Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈԽ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ, ՄԻ ՔԻՉ ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ

Մայիս 25,2010 00:00

Անցած հանգստյան օրերին Երեւանում եւ մարզերում նշվեց «վերջին զանգը»

\"\"

\"\" \"\"

Շամպայնը չխմեցին
Արմավիր քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցի «վերջին զանգի» սցենարը գրել էին 11«ա» եւ 11«բ» դասարանների դասղեկները, դպրոցի կազմակերպչական հարցերով զբաղվող Գ. Կնյազյանի օգնությամբ, իսկ հումորային մասի հեղինակը գրադարանավարուհի Ալվարդն էր: «Մեր դպրոցում «վերջին զանգի» արարողությունն առանձնանում է նրանով, որ բոլոր «տասերով» ենք բեմում լինում ու մեկ սցենար ենք ունենում: Ինձ թվում է՝ այդպես ավելի հետաքրքիր է, մրցակցություն չկա, թե ումը ավելի լավը կլինի, բոլորով միասին ենք»,-ասում է 11«բ»-ի աշակերտուհի Շուշանը:
Ըստ սցենարի, միջոցառումից 10-15 րոպե անց բեմ բարձրացավ դպրոցի տնօրեն Զեմֆիրա Մարտոյանը: Նա իր բուն ասելիքին անցնելուց առաջ՝ շնորհակալություն հայտնեց Արմավիրի մարզպետարանի ներկա գտնվող աշխատակիցներին՝ նրանց անուն առ անուն ներկայացնելով: Երախտապարտության վերջին խոսքն ուղղված էր ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանին, ով տոնի առթիվ դպրոցին տորթ, 2 շամպայն ու, տնօրենի ասած, «անհամար ծաղիկներ» էր նվիրել: Ինքը՝ միջոցառումը հետաքրքիր էր. կար եւ՛ հումոր, եւ՛ ավանդական «հոգով, սրտով, ներողությունով» համեմված բանաստեղծություններ, եւ՛ «Վերջին զանգ» թեմայով երգեր: Դահլիճի արձագանքը եւս դրական էր. «Շատ գեղեցիկ էր կազմակերպված, երեխեքն էլ լավ ներկայացրին, երեւում էր՝ բոլորով տանջվել էին, որ այսօր լավ ելույթ ունենային, հագուստներն էլ ճաշակով էր ընտրված ու ամենակարեւորը՝ 17 տարեկանի տեսք ունեին»,- ասաց շրջանավարտներից մեկի տատիկը:
Տարիների ավանդույթ դարձած կարգը չէր խախտվել. դահլիճի վերջում կանգնած իրենց «ուզած աղջկա» կամ «լավ ախպոր» ելույթին սպասող տղաները արձագանքում էին սուլոցներով, ականջ խլացնող ծափահարություններով ու առանձնապես մեծ չափերի ծաղկեփնջերով: Այդ առումով առատաձեռն էին նաեւ շրջանավարտների ծնող, խնամի, ծանոթ- բարեկամները: Գրեթե բոլորը իրենց հոգու պարտքն էին համարել ամենաթանկ ու ամենաճոխ փունջը գնել: «Վերջին զանգ» կյանքում մի անգամ է լինում, ոչինչ չպետք է խնայենք մեր երեխաների համար, ուզում ենք ամեն ինչ տեղը տեղին լինի, որ մեր երեխաները ոչ մեկից հետ չմնան»,- խոստովանեց 11«ա»-ի աշակերտուհիներից մեկի մայրը: Ծնողներից մեկը, սակայն, փորձել էր առանձնանալ եւ իր աղջկան ոչ թե ծաղիկ, այլ մեծ փափուկ խաղալիք էր բերել:
Երբ «վերջին զանգի» արարողությունն ավարտվեց, դրսում ուժեղ անձրեւ էր տեղում, ուստի շրջանավարտներից յուրաքանչյուրը փորձեց հնարավորինս շուտ տուն հասնել, օրվա մնացած մասը հարազատների հետ լինել, իսկ հետո հանգստանալ, չէ՞ որ հաջորդ օրը եկեղեցի են գնալու, իսկ դրանից հետո՝ քեֆի: Աշակերտներն այնքան խառնված էին, որ անգամ Ռուստամ Գասպարյանի ուղարկած տորթի ու 2 շիշ շամպայնի մասին մոռացան, տեսնես ո՞ւմ բաժին հասան դրանք:

Դասղեկին մոռացան դպրոցում
Թիվ 119 դպրոցում «վերջին զանգին» մասնակցում էր ավարտական 4 դասարան, որոնցից յուրաքանչյուրին միջոցառման համար հատկացված էր քսան րոպե: Միջոցառումը արդեն տասը րոպե է, ինչ սկսվել էր, բայց դահլիճում ներկա գտնվողների աղմուկն այնքան բարձր էր, որ անսարք միկրոֆոնից հազիվ լսելի էր դառնում աշակերտների խոսքը: Դահլիճում հավաքված երիտասարդների ձայները կտրվում էին միայն այն ժամանակ, երբ ասմունքում կամ երգում էին դպրոցական «հեղինակությունների» ընկերուհիները, կամ էլ երբ հնչում էին «32 ատամ» ոճով հումորները. «Մեր դպրոցը էնքան լավն ա, որ կաս- չկաս՝ ներկա ես: Մեր դպրոցը էնքան լավն ա, որ ուսուցիչը դասը էնքան ա բացատրում, որ ի վերջո ինքն էլ ա հասկանում: Մեր դպրոցը էնքան լավն ա, որ դպրոցի սաղ լավ տղերքը չոլկա ունեն»:
Եվ ահա սահմանված քսան րոպեն մոտեցավ իր ավարտին, եւ դպրոցի «չոլկայով» տղաներն ու աղջիկները շտապեցին նստել իրենց «մերսեդեսներն ու ջիփերը», իսկ մեկ-երկուսն էլ, ովքեր դա չարեցին, ստացան դասարանի «լավ տղաների» նկատողությունը. «Արա, էսօրվա օրով չկարողացա՞ր մեկից ավտո ճարեիր, կարող ա քո պատճառով 10«ա»-ից հետ մնանք»: Եվ ահա արդեն Էջմիածնում են եւ միայն հասնելուն պես գլխի ընկան, որ դասղեկին մոռացել են դպրոցում: Բնականաբար, դպրոցի ճամփան իսկապես շատ երկար ու դժվար էր՝ վերադառնալու համար:
Երեկոյան արդեն ժամը 6:00-ին, այս նույն դասարանը հավաքվեց Հրազդանի ձորի ռեստորանում: Աղջիկները՝ 2-3, որոշները նույնիսկ 4 անգամ զգեստափոխվեցին, տղաներն էլ հետ չմնացին եւ աղջիկների հետ ակտիվորեն իրենց կոշիկների եւ կոստյումների գներն ու ֆիրմաները քննարկեցին: Տղաները, որքան որ զարմանալի էր, ալկոհոլ շատ քիչ օգտագործեցին եւ վեճի չբռնվեցին, փոխարենը վիճեցին աղջիկների ծնողները՝ եւ ոչ թե միմյանց միջեւ, այլ օպերատորի հետ, ով փորձում էր մի քանի ժամից հեռանալ: «Երեխես դեռ մի շոր էլ ունի հագնելու, էսքան փող եմ տվել նկարելու համար, դիսկի մեջ երեխես պիտի սիրուն, տարբեր շորերով չերեւա՞, ինչ ա»,- ասաց ծնողներից ամենաակտիվը: Իսկ դասղեկը, ում արդեն ռեստորան հրավիրել չէին մոռացել, իրեն սառն էր պահում՝ ասելով. «Ես նրանցից կպրծնեմ, իրանք ինձանից»:

«Ո՞ւմ ենք ուզում զարմացնել»
Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի շրջանավարտների «վերջին զանգի» արարողությունը պետք է սկսվեր հենց դպրոցի բակում, բայց հորդառատ անձրեւը թույլ չտվեց: Շրջանավարտներին դպրոցի աշակերտները, ուսուցիչները եւ ծնողներն ուղեկցեցին ֆիզկուլտուրայի դահլիճ: Այստեղ էլ մի փոքր միջոցառումից, նաեւ տնօրենի ողջույնի եւ հրաժեշտի խոսքից հետո 11«ա» եւ «բ» դասարանների աշակերտները ներկայացրին իրենց այս դպրոցում վերջին միջոցառումը: Դպրոցի տնօրեն Աշոտ Մատինյանը նշեց, որ շրջանավարտների դասղեկները ցանկացել էին իրարից առանձին միջոցառումներ կազմակերպել, եւ ինքն էլ ընդառաջել է ուսուցիչների խնդրանքին: «Շրջանավարտները պետք է հագնեին դպրոցական համազգեստներ, արգելված էր որեւէ զարդ կրելը: Կարծում եմ՝ դա ճիշտ է»,- ասում է պարոն Մատինյանը:
Դասղեկներ Սուսաննա Գրիգորյանը եւ Երազիկ Եգանյանը իրենք են պատրաստել միջոցառման սցենարական պլանը: Միջոցառումների սրահների ձեւավորումն էլ արվել է իրենց ջանքերով: «Էլ ի՞նչ ուսուցիչ, որ չկարողանա քառասուն րոպեանոց միջոցառում կազմակերպել: Մեր դպրոցի ուսուցիչներն իրենք են կազմակերպում իրենց միջոցառումները՝ աշխատելով տարբերվել բոլորից»,- ասում է դպրոցի տնօրենը: Այստեղ արգելվեց Արարատի մարզի բոլոր շրջանավարտների պես «վերջին զանգի» օրը ուխտավայր դարձած Խոր Վիրապ գնալը: «Ես խոստացել եմ նրանց այնտեղ տանել «վերջին զանգից» հետո»,- ասում է Աշոտ Մատինյանը: Դպրոցի տնօրինությունը սահմանել է «վերջին զանգի» արարողության արժեքը՝ յուրաքանչյուր աշակերտից «գանձելով» 3000 դրամ:
Բոլոր շրջանավարտները, որպես կանոն, երազում են «փակել տալ» որեւէ օբյեկտ: Աղջիկների երազանքն է՝ այստեղ գալ շքեղ երեկոյան զգեստներով, մի քանի անգամ զգեստափոխվել, տղաներին՝ այդ օրը «ճռռցնել» հայրիկների մեքենաները, իրենց փակած օբյեկտներում մի լավ խմել եւ այլն: Արարատի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրենը դպրոցն է առաջարկել իր շրջանավարտներին՝ որպես օբյեկտ, պատվիրել է խմել միայն զովացուցիչ ըմպելիքներ, երաժշտությունն էլ ապահովել է դպրոցին պատկանող երաժշտական կենտրոնը: «Ամեն ինչը հենց մեր՝ ուսուցիչների վերահսկողության տակ է: Արգելել եմ որեւէ շրջանավարտի կասկածելի անչափահասների մեքենաները նստել: Վերջիվերջո, նրանց ցանկությունն ուրախանալը չէ՞: Դրա համար էլ բոլոր միջոցները կան: Թե չէ ո՞ւմ ենք ուզում զարմացնել»,- ասում է տնօրենը:

Տորթը «հաղթեց» 101 վարդին
Թեեւ Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցում «վերջին զանգի» տոնական միջոցառումները նախատեսված էին ժամը 13-ին, սակայն 12-ից սկսած՝ դպրոցի մուտքի մոտ արդեն կարելի էր տեսնել մարդկանց բազմություն: Բոլորը փորձում էին գոնե կես քայլով ավելի մոտ գտնվել դպրոցի մուտքին, որպեսզի երբ ներս մտնելը հնարավոր լիներ, դահլիճում արագորեն իրենց եւ իրենց հսկայական ծաղիկների համար կարողանային տեղ զբաղեցնել: Ծնողներից եւ հարազատներից բացի, դպրոցի մուտքի մոտ կարելի էր տեսնել բազմաթիվ տղաների, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, այս դպրոցի աղջիկների երկրպագուներն էին եւ յուրաքանչյուրի ձեռքին կարելի էր տեսնել հսկայական ծաղկեփունջ: Իսկ դահլիճ մտնելուց առաջ լսեցի այդ երկրպագուներից մեկի զրույցը ընկերոջ հետ, որն իր հերթին փորձում էր համոզել նրան, որ 101 հատ վարդը յուրաքանչյուր աղջկա սիրտ էլ կգերի, իսկ այնուհետեւ մոտ 5 րոպե վիճում էին, թե ինչպես կարելի է ծաղիկները նվիրել: Սիրահարված տղան այնքան շփոթված էր, որ խնդրում էր ընկերոջը միջոցառման վերջում ծաղիկներ նվիրելու գործողությունը կատարել իր փոխարեն. «Կար ջան, ծաղիկները դու կտաս, եթե ես տամ՝ կարող ա չվերցնի, դե հա, դու էլ տաս, մեկ ա՝ կհասկանա, որ իմ կողմից ա, բայց այդ դեպքում ինձ թվում ա, կվերցնի»: Հավանաբար, երկրպագուների հոսքով էր պայմանավորված այս դպրոցի շրջանավարտ աղջիկների վառ դիմահարդարումը, որը, ինչպես հետնաբեմում պարզեցի, արվել էր քաղաքի հայտնի գեղեցկության սրահներից մեկում: Բեմում դիմահարդարմամբ «փայլելու» համար յուրաքանչյուր աղջիկ ծնողների գրպանից վճարել էր 15000 դրամ եւ բոլորն էլ գոհ էին, դժգոհ էր մնացել միայն մեկ աղջիկ, ում դիմահարդարումը իր վառ լինելու աստիճանով զիջում էր մյուսներին, իսկ նման «նուրբ» դիմահարդարման պատճառն էլ այն էր, որ հայրը ավելին չէր թողնի: Հագուստ կարելու համար վճարվել էր 30 000 դրամ, ինչպես նաեւ 80 000 դրամ, «վերջին զանգի» օրը եւ դրանից հետո խնջույք կազմակերպելու համար: Իսկ իմ այն հարցին, թե նման գները իրենց բոլո՞ր շրջանավարտների համար են մատչելի, բոլորը միաձայն պատասխանեցին. «Քանի որ մեր դպրոցը գտնվում է Մաշտոցի պողոտայում, աշակերտներն էլ բոլորը կենտրոնից են եւ, բնականաբար, վճարունակ, ով էլ մի փոքր կարող է նման գներից «խեղճանալ», ցույց չի տալիս»:
Երբ բոլոր խոսքերը ասված էին, երգերը երգված, միաժամանակ բեմ բարձրացան ավարտական 2 դասարաններն էլ, եւ սկսվեց ծաղիկներ նվիրելու արարողությունը, ամեն ինչ ընթանում էր կանխատեսվածի պես հարթ, 101 հատ վարդ նվիրող տղան էլ երջանիկ էր, որ իր ծաղիկները լավագույնն էին, սակայն բացվեցին դռները եւ դահլիճում հայտնվեց հսկայական գրքի տեսք ունեցող տորթով երիտասարդը, տորթը դրեց բեմի կենտրոնում, ինչը իսկապես ուրախացրեց բոլոր շրջանավարտներին եւ հատկապես այն աղջկան, ում սիրտը գերելու համար էր այն գնված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել