Աշխարհահռչակ «Deep Purple»-ը Երեւանում է
Դեռեւս դեկտեմբեր ամսից ռոքի հայ սիրահարները նախապատրաստվում էին լեգենդար բրիտանական ռոք խմբի՝ «Deep Purple»-ի այցելությանը Հայաստան: Այսօր կայանալու է նրանց երկար սպասված համերգը՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Վաղ առավոտյան Երեւան ժամանած ռոք խմբի անդամները համերգի նախօրեին հանդիպեցին լրագրողների հետ:
Հանդիպմանը ներկա երկրպագուները խմբի անդամներին դիմավորեցին հոտնկայս եւ ծափողջույններով: Թեհրանից հատուկ ժամանած երկրպագուների խումբը Իրանի դրոշները պարզած, անդադար գոչում էր՝ «I love you Deep Purple», «I love you Gilan…»:
Ասուլիսին մասնակցեցին Իէն Գիլանը (վոկալ), Ռոջեր Գլովերը (բաս-կիթառ), Սթիվ Մորսը (կիթառ), Դոն Էյրին (ստեղնային գործիքներ) եւ Իէն Փեյսը (հարվածային գործիքներ):
Խմբի հիմնադիր Իէն Գիլանը նշեց, որ հաճելի է կրկին ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առջեւ: Ըստ բասկիթառահար Ռոջեր Գլովերի, իրենք ռոք սկսել են նվագել այն ժամանակվանից, երբ Բրիտանիայում դժվար սոցիալական ժամանակներ էր՝ «այդ ժամանակ երիտասարդ էինք, ունեինք հատուկ վայրեր, որտեղ հնարավորություն էր լինում հավաքվել եւ նվագել»:
Հարցին՝ ե՞րբ կարելի է սպասել «Deep Purple»-ի նոր ձայնասկավառակին, Իէն Գիլանը կես կատակ-կես լուրջ նշեց. «Անսպասելիին սպասել չարժե»:
«Առավոտի» թղթակցի հարցին՝ հետեւո՞ւմ է Գյումրիի երաժշտական քոլեջի վերակառուցման աշխատանքներին, Գիլանը պատասխանեց. «Դա հրաշալի նախաձեռնություն է, որին ես հետեւում եմ: Գոհ եմ կատարվող աշխատանքներից…»:
Նա նաեւ նշեց, որ երբ 20 տարի առաջ խումբը եկավ Հայաստան, կրկին նույն տեղում նվագեց. «Դա նույն մարզահամերգային համալիրն էր, եթե չեմ սխալվում»: Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ռոք խմբի ներդրումը համաշխարհային ռոքի մեջ, ռոք աստղերը տարակուսեցին: «Մեզ դժվար է այդ մասին խոսել, դա մեր հանդիսատեսը պետք է ասի»,- ընդգծեց Ի. Գիլանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Հայաստանում ունեցած համերգի մասին էլ Գիլանը ասաց. «Շատ տեղերում եմ նվագախմբերի հետ համերգներ տվել, բայց հայկականին, ձեր Ֆիլհարմոնիկին ոչինչ չի հասնի»: Երաժիշտները հավաստիացրին, որ համերգին հայ հանդիսատեսը ականատես կլինի «պայթյունի»:
Թեհրանից հատուկ ժամանած երկրպագու Օդել Թիենին հանդիպումից հուզված ասաց. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է, ես նրանց սիրում եմ….»:
Մասնագիտությամբ ինժեներ վրաստանցի Սերգեյ Ակոբովը նշեց. «Իմ մայրն ինձ համար օրորոցային չի երգել, ես մեծացել եմ «Deep Purple»-ի երգերի տակ: Վրաստանից հատուկ եկել եմ Հայաստան՝ մասնակցելու նրանց համերգին: Նրանց հետ հանդիպումն ինձ համար ուղղակի շոկ է, երկրորդ շնչառություն»:
Մասնագիտությամբ խոհարար մեկ այլ վրացի երկրպագու Էդուարդը անկեղծացավ, որ երաժշտության հետ իրեն կապում է միայն «Deep Purple»-ը. «Այդ խումբն ինձ համար ամեն ինչ է: 9 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի նրանց երգերը: Աղջիկս տասը տարեկան է եւ խնդրել է իր համար ստորագրություն վերցնեմ: Թբիլիսիից հատուկ եկել եմ համերգին մասնակցելու համար»:
Ապագա ծրագրավորող՝ 19-ամյա Կարենը մեզ հետ զրույցում շեշտեց. «Հաճելի առիթ էր հանդիպել մեծ երաժիշտների հետ: Ես ինձ համարում եմ յուրահատուկ, որովհետեւ բոլորը խոսում են լեգենդար խմբի մասին, բայց շատ քչերն են տեսել նրանց այսքան մոտիկից, ինչպես ես»: