Արտաշ Ասատրյանն էլ համերգ ունի
Մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Արտաշ Ասատրյանի մենահամերգը: Այս առթիվ երեկ համալիրի կոնֆերանսների սրահում կազմակերպիչները մամուլի ասուլիս էին հրավիրել: Չնայած 13 լրատվամիջոց նախօրոք համաձայնություն էր տվել մասնակցության համար, սակայն ասուլիսին, որը սկսվեց 45 րոպե ուշացումով, ներկա էր միայն մեկ հեռուստաընկերություն եւ «Առավոտը»: Մինչ լրագրողների ներկայանալը, ստիպված էինք «ասմունք» լսել. «Եկեք այսօր, դարձեք մեր սիրելի Արտաշին սեղանակից…», հետո էլ ասմունքող Լիանա Զուրաբյանը հիշեց Ջիվանուն. «Հայը հային կվնասե, օտարք երբեք մեղավոր չեն, հայերու սերը կպակասե, իրար սիրելու սովոր չեն… օտարին կգովաբանեն, իրար միշտ դավաճանեն: Այսօր լրատվամիջոցները օտարին լուսաբանելու են գնացել»: Ավելի ուշ նա բարկացած ասաց. «Էս «Արմենիան» ո՞ւր ա, «գալուբոկների» թեմա լինի, կգան կնկարեն»: Ասուլիս էին տալիս Արտաշ Ասատրյանը, համերգի գեղարվեստական մասի ղեկավար Գրիշա Սանդալյանը, դուդուկահար Վարդան Գրիգորյանը, երաժիշտ, երգահան Լեւոն Աբրահամյանը: «Հրատապ նյութ կա՞ր, «Deep Purple»-ն է՞ր հրատապ, մեղք ա էս ժողովուրդը, սենց էլ էս ազգը կործանվելու ա-գնա: «Deep Purple»-ին վաղուց իրա երկրում են մոռացել, գնացել: «Deep Purple»-ն էդ ի՞նչ եղավ, որ մի հատ էլ…»,- այսպես սկսեց ասուլիսը Գ. Սանդալյանը: Հետո էլ, թե. «Ո՞նց ենք խոսալու երեխեք, ասե՛ք, ձեւը չգիտենք»:
Արտաշ Ասատրյանը 3 տարուց ավելի է՝ բնակվում է Հայաստանում, ասում է՝ Ամերիկայում բնակվելը իր համար ժամանակավոր բնույթ է կրել. «Մեր մնացած բոլոր հայրենակիցների համար ես պետք է օրինակ լինեմ»:
«Ինձ համար շատ սպասված մենահամերգ ա, բարձր տրամադրություն ա լինելու ու ծափառատ»,- ասաց Արտաշ Ասատրյանը: Նա տեղեկացրեց, որ համերգի տոմսերն արդեն սպառվել են: Սպասվում են անակնկալներ, որոնց մասին երգիչը նախընտրեց չխոսել. «Ովքեր ջանք չեն խնայել լինել սրահում, իրենք պետք է առաջինը տեսնեն»,- ասաց նա: Գ. Սանդալյանն էլ հայտնեց, որ համերգի գեղարվեստական մասը պատրաստ է. «Ծրագիրը բաղկացած է 25-26 երգից: Երգերը ընտրված են լավագույն էջերից, նաեւ լինելու են նոր երգեր, հրավառություն, պարային շոու-ծրագիր»: