Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԱՎԻ ՓՈԽԱՐԵՆ

Մայիս 25,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենը «Սեւանա լճում եւ նրա ավազանում կատարվող հիդրոօդերեւութաբանական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հիդրոլոգիական հատուկ նշանակության նավ ձեռք բերելու համար, հիմք ընդունելով ՌԴ «Բրիգանտինա» ՍՊ ընկերության տնօրենի 2005թ. հուլիսի 22-ի նամակի պատճենը՝ այն մասին, որ «ՌՄ-376» տեսակի նորակառույց նավն արժե 9-10,0 մլն ՌԴ ռուբլի, նշված գինն ընդգրկել է ՀՀ բնապահպանության նախարարության 2006թ. բյուջետային հայտում: Նավի մատակարարման համար ՀՀ պետական բյուջեով 2006 թվականին նախատեսվել եւ հետագայում «Կամար» ՓԲ ընկերությանը վճարվել է 153,0 մլն դրամ (ներառյալ փոխադրման համար նախատեսված 18,0 մլն դրամը): Պարզվել է, որ «Կամար» ՓԲԸ-ն ձեռք է բերել ոչ թե 9-10 մլն ռուբլի, այլ՝ 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք 3,2 մլն ՌԴ ռուբլի արժողության «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավ՝ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲ ընկերությունից: ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետը, նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, չնայած որ «Կամար» ՓԲԸ-ի ձեռք բերած «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, այսինքն՝ ցածր է եղել հայտում ու գնման պայմանագրում նշված տեխնիկական չափորոշիչներից, չի կատարել ծառայողական պարտականությունները եւ ՊՈԱԿ-ի տնօրենի ցուցումով, առանց առարկայական եւ փաստաթղթային ուսումնասիրության, հաստատել է վերջինիս ներկայացրած 2007թ. մարտի 16-ի թիվ 06/88-1-Ե եզրակացությունը, թե 153,0 մլն դրամ արժեքով «Կամար» ՓԲ ընկերության մատակարարած նավը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին: Արդյունքում՝ թիվ 1 հանձնման-ընդունման արձանագրությամբ նավն ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որպիսի գործողությունների հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել