Առաջին անգամ փաստաթղթային հաստատում են ստացել այն պնդումները, թե Իսրայելը միջուկային սպառազինությունների է տիրապետում: «Newsru»-ի մատուցմամբ, այդ մասին փոխանցել է բրիտանական «The Guardian» թերթը, որը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր առ այն, որ Իսրայելը դեռ 35 տարի առաջ ՀարավԱֆրիկյան Հանրապետությանն առաջարկել է Իսրայելից գնել միջուկային մարտագլխիկներ: Թերթի տվյալներով, գերգաղտնի այդ փաստաթղթերում վկայություններ կան 1975թ.-ին երկու երկրների բարձրագույն պետական պաշտոնյաների միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին: Թերթը հրապարակել է այդ հանդիպմանն առնչվող լուսանկարներ եւ հիշյալ փաստաթղթերից կատարված մեջբերումներ: Փաստաթղթերը, ի դեպ, ըստ պարբերականի, ստորագրել են այն ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Շիմոն Պերեսն ու ՀԱՀ պաշտպանության նախարար Պիտեր Վիլլեմ Բոտան:
Երկուշաբթի օրը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի աշխատակազմը հերքել է բրիտանական թերթում հրապարակված տեղեկությունը՝ պնդելով, թե «The Guardian»-ը հրապարակել է «միանգամայն ոչ ճիշտ տվյալներ»: Ընդսմին, բրիտանական պարբերականի տեղեկություններով, Իսրայելի իշխանությունները փորձել են կանխել ամերիկացի մի հետազոտողի հարցմանն ի պատասխան՝ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության կառավարության կողմից գաղտնի փաստաթղթերի տրամադրումը, բայց դա նրանց չի հաջողվել: