«Դու իրավունք չունես ստեղ նկարես, հենց հիմա գնա, քանի համապատասխան մարմիններին տեղյակ չենք պահել, դու «դաժե» ստեղ մտնելու իրավունք չունես, ուր մնաց թե՝ նկարելու»,- այսպես երեկ հարձակվել են «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի վրա եւ Ազատության հրապարակից նրան դուրս արել, երբ վերջինս ցանկացել է լուսանկարել Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի նորոգված եւ թարմացված արձանները տեղադրելու գործընթացը: Երբ Գ. Շամշյանը ցույց է տվել վկայականը եւ փաստել, որ ինքը լրագրող է, իսկ լրագրողական գործունեությանը չի կարելի խոչընդոտել՝ արձան տեղադրողները խնդրել են «լավով» հեռանալ, քանի դեռ այլ ուժերի չեն խառնել:
Ինչպես հայտնի է, Ազատության հրապարակը 2008-ի հոկտեմբերից քաղաքացիների համար փակ է: Երեկ պաշտոնական բացման ժամանակ, երբ վերջապես Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կտրեց հրապարակի մուտքը փակող ժապավենները, նոր միայն թույլատրվեց շրջել տարածքում եւ ազատ լուսանկարներ անել: Բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բացի արձանները իրենց նախկին տեղերը վերադարձնելուց, ավարտվել է նաեւ 500 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկանգառի շինարարությունը, որը «Հայնախագիծ» ՓԲԸ հետ համատեղ իրականացրել է «Ռենկո Արմեստեյտ» ՍՊԸ-ն: Գ. Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաքաղաքային նշանակության փողոցները չծանրաբեռնելու նպատակով կառավարությանն են ներկայացրել «Կայանատեղիների մասին» օրենքի նախագիծ, որով մտադիր են բազմաբնակարան շենքերի նախագծումների ժամանակ հաշվի առնել, որ յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենա մեկ կայանատեղի. «Կայանատեղիների կառուցումը Երեւանում պետք է շարունակվի, որովհետեւ մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում երեկոյան ժամերին Թումանյան, Տերյան եւ Սայաթ-Նովայի փողոցներում: Ինձ թվում է, որ 60-70%-ով այս փողոցները կբեռնաթափվեն»: