Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանյան կրքեր

Մայիս 25,2010 00:00

Քաղաքապետի եւ ավագանու ջրերը մի առվով չեն հոսում

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի արդեն նախկին 8 ավագանիները, որոնց համայնքի ղեկավար Վարուժան Ներսիսյանը, անհարգելի բացակայությունների հիմնավորմամբ, զրկել է ավագանու անդամի լիազորություններից, դիմել են ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին, ՀՀ նախագահին, տարածքային կառավարման նախարարություն, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն՝ խնդրելով «աջակցություն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցում»: «Առավոտը» դեռ անցյալ շաբաթ ավագանիներից փորձեց հստակեցնել, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը:
Իջեւանի ավագանու նախկին անդամ Վարդան Ղալումյանն իր դժգոհությունը հայտնեց. «Մենք քաղաքապետին հոկտեմբերի 6-ին հայտնել ենք անվստահություն, բայց մամուլից իմացանք, որ մեր դիմումը մերժվել է, քանի որ անվստահության հիմքեր չունենք: Բայց մենք հիմքեր ունեինք: Քաղաքապետը տեսնելով, որ մենք մեծամասնություն ենք, քանի որ 13-ից 8-ը անվստահություն է հայտնել, սկսեց հերթով ազատել մեզ: Ամեն նիստի ժամանակ մեկին հեռացնում էր:
Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ նա քաղաքը ղեկավարում է միանձնյա եւ ամեն սխալում մեղադրում մեզ: Ավագանու նիստերի արձանագրությունը չի տրամադրում մեզ, իր գործունեությունն ամբողջությամբ փակ է: Մեզ ավագանու ոչ մի նիստի արձանագրություն չի տրամադրել, գրավոր դիմել ենք՝ չի տրամադրել: Դիմեցինք դատարան՝ պահանջելով 2006-ից մինչ օրս կայացած ավագանու նիստերի արձանագրությունների վավերացված պատճենները: Դատարանը վճռեց, որ տրամադրի 1-ամսյա ժամկետում: Դատավորը տվել է կատարողական թերթիկ, որ ԴԱՀԿ-ի աշխատողները բռնագրավեն եւ տան: Բայց մինչ օրս ոչինչ չկա: Սեփականության գույքագրման մատյաններն ենք պահանջում՝ չի տալիս: Մինչդեռ հրապարակավ ասում է, թե՝ տրամադրում ենք, ո՞վ չի տրամադրել»: Ավագանիները վստահեցնում են նաեւ, թե Ներսիսյանը դատարանին ներկայացրել է Իջեւանի բնակչության թվի սխալ ինֆորմացիա՝ 15.6 հազար մարդ՝ 20.5 հազարի փոխարեն:
Նախկին ավագանիները վստահեցնում են, թե քաղաքապետը իրենց լիազորություններից զրկել է անհիմն: Ըստ Վահե Ղալումյանի. «Դատարանում մեզ ազատելը հիմնավորում է, թե մենք նիստերին բացակա ենք եղել, քանի որ դրանց արձանագրությունների տակ չենք ստորագրել: Մինչդեռ ինքը մեզ չի ներկայացրել այդ արձանագրությունները, քանի որ դրանցում տեղ են գտել շատ ու շատ հարցեր, որոնք մենք չենք քննարկել: Ես 4 տարվա ավագանի եմ եւ ոչ մի նիստից չեմ բացակայել, մինչդեռ ինձ ազատել է բացակայությունների հիմնավորմամբ: Այսօր առաջացել է ավագանուն ցրելու խնդիր, կառավարությունը սպասում է դատական պրոցեսի ավարտին, որ նոր ընտրություններ նշանակի: Այսօր մեր խնդիրը կապված է դատական համակարգի հետ, վարչական դատարանը մեր հայցը մերժել, է մենք դիմել ենք վճռաբեկ»:
Ավագանու նախկին անդամ Մհեր Մելիքսեթյանի դժգոհությունը հիմնականում կապված է իրենց թաղամասի 5 բարձրահարկ շենքերի չաշխատող վերելակների հետ. «Այն թաղամասում, որտեղ ես եմ բնակվում, 5 բարձրահարկ շենք կա, որոնց վերելակները արդեն 20 տարի է՝ չեն աշխատում: Չեմ կարծում, որ 10 տարվա մեջ չէր կարելի լուծել նման փոքր հարցը: Գերեզմանների ճանապարհը բարեկարգվեց իրեն անվստահություն հայտնելուց հետո: Ընդհանուր քաղաքի վիճակը գոհացուցիչ չէ: Քաղաքը աղբի մեջ կորած էր: 65 մլն հատկացված է աղբահանությանը, աղբը մնում էր տեղում, թե ուր է գնում այդ գումարը՝ չեմ կարող ասել»: Նախկին ավագանիներ Ղալումյանները կարծիք են հայտնում, թե «Հատուկ ծրագիր կա, որը, շատ գիտեմ, ով է հովանավորում, ասում է՝ էդ քաղաքը մի հատ կործանվի տենամ՝ ինչ կարաս անես: Ավագանու նիստի օրակարգում հարց է դրված, որ բազմաբնակարան շենքի տանիքը քամուց քշվել է, պետք է վերանորոգվի, ներկայացված է 1 մլն 200 հազար դրամի չափով գումար, որ պետք է հատկացնենք, ասում ենք՝ հիմնավորեք էդ գումարը, հիմնավորում չկա, մենք ավագանու մեր անդամներով նախաձեռնում ենք այս տանիքի շինարարությունը եւ դա անում ենք ընդամենը 300 հազար դրամով: Բա ո՞ւր մնաց մնացածը, ասում է՝ դե թղթաբանություն կա, բան կա»:
Վահե եւ Վարդան Ղալումյանները բողոքում են նաեւ, որ իրենք զրկված են տեղական «Իջեւան» հեռուստաընկերության եթերում բաց եւ հրապարակավ ելույթ ունենալու եւ ավագանու նիստերը եթեր տալու հնարավորությունից. «Ոչ մի անգամ առիթ չի եղել, որ մենք հրապարակավ առերես խոսենք առաջացած այս հարցերի շուրջ, ասում ենք՝ ստուդիան քոնն է, պարոն Ներսիսյան, ուղիղ եթեր կազմակերպենք եւ նստենք հարցազրույցի, քաղաքացիները հարցեր տան, մենք պատասխանենք: Նման բան հնարավոր չի»: Ավագանու նախկին անդամ Վարդան Ղալումյանը ԲՀԿ անդամ է: «Առավոտը» հարց ուղղեց, թե պետական տարբեր կառույցների դիմած բողոքավորները դիմե՞լ են, արդյոք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ԲՀԿ-ական ավագանի Վարդան Ղալումյանը պատասխանեց, որ՝ ոչ:

Ավագանու մեղադրանքների հետ կապված քաղաքապետի պարզաբանումները կարդացեք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել