ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը Վրաստանի սահմանի մոտ գտնվող Պտղավան գյուղում բացել է «Բարի գալուստ» տաղավար: Հանդիսավորությամբ բացված տաղավարում ցուցադրվեցին Պտղավանի բնակիչների եւ Նոյեմբերյանի հաշմանդամ երեխաների զարգացման կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներն ու հուշանվերները:
Շատերը կարծում են, թե գոյություն ունի Հայաստանի Մետաքսի ճանապարհի միայն մեկ ուղի: Իրականում, սակայն, ժամանակին Արեւելքն Արեւմուտքին է կապվել բազմաթիվ ճանապարհներով, որոնց մեծ մասն անցել է ցամաքով, իսկ մյուս մասը՝ ծովով: Մետաքսի ճանապարհի ուղղությունները փոփոխվել են ըստ տարվա եղանակների, իսկ ճանապարհներն անցել գետերի հովիտներով եւ լճերի ափերով: Հայաստանի Մետաքսի ճանապարհն իրենից ներկայացրել է ամբողջ երկրով անցնող բազմաթիվ ուղիների ցանց: Այս ուղին Իրանը կապում է Վրաստանի հետ:
Նախագծի նպատակն է Հայաստանի Մետաքսի ճանապարհին տեղադրել անհրաժեշտ հարմարություններով ապահովված հանգստի կանգառներ, որտեղ կներկայացվեն տեղացիների ձեռքի աշխատանքներն ու ապրանքները եւ կառաջարկվեն տարբեր ծառայություններ: Ծրագրում ընդգրկված համայնքները հանգստի կանգառներում կազմակերպվող տեղական ապրանքների վաճառքից կստանան կայուն եկամուտ եւ կհմտանան զբոսաշրջության միջազգային չափանիշներին համապատասխանող ապրանքներ արտադրելու, փաթեթավորելու եւ դրանք գովազդելու գործում: Այս ամենը նրանց կոգեշնչի ու կմղի Մետաքսի ճանապարհի ծրագրից դուրս եկամտի այլ աղբյուրներ որոնելուն, որոնք եւս կներկայացնեն տվյալ համայնքին բնորոշ տաղանդն ու հմտությունները եւ հնարավորինս կկանխեն Հայաստանի գյուղական համայնքներից ու սոցիալապես անապահով բնակավայրերից հմուտ աշխատուժի եւ տաղանդի արտագաղթը:
Սա «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» 2010թ. երկրորդ շնորհանդեսն է, որով սկիզբ է դրվում մշակույթի եւ զբոսաշրջության միջոցով գյուղական համայնքների զարգացումը խթանելու ծրագրին: Ընդամենը երկու տարվա ընթացքում Հայաստանի 49 հուշարձանների տարածքում տեղադրվել է շուրջ 320 վահանակ: Այս տարի նախատեսվում է 46 հուշարձանների տարածքում տեղադրել եւս 142-ը՝ այդ թվում Բրայլյան այբուբենով 20 վահանակ: Հիշեցնենք, որ անցյալ տարի բրայլյան վահանակ է տեղադրվել 14 հնավայրում: