Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատները հեռուստացույց չե՞ն նայի

Մայիս 25,2010 00:00

Էկոնոմիկայի նախարարությունը փորձել է այդ հարցին լուծում տալ

Մինչեւ 2013 թվականը Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության կապուղիները պետք է ամբողջությամբ թվայնացվեն: Դրանով հայկական հեռուստատեսության հեռարձակման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կլուծվեն, սակայն, ինչպես պարզվում է, դա խնդիրներ կառաջացնի հեռուստատեսություն դիտող լայն հասարկության համար: Հին, այսպես ասած, խորհրդային հեռուստացույց ունեցող քաղաքացիները ստիպված պետք է լինեն կամ փոխել իրենց հեռուստացույցները, կամ գնեն թվային կցորդներ, որոնց գինը մոտ 10 հազար դրամ է: Այս նորամուծությունը սոցիալապես անապահով ընտանիքների, որոնք 21-րդ դարում անգամ հեռակառավարվող հեռուստացույց չեն կարողանում գնել, մտահոգությունն է առաջացրել: Նրանց՝ պետությունից որպես աջակցություն ստացած մի քանի հազար դրամը նույնիսկ սնվելուն չի բավականացնում, էլ ուր մնաց չուտեն-չխմեն ու հեռուստացույցների համար կցորդ գնեն:
Հավանաբար, հենց այդ հաշվի առնելով էլ՝ էկոնոմիկայի նախարարությունը կառավարություն է ներկայացրել մի հայեցակարգ, ըստ որի՝ պետությունը պետք է աջակցի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքներին՝ թվային կցորդ ձեռք բերելու գործում, որպեսզի այդ ընտանիքները չզրկվեն հայկական հեռուստատեսություն դիտելուց: Այս մասին օրերս Ազգային ժողովում, ի պատասխան լրագրողների, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Նա ասել է նաեւ, որ աղքատ ընտանիքները չեն կարողանա ինքնուրույն ձեռք բերել տվյալ սարքը, ուստի իրենք ցանկանում են 150 հազար սոցիալապես անապահով ընտանիքներին այդ սարքերը պետության կողմից հատկացնել բոլորովին անվճար, իսկ այդ նպատակով պետբյուջեից կծախսվի շուրջ 1,5-2 միլիարդ դրամ գումար: Սա ամրագրված է նաեւ Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգում. «Սոցիալապես անապահով ընտանիքների վրա թվային հեռարձակմանն անցման ազդեցությունը մեղմելու նպատակով հայ ընտանիքների անապահովության գնահատման հանրապետական համակարգում հաշվառված շուրջ 150 հազար ընտանիքները կսուբսիդավորվեն թվային կցորդներ ձեռք բերելու նպատակով»: Այս մասին «Առավոտին» հայտնեց էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնի խորհրդատու-փորձագետ Արթուր Ասոյանը:
Նշենք, որ ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների, մեր երկրում գրանցված են 107 հազար աղքատության նպաստ ստացող քաղաքացիներ: Հարց է առաջանում՝ մնացած 43 հազար քաղաքացիներին էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ սկզբունքով է ընտրելու, որպեսզի սարքեր բաժանի, ու դեռ ինչքա՞ն աղքատ ընտանիքներ էլ ընդգրկված չեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աղքատների ցուցակներում: Կան նաեւ այնպիսի ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն ոչ մի սոցիալական ծրագրում, սակայն ի վիճակի էլ չեն թվային կցորդ կամ նոր հեռուստացույց գնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել