Իրանում մահապատժի է ենթարկվել սունիների «Ջունդալլահ» («Ալլահի մարտիկներ») ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբդուլմալիկ Ռիգի եղբայրը՝ Աբդուլհամիդ Ռիգին: Մահապատիժը՝ կախաղանի միջոցով, իրականացվել է Զահեդանա քաղաքի բանտում, երկուշաբթի առավոտյան՝ անցյալ տարի քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվածների հարազատների ներկայությամբ: Աբդուլհամիդ Ռիգին, որը մեղադրվում էր նաեւ այս պայթյունին առնչություն ունենալու մեջ, Իրանին էր հանձնվել անցյալ տարվա ամռանը, Պակիստանի կողմից: Նրան մահապատժի ենթարկելու դատավճիռը, ըստ «Reuters»-ի, կայացվել էր դեռ անցյալ տարվա հուլիսին, բայց դատավճիռն իրականացնելու արարողությունը երկու անգամ հետաձգվել էր, որովհետեւ Իրանի համապատասխան կառույցները հույս ունեին Ռիգիից որքան հնարավոր է շատ տեղեկություններ կորզել: Սունի գրոհայինը մեղադրվում էր ահաբեկչություններ, զինված կողոպուտներ, մարդկանց առեւանգումներ, Իրանի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումներ կազմակերպելու մեջ: Իրանի դատարանը նրան համարել էր «Բարձրյալի թշնամի», ինչը անխուսափելիորեն դատապարտվում է մահապատժի: Իրանի ԶԼՄ-ների փոխանցմամբ, Աբդուլհամիդ Ռիգիի ցուցմունքներով հաստատվել է իրանցի ահաբեկիչների կապը ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Այսպես, անցյալ տարի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ռիգին պատմել էր, որ 2005-ին իր եղբայրը՝ Աբդուլմալիկը պարբերաբար հանդիպել է Պակիստանի Իսլամաբադ եւ Կարաչի քաղաքներում ԱՄՆ գործակալների հետ: Աբդուլհամիդը նաեւ հայտարարել էր, թե ամերիկյան եւ իսրայելական գործակալներն իրեն բազմիցս են առաջարկել գումարի դիմաց սպանել Թեհրանում իրենց համար «անհարմար մի քանի անձանց»: Իրանի իշխանությունները բազմիցս են պնդել, որ «Ջունդալլահ» խմբավորման ահաբեկիչները սերտորեն կապված են «Ալ-Քաիդայի» հետ ու ֆինանսավորվում են Պակիստանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից:
Ի հավելումն հիշեցնենք, որ ահաբեկչական այս խմբավորման առաջնորդ Աբդուլմալիկ Ռիգին եւս գտնվում է իրանական բանտում եւ սպասում է իր վերաբերյալ կայացվելիք դատավճռին, որը, անկասկած, դարձյալ մահապատժի տեսքով է լինելու: