Մայիսի 22-ին Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղում հանդիսավորությամբ բացվեց վերակառուցված ոռոգման ջրագիծը: Ջրատարը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝ Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի նվիրատվությամբ: Ջրատարի գործարկումով ոռոգելի կդառնան Դիտավանի եւ հարեւան գյուղերի հողատարածքներ, ինչը ուրախալի է: Սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառմանը Տավուշի մարզետարանը հերթական անգամ «մոռացել» էր հրավիրել մարզում աշխատող հանրապետական թերթերի թղթակիցներին: Չենք ուզում մտածել, թե նման վարվելակերպով մարզի ղեկավարությունը «վրեժխնդիր է լինում» իր հասցեին քննադատական հրապարակումների հեղինակ լրագրողներից: Նման պահվածքը առավել եւս անհարիր է Տավուշի մարզպետարանին, որը, ըստ 2009-ի արդյունքների, լավագույնն է ինչպես տարատեսակ ծրագրեր իրականացնելու, այնպես էլ՝ թափանցիկության եւ բաց աշխատելու հարթությունում: