Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԼԻՆԻ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԵՄ»

Մայիս 25,2010 00:00

\"\"Երկու զինվորի մայր Սոֆիկ Հովսեփյանը հայտնվել է փողոցում մնալու վտանգի առաջ

Սոֆիկ Հովսեփյանն ապրում է Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում: Երկու տղա ունի, երկուսն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում: Տղաներից մեկը չորս ամիս առաջ է զորակոչվել, իսկ մյուսը աշնանը կզորացրվի: Կգա, բայց տունն այլեւս չի լինի. մոր հետ կհայտնվի փողոցում:
Մինչ բանակ մեկնելը, տղաներն անգործ չեն թափառել. ծանր աշխատանքով մի քիչ գումար են ետ գցել ու մոր՝ տիկին Սոֆիկի հետ քարը քարին դրել՝ տուն են կառուցել: Տունը՝ պայմանական ասած: Սրա մասին՝ քիչ ուշ: Ծանր ճակատագիր են ունեցել, ընտանիքի հորից բաժանվելուց հետո, տան՝ իրենց հասանելիք մասի դիմաց տրված գումարը տուն գնելուն չի բավականացրել, ու սկսել են վարձով ապրել: Բայց կյանքի դաժան հարվածներից մարդկանց դեմ չեն չարացել: Ընդհակառակը՝ վստահել են մարդկանց, որոնց պատճառով էլ կարող են դառնալ թափառական:
Ամեն ինչ սկսվեց յոթ-ութ տարի առաջ, երբ Ջրարբի գյուղի բնակիչ Նշան Գրիգորյանի ընտանիքը, որ երկար ժամանակով լքելու էր Հայաստանը, Սոֆիկ Հովսեփյանին առաջարկեց անչափահաս երեխաների հետ բնակություն հաստատել իրենց տանը: «Զվարթնոցի՝ բաքվեցիների թաղամասում վարձով տուն էի գտել: Մեքենան եկել էր, որ իրերը բարձեինք-տանեինք: Նշանի կինը ասաց՝ վարձ տալու փոխարեն լավ կանեք ապրեք մեր տանը: Ասաց՝ տունը «ռեմոնտ» արեք ու ապրեք ինչքան ուզում եք»,- պատմում է Սոֆիկ Հովսեփյանը:
Էջմիածնի եկեղեցիներին հարող տարածքներում կախազարդեր ու սրբապատկերներ վաճառելով՝ տիկին Սոֆիկը գումար է հավաքել եւ մեծ դժվարությամբ վերանորոգել «մեծահոգաբար» իրենց տրամադրած տունը: Սակայն կարճ ժամանակ անց Գրիգորյանները Ռուսաստանից վերադարձել եւ Սոֆիկին ու նրա տղաներին դուրս են հրավիրել տնից: Բայց, որպեսզի իրենց արարքը բարոյական առումով խոցելի չդիտվի, այն էլ փոքրիկ մի գյուղում, «բարեգութ» ընտանիքը տիկնոջն այլ «կացարան» է առաջարկել. բակի վերջնամասում հավաբուն հիշեցնող մի խուց են տվել եւ ասել՝ ձեզ համար տուն շինեք, ապրեք. ձեզ չենք անհանգստացնի:
Պայմանները, սակայն, մեղմ ասած, շատ հեռու են մարդու համար պիտանի նվազագույնից: Տուն կոչված խուցը ոչ կարգին դուռ ունի, ոչ պատուհան: Հողե հատակը ջրի մեջ էր: Ցույց տալով անկյունում դրված ջրամղիչ պոմպը, տիկին Սոֆիկն ասաց, որ ամեն օր դրանով է ջուրը դուրս հանում տնից: Իսկ պատերի վրա խոնավությունից սնկեր էին բուսնել. «Արդեն երկու տարի է՝ այս պայմաններում ենք ապրում: Ոչինչ, դժգոհ չեմ: Ուղղակի չեմ հասկանում՝ հիմա, երբ իրենց ցուցումով եւ իրենց ցանկությամբ փորձում ենք պայմանները բարելավել, ասում են՝ դուրս եկեք»:
Տիկին Սոֆիկն իր տղաների հետ ներդրում է արել նաեւ Գրիգորյանների երկրորդ շինության վրա. քար, ցեմենտ ու ավազ է գնել՝ իրենց նոր «բնակարանին» կից շինարարություն սկսել: Պատերը կանգնեցնելուց հետո, երբ գումարն արդեն վերջացել է, իսկ տղաներին էլ ճանապարհել է բանակ, Գրիգորյանները նորից «թարսվել» են. այս անգամ տիկնոջը ոչ թե առաջարկել, այլ «տունը» անհապաղ ազատելու պահանջ են ներկայացրել: Ասել են՝ ազատեք, որ այդ բնում խոզ ենք պահելու:
Գործին խառնվել է անգամ ոստիկանության տեղամասային տեսուչը. «տունն» ազատելու համար Սոֆիկին ութ օր ժամանակ է տվել: «Ոստիկանի վերջին այցի ժամանակ տղաս այստեղ էր. մի քանի օրով արձակուրդ էր եկել: Խեղճ երեխես ոնց էր տանջվում, որ մոր վրա միլիցա էին բերել: Ծանրացած խղճով գնաց. երկու օր առաջ զանգել՝ ասում էր. չեմ կարողանում ծառայել, ուշք ու միտքս դու ես: Ի՞նչ ես անելու, ո՞ւր ես գնալու… Ես ինքս չգիտեմ, թե ինչ եմ անելու: Եթե այլ տարբերակ չունենամ՝ ինքնասպանություն կգործեմ»,- ասաց անզորությունից արտասվող կինը, վիրավորված, որ համագյուղացին անխնա շահագործել է իրեն ու իր տղաներին եւ թողել անտուն:
Չքննարկելով հարցի իրավական կողմը, ըստ որի՝ տանտեր Նշան Գրիգորյանը բոլոր հիմքերն ունի իր սեփական տարածքը իրեն վերադարձնելու, փորձեցինք վերջինիս հետ զրուցը տեղափոխել բարոյական հարթություն: «Ես ձեր հարցերին չեմ պատասխանի»,- կարճ կապեց Նշան Գրիգորյանը:
Ջրարբիի գյուղապետ Ղազար Ղազարյանի փոխանցմամբ էլ՝ թեեւ համայնքում հանրակացարաններ կան, բայց ազատ սենյակներ չկան, որ տրամադրի Սոֆիկի ընտանիքին: «Եթե հնարավորություն լիներ, հավատացեք՝ առաջնահերթ նրանց կտրամադրեի, չնայած Սոֆիկից ավելի վատ վիճակում ապրողներ էլ ունենք»,- ասաց համայնքի ղեկավարը, նկատի ունենալով նրանց, ովքեր չնայած տուն ունեն, բայց «սոված են քնում»: Գյուղապետի տեղակալը տիկին Սոֆիկին իր հողն է առաջարկել եւ ասել՝ «դոմիկ» գտեք, վրան դրեք, յոլա գնացեք, բայց երկու տարուց պետք է ազատեք: «Դոմի՞կ որտեղից գտնեմ, կամ որ գտա՝ երկու տարի հետո՞ ինչ անեմ: Լավ, էս երկրում մեզ համար մի անկյուն չկա՞…»,- ասաց տիկին Սոֆիկը:
Տղաներին միայնակ մեծացրած մոր մտահոգությունը երեխաներն են. ցավ է ապրում՝ պատկերացնելով, թե հայրենիքին պարտքը տալուց եւ տուն վերադառնալուց հետո ինչպես են նրանք մնալու անտուն-անտեր-անօթեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել