Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԱՆԿԱՊՂԾԻ ՀԱՄԱՐ՝ 1,5 ՏԱՐԻ, 21 ՕՐ ՕԴ ՇՆՉԱԾՆԵՐԻՍ՝ ՑՄԱ՞Հ»

Մայիս 25,2010 00:00

«Փախուստ բանտից-5»

Դատավոր Ա. Օհանյանը դատավճիռը կհրապարակի հունիսի 7-ին:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Արթուր Օհանյանը (լուսանկարում) երեկ ավարտեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից անցյալ տարվա նոյեմբերին փախուստի դիմած, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունն ու մտավ խորհրդակցական սենյակ: Հունիսի 7-ին կհրապարակվի դատավճիռը:

Պաշտպանական ճառ ասաց Մ. Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Վերջինս ուշադրություն հրավիրեց եվրոպական մի քանի պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա) վրա, որոնք ցմահների փախուստի դեպքում պատիժ չեն նախատեսում: Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալն ագրեսիվ կեցվածք չի ունեցել եւ դիմել է փախուստի, որպես յուրօրինակ բողոքի ձեւ:

Սողոմոն Քոչարյանն իր վերջին խոսքն ուղղեց մեղադրող Հարություն Հարությունյանին: Վերջինս նախորդ դատական նիստի ժամանակ ասել էր, որ Ս. Քոչարյանը 100 դոլարի համար բարեկամ երկրի՝ Իրանի քաղաքացուն զրկել է կյանքից: Ս. Քոչարյանն ասաց, որ մահացածը ադրբեջանցի է եղել, Հայաստան թմրանյութ ներկրող անձնավորություն: Նա ասաց, որ մարտնչել է Ղարաբաղում, սակայն որեւէ ադրբեջանցու տնից գումար, ոսկի կամ այլ իր չի հափշտակել, որովհետեւ դա չէր իր կոչումը:

Մհեր Ենոքյանի վերջին խոսքը շատ ավելի զգացմունքային էր, եւ նա դա բացատրեց լրատվամիջոցների ներկայությամբ: Նա պատահական չհամարեց իրենց փախուստը, մեջբերումներ արեց «Առավոտի» հրապարակումներից, մասնավորապես՝ ՔԿՀ աշխատակիցների դատավարությունը, որը կապված է իրենց փախուստի հետ:

Նա ուշադրություն հրավիրեց ՔԿՀ աշխատակիցների այն հայտարարության վրա, թե Հայաստանում արդարադատություն չկա: Ըստ Ենոքյանի, ՔԿՀ աշխատակիցներն ասացին արդարադատության մասին, երբ իրենց նման ազատազրկվեցին: Ցմահ ազատազրկվածը հիշեց, թե ինչեր են արել ՔԿՀ աշխատակիցները, թե ինչպես 10-ամյա մինուճար երեխային կորցրած ցմահ ազատազրկվածին թույլ չեն տվել մասնակցել իր երեխայի թաղմանը, այնպես, ինչպես ցմահների բաժնի պետին թույլ չէին տվել մասնակցել մոր հուղարկավորությանը:

Նա հիշեց, թե ինչպես ազատազրկեցին Կալինինոյից մի երիտասարդի, որը մեղադրվում էր երեխայի բռնաբարության համար: Սակայն բռնվեց «մի տականք, որն ասել էր, թե ինքն է բռնաբարել երեխային»: Եվ դատախազը ներողություն խնդրելով՝ նրան ազատեց, այնպես՝ ինչպես «Մատաղիսի» գործով երեք երիտասարդներին:

Ենոքյանն ասաց, որ 1996թ. Իոսիֆ Աղաջանովին սպանել է Արամ Հարությունյանը (պարանոցը կտրել է): Հղում արեց, որ կա դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Արամ Հարությունյանը, որը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման եւ հաշված օրեր հետո դուրս է գալու ազատազրկման վայրից, ըստ Մ. Ենոքյանի, ցուցմունք էր տվել, որ Մհերը փորձել է օգնել տուժողին:

Նա իր վերջին խոսքն ավելի շատ ուղղել էր դատախազին:

Անդրադառնալով նախորդ դատական նիստի ժամանակ դատախազի հնչեցրած ակնարկին (ինչը դարձյալ հրապարակվել էր «Առավոտում»), թե «Ենոքյանը թող հրապարակի իր ինքնաթլպատման մասին», դատապարտյալը պահանջում էր մի քանի անձանց, բժշկի, որպեսզի ապացուցեն, որ նման բան չկա, եւ որ մեղադրողն իրեն զրպարտել է «ստոր մեթոդներով»: «Նկարեք, տվեք դատախազին: Խոստանում եմ, եթե ասեն, որ ես թլպատված եմ, ներողություն կխնդրեմ ձեզանից յուրաքանչյուրից եւ կընդունեմ նաեւ, որ Իոսիֆին ես եմ սպանել: Ինչպես որ թլպատված չեմ, այնպես էլ մարդասպան չեմ»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31