Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանն ու «Ալիքը»

Մայիս 25,2010 00:00

Թեհրանի «Ալիք» օրաթերթը մայիսի 23-ի համարում՝ «Էժանագին հայրենասիրութեան խաղ կամ կեղծ սոցիալիզմ» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի պաշտոնական այցին՝ Իրան: Այնտեղ նախարարը հանդիպել է թեհրանահայ համայնքի հետ: «Թերեւս այս հանդիպման մանրամասներն առաւելագոյնս այլ կերպ լուսաբանւէին, եթէ Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ երկար ու մանւածապատ բացատրութիւնների ընդմիջից պարոն նախարարը որպէս պետութեան ներկայացուցիչ այր՝ իրեն թոյլ չտար հարցին ընդդիմացող հէնց հայաստանեան լուրջ մտաւորականների եւ քաղաքագէտների, ինչպէս նաեւ աւանդական կուսակցութիւն համարւող Դաշնակցութեան ներկայացուցիչների հարցին ընդդիմանալու դրսեւորումներն անւանէր էժանագին հայրենասիրութեան խաղ կամ կեղծ սոցիալիզմ… Պարոն նախարար, չմոռանանք շեշտել, որ հէնց հարցի պատասխանի սկզբում Դուք, երեւի Ձեզ նախապէս ապահովագրելու համար, շեշտեցիք, որ մամուլը, միտումնաւոր կամ հիմա ոչ-միտումնաւոր, աղաւաղել է Ձեր ներկայացրած առաջարկների փաթեթը: Չէ՞ք կարծում, որ մի փոքր շատ են Ձեր ազգապահպանման հիմքերը խարխլող նախագծին ընդդիմացողները, որն անցնում է ե՛ւ մամուլի աղաւաղումների սահմանագիծը, ե՛ւ «էժանագին հայրենասէրների» ձեւակերպումները եւ կեղծ սոցիալիզմ խաղացողների «բանակը»: Իսկ ի՞նչ կասէք այս դէպքում, երբ բուռն ընդդիմախօսը, ո՛չ աւել, ո՛չ պակաս, Յասմիկ Նաւասարդեանն է՝ Հանրապետական կուսակցութեան հիմնադիր (որի անդամ էք նաեւ դուք) լուսահոգի Աշոտ Նաւասարդեանի այրին, որը մայիսի 22-ին «Անկախ» լրատւական կայէջքում տպագրւած յօդւածում շեշտում է. «Աշոտը չէր հանդուրժի օտարալեզու դպրոցները» եւ ցաւով աւելացնում. «Աշոտ, կը պատկերացնէի՞ր, որ ամբողջ կեանքդ կը նւիրես Հայաստանի անկախութեանը, 13 տարի բանտերում կանցկացնես՝ յանուն անկախութեան ու քո մահից 13 տարի անց քո ստեղծած կուսակցութիւնը օտարալեզու դպրոցներ կը բացի ու քո վաստակը ջուրը կը գցի»,- գրում է «Ալիք» օրաթերթը:
Թերթը նախարարին կոչ է անում սթափվել, խնդրում, որ «որպէս իրաւատէրը ազգապահպանման կռւանի, զգոյշ լինէլ արտայայտութիւններում», «քանզի դրանք հիասթափեցնող են, որովհետեւ այնքանով է հարուստ այն մարդկանց կենսափորձը, որոնց դուք անւանում էք էժանագին հայրենասիրութիւն խաղացողներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել