Մայիսի 21-ին Ջուջեւան գյուղում հանդիսավորությամբ բացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրով վերանորոգված գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը: Այս նպատակով ծախսվել է 7 միլիոն դրամ:
Ջուջեւանի դպրոցի շենքը կառուցվել է 2002-2003 թվականներին: Տեխնիկական թերությունների պատճառով անցած 8 տարում մարզադահլիճի փայտե հատակը փտել էր, առաջացել էին բազմաթիվ ճեղքեր, հատակը դարձել էր վտանգավոր:
Մարզադահլիճի նորոգումը իրականացրել է Նոյեմբերյանի «Գեղամի» ՍՊԸ-ն, շինարարական աշխատանքները 112 օրում կատարել է Ջուջեւան համայնքի 8 բնակիչ: 2009-ի նոյեմբերից մեկնարկած աշխատանքներն արվել են որակով, փայտե հատակը փոխվել է նորով, տեղակայվել է օդափոխության նոր համակարգ, վերանորոգվել են մարզադահլիճի հանդերձարանները: «Շեն» կազմակերպությունը տրամադրել է խողովակներ, ցեմենտ, եւ դպրոցի համար 800 մ հեռավորությունից ջրագիծ է անցկացվել ու հիմա կրթօջախն ապահովված է խմելու ջրով, դպրոցամերձ այգին կոռոգվի, սանհանգույցներն էլ այլեւս ջրի խնդիր չունեն: Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի աջակցությամբ «ԲԵԱՖԵ» կազմակերպությունը 550 հազար դրամ է տրամադրել, որով նորոգված մարզադահլիճը հագեցվել է մարզական գույքով: