Ավստրալիայի արտգործնախարար Սթիվեն Սմիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում երկրից վտարվելու է իսրայելցի մի դիվանագետ, որը կասկածվում է այս տարվա հունվարին Դուբայի հյուրանոցներից մեկում ՀԱՄԱՍ շարժման համակարգող Մահմուդ ալ-Մաբհուհի (նկարում) սպանությունն իրականացրած Իսրայելի հատուկ ծառայությունների չորս աշխատակիցների համար ավստրալիական անձնագրեր կեղծելու մեջ: Ինչպես փոխանցում է «Newsru-Israel»-ը, վտարման ենթակա դիվանագետի անունն ու զբաղեցրած պաշտոնը չեն նշվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն մեղադրանքով իսրայելցի մի դիվանագետ վտարվել է Մեծ Բրիտանիայից:
Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ շեշտված է, որ ավստրալիական իշխանությունների կողմից անցկացված հետաքննությունը եկել է միանշանակ այն եզրակացության, որ իսրայելական հետախուզությունը առնչություններ ունի ալ-Մաբհուհի լիկվիդատորների համար կեղծ փաստաթղթերի պատրաստմանը: ԱԳՆ ղեկավարը Իսրայելի գործողությունները որակել է որպես՝ Ավստրալիայի համար «վիրավորական» եւ «անընդունելի»: