Մինչ հարեւան երկրները խուճապի մատնված փորձում են պայքարել պոլիոմիելիտի վարակման եւ մահվան դեպքերի դեմ՝ Հայաստանում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ այդ դաժան
հիվանդությունից մեր երեխաներին հեռու պահելու համար:
Այս օրերին Տաջիկստանում մեծ խուճապ է. ապրիլի վերջից սկսած՝ պոլիոմիելիտի ուժեղ բռնկում է, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 409 վարակված մարդ տարբեր աստիճանի ծանրության կաթվածահարություն է ստացել, 16 հոգի էլ մահացել է: Վարակն օր օրի ավելի է տարածվում, եւ դեպքերի թիվն անընդհատ մեծանում է: Սարսափելին այն է, որ հիվանդացածների շուրջ 90%-ը մինչեւ 5 տարեկան երեխաներ են:
Որպեսզի կանխեն անմեղ երեխաների կաթվածահարման դեպքերը՝ Տաջիկստանում սկսել են մինչեւ 6 տարեկան երեխաների շրջանում լրացուցիչ պատվաստումներ իրականացնել: Չնայած մայիսի 1-ի դրությամբ պատվաստվել է մոտ 1,1 միլիոն երեխա, սակայն միայն Տաջիկստանի երեխաներին պատվաստելով՝ հարցը չի լուծվի: Տաջիկստանի հարեւան երկրները՝ Ուզբեկստանը, Ղրղըզստանը եւ Ղազաստանը նույնպես մտածելու առիթ ունեն եւ այդ երկրներում էլ իրականացվում են լրացուցիչ պատվաստումներ՝ յուրաքանչյուր երեխայի տալով առնվազն երկու դեղաչափ պատվաստանյութ: Հաշվի առնելով, որ վերջին 1 ամսվա ընթացքում Տաջիկստանից Ռուսաստան է մեկնել 63 հազար մարդ, որոնցից 1374-ը՝ մինչեւ 15 տարեկան երեխաներ, լուրջ մտահոգություններ կան, որ վարակն արագ կներթափանցի Ռուսաստան: Արդեն ՌԴ-ում արձանագրվել է պոլիոմիելիտի առաջին դեպքը՝ Տաջիկստանից եկած 9 ամսական աղջնակի մոտ: Դիմային նյարդի կաթվածահարում ստացած այդ փոքրիկը ներկայումս Իրկուտսկի շրջանի ինֆեկցիոն հիվանդանոցում է: Պոլիոմիելիտի կասկածներով եւս մի փոքրիկ հոսպիտալացվել է Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոցում: Իհարկե, Ռուսաստանի օդանավակայաններում մեծ հսկողություն է իրականացվում, արգելվում է մինչեւ 6 տարեկան տաջիկ երեխաների մուտքը Ռուսաստան, ինչպես նաեւ չեն թույլատրում որոշ ապրանքատեսակների ներմուծումը Տաջիկստանից:
Եթե Ռուսաստանում էլ պոլիոմիելիտի բռնկում լինի՝ մեր երկիրը նույնպես մտահոգվելու առիթ կունենա, որովհետեւ՝ որքան էլ քիչ է հավանական Հայաստանում այդ սարսափելի վարակի տարածումը, հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր շփումը, մեր երկիրը դեպքերի ներթափանցումից պաշտպանված չէ:
2002-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական տարածաշրջանի մյուս երկրների հետ Հայաստանը հռչակել է պոլիոմիելիտից զերծ երկիր, եւ այս կարգավիճակը հաստատվում է ամեն տարի:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում պոլիոմիելիտի դեպքերի գրանցման վտանգ չկա: Սա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Առողջապահության նախարարի հրամանով Տաջիկստանից եւ պոլիոմիելիտի առումով անապահով 4 երկրներից՝ Հնդկաստանից, Պակիստանից, Աֆղանստանից եւ Նիգերիայից ժամանող քաղաքացիների նկատմամբ սահմանային անցակետերում սանիտարակարանտինային հսկողությունն ուժեղացվել է: Մեր մասնագետներն այդ երկրներից ժամանող մինչեւ 15 տարեկան երեխաների պատվաստումային կարգավիճակը ճշտում են: Ստուգվում է նաեւ հանրապետության մինչեւ 6 տարեկան երեխաների պոլիոմիելիտի դեմ պատվաստումային կարգավիճակը, առնվազն երեք դեղաչափ պատվաստում չունենալու դեպքում հրավիրվում են պատվաստումների:
Եթե նույնիսկ այնպես լինի, որ հարեւան երկրներից վարակը մտնի Հայաստան՝ մեր բնակիչներին վարակի տարածումը չի սպառնա, քանի որ մեր երկրում, բարեբախտաբար, խոցելի խումբը՝ երեխաները, պոլիոմիելիտի դեմ պատվաստված են: Բացի այդ, 2008-ին Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումներ են անցկացվել: Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներն ընդգրկված են Պատվաստումների ազգային օրացույցում եւ ռիսկային խմբի երեխաներից հրաժարվածներ չեն գրանցվել:
Նշենք, որ պոլիոմիելիտը վիրուսային վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ մարդը կարող է այնպիսի կաթվածահարություն ստանալ, որ խանգարվեն կյանքի համար կարեւորագույն ֆունկցիաները: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով կամ կեղտոտ ձեռքերի եւ սննդամթերքի միջոցով թափանցում է աղեստամոքսային համակարգ: Հիվանդացածների մոտ գերակշռում են 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները, սակայն կարող են վարակվել նաեւ մեծահասակները: Սկզբնական փուլում, որը տեւում է մի քանի օր, երեխան կարող է զգալ ջերմություն, շշմածություն, հարբուխ, ցավ կոկորդում, դժվարացած կլման ակտ, ցավ վերջույթներում, գլխացավ: Հետագայում կարող է լինել սրտխառնոց, փսխում, որովայնի շրջանում ցավ, փորլուծություն, մկանների թուլություն, որը կարող է ավարտվել կաթվածահարմամբ: Ծանր դեպքերի ժամանակ պոլիոմիելիտից առողջացման փուլը տեւում է մի քանի ամիս, անգամ տարի: Լրիվ առողջությունը վերականգնել ոչ միշտ է հաջողվում, մահվան ելքով են ավարտվում շնչառական օրգանների կաթվածահարման դեպքերը:
Նման զարհուրելի եւ դաժան դեպքերից խուսափելու համար առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, որ պատվաստումների միջոցով հիվանդությունը մեր երկրում կանխարգելվի: Իսկ դեպքերի հայտնաբերման համար գործում է համաճարակաբանական հսկողության համակարգը, որը թույլ է տալիս հայտնաբերել եւ կանխել պոլիոմիելիտի հետագա տարածումը: Մասնավորապես, երբ հայտնաբերվում են պոլիոմիելիտին բնորոշ ախտանշաններ՝ սուր թորշոմած կաթվածահարություններ, երեխաները պարտադիր հետազոտվում են պոլիոմիելիտի նկատմամբ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում սուր թորշոմած կաթվածահարության ախտորոշմամբ հետազոտվում է շուրջ մինչեւ 15 տարեկան 16 երեխա: Լաբորատոր հետազոտության արդյունքում պոլիոմիելիտի վիրուս չի հայտնաբերվել:
Թեեւ խուճապի մատնվելու պատճառ չկա, այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել երեխաների ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ ձեռքերը եւ առաջին նշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բուժօգնությանը: