայած երիտասարդ տարիքիդ, հասուն մարդու կենսափիլիսոփայություն կա, քանի՞ տարեկանից ես սկսել նկարել:
– Ութ տարեկանից… բայց 16 տարեկանում հասկացա, որ գույների աշխարհը իմ կյանքն է: Առաջին անգամ պրոֆեսոր Հրայր Գրիգորյանը իմ մեջ բացեց գեղանկարչության աշխարհը, բացեց դռներ ու գույներ բացեց, որոնք մինչ այդ չէի տեսնում ու չէի հասկանում: Իսկ, առհասարակ, ես կարծում եմ, որ նկարիչ չեն դառնում, այլ ծնվում են, որ ոչ ոք չի կարող սովորելով կամ ժամանակի ընթացքում նկարիչ դառնալ, եթե Աստված նրան չի տվել այդ շնորհը:
– Դու հաճախ ես նկարում կնոջը:
– Կնոջ միջոցով կարելի է զգալ ու արտահայտել ողջ աշխարհը, իրականությունը, ուր ապրում ենք, կինը սիրո, գեղեցկության, նրբագեղության եւ առհասարակ բոլոր լավ բաների հիմքն է: Իհարկե, նաեւ՝ չարիքի, բոլոր լավ ու վատ երեւույթների մեջ կնոջ մատը խառն է: Նրան ես տեսնում եմ նաեւ բնության, ծաղիկների ու թռչունների հետ:
– Իսկ ո՞ւր մնաց սերը՝ տղամարդը:
– Ես կնոջն ավելի շատ առանց տղամարդու եմ պատկերացնում, միայնակ: Բայց տեսնում եւ նկարում եմ կնոջը նաեւ մայրանալիս, մայրացած:
– Քո նկարների վրա դու մակագրում ես Սեդա Կողբեցի: Ինչո՞ւ Կողբեցի:
– Կողբեցի եղել է պապս՝ Սահակ Կողբեցին, ով 1915թ. եղեռնի ժամանակ Արեւմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Կողբ գյուղից փրկել եւ Արեւելյան Հայաստան է բերել գյուղի երեխաներին եւ այստեղ հիմնել փոքր Կողբ գյուղը: Նա շատ ճանաչված ու հարգված մարդ է եղել, ես հպարտանում եմ նրանով: Եվ, ի հիշատակ պապիս, ուզում եմ պահպանել կողբեցիների անունը, որի համար էլ մակագրում եմ Կողբեցի, հպարտությամբ ուզում եմ ընդգծել իմ արմատները: Ասեմ նաեւ, որ երազում եմ լինել պապերիս ծննդավայրում՝ Կողբում:
– Մեծ նկարիչներից ումի՞ց ես ներշնչվել երբեւէ:
– Ասեմ, որ սկզբում Սարյան չէի սիրում: Բայց երբ սկսեցի հասկանալ գույների լեզուն, Սարյանին էլ սկսեցի հասկանալ, սիրել, զգալ:
– Դու նկարում ես մատներով, ինչո՞ւ, վրձինը թո՞ւյլ է:
– Առաջ չէի պատկերացնում, որ կարելի է մատներով նկարել: Բայց եկավ մի պահ, որ վրձինով նկարելիս, կարծես, այն չէր բավարարում, չէի հասցնում ու կարողանում կտավին տալ այն հոգին, որը վառվում էր իմ ներսում: Սկսեցի մատներով աշխատել, մատներով ուզում էի շփվել կտավի հետ, մատներով զգում եմ ուժը, նրա ծավալը, նրա ամեն ինչը, կնոջն էլ եմ մատներով նկարել: Մի օր որոշեցի երաժշտություն նկարել, նկարել երաժշտության խաղը եւ… նկարեցի ծաղիկներ: Հետո տեսա, որ ծաղիկները դարձել են երաժշտություն:
– Ի՞նչ երաժշտություն էր դա:
– Կարծում եմ՝ Մոցարտ…