Այսօր առավոտյան գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի արվեստի երկրպագուները կայցելեն նրա շիրմին, իսկ ավելի ուշ Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա նրա ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Խ. Դաշտենցի ստեղծագործություններից հատվածներ կներկայացնեն գրողի անունը կրող թիվ 114 դպրոցի աշակերտները: Գրադարանում կբացվի Խ. Դաշտենցին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գրողի հեղինակած եւ նրան նվիրված գրքեր, կարծիքներ նրա մասին, անդրադարձներ ժամանակի մամուլում:
Հիշեցնենք, որ Խ. Դաշտենցը ծնվել է Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշեն գավառում: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրքը» լույս է տեսել 1932-ին: Այնուհետեւ հրատարակվել են «Գարնանային երգեր», «Բոց» ժողովածուները եւ «Տիգրան Մեծ» չափածո ողբերգությունը: Խ.Դաշտենցին ճանաչում են բերել հատկապես «Խոդեդան» եւ «Ռանչպարների կանչը» գրքերը: Դաշտենցը բազմաթիվ բանասիրական աշխատությունների, թարգմանությունների հեղինակ է: Եղել է ԳԴՀ-ի Վայմար քաղաքի Շեքսպիրագիտության ընկերության անդամ:
Նույն օրը նաեւ տեղի կունենա «Հայկական ժողովրդական եւ հայ գրողների հեքիաթները աշխարհի ժողովուրդների լեզուներով» գրքերի շնորհանդեսը: 13 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, հունարեն, թուրքերեն, քրդերեն, չինարեն, ճապոներեն, հնդկերեն գրքերի թարգմանիչները ԵՊՀ եւ Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի դասախոսներ են, դեսպանատների աշխատակիցներ: Տպագրության են պատրաստ նաեւ գրքի պարսկերեն, պորտուգալերեն, արաբերեն, կորեերեն տարբերակները, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չեն հրատարակվել: Հրատարակված գրքերին կից կա նաեւ էլեկտրոնային խտասալիկ, որտեղ հնչում է Բարսեղ Կանաչյանի «Օրոր» երգը՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ: