Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԻՆ ԳԵՆՈՑԻԴ ԱՆՈՂԸ ՀԱՅՆ Է»

Մայիս 25,2010 00:00

Այսպիսի մտքեր հնչեցին Գյումրիում ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքի ժամանակ

\"\"

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների շարքը սկսվեց Գյումրիից, եւ այն պատճառով, որ ըստ ՀԱԿ–ի պատասխանատուների, սա ամենաազատամիտ քաղաքն է, միակ տեղն է, որի հեռուստատեսություններով գոնե կարելի է ընդդիմության հանրահավաքի մասին հայտարարություն տալ: «Փորձեք Երեւանի 17 հեռուստաընկերություններից որեւէ մեկում ՀԱԿ-ի միտինգի մասին լուր տալ՝ չես կարող: Պատահաան չէ, որ Գյումրին հանրապետությունում ամենալավ թվերը արձանագրեց գազի հայցերը դատարան տալու ուղղությամբ: Հիշենք, թե ոնց աջակցեցին «ԳԱԼԱ»-ին, պայքարեցին իրենց ազատ խոսքի իրավունքի համար, հիշենք տաքսիստների համարձակ դրսեւորումները, գյումրեցիները հարկային տեռորի դեմ եւս դուրս եկան, այդ առումով էլ միտինգը այստեղ է կայանում»,- մեկնաբանեց հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Հանրահավաքը Գյումրիի համար կարելի էր բազմամարդ համարել. հիմնականում եկել էին սոցիալական խնդիրների մեջ թաղված բնակիչները՝ ձեռքերին շիրակցի քաղբանտարկյալներ Հարություն Ուռուտյանի ու Մուշեղ Սաղաթելյանի լուսանկարները, ինչպես նաեւ «Սերժիկ, գազ տուր հեռացիր», «Վերջ տվեք տնտեսական տեռորին» եւ այլ ցուցապաստառներ:  Ի դեպ, հանրահավաքին մասնակցելու էին եկել նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատները: Հանրահավաքը սկսվեց քաղբանտարկյալների համար ազատություն պահանջելով, եւ այն բացելու պատիվը տրվեց նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանին: Հատ-հատ հիշելով բոլոր քաղբանտարկյալներին՝ Դավիթ Մաթեւոսյանն անցավ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմային՝ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ռեժիմի «տխրահռչակ ժառանգորդ Սերժ Սարգսյանի» միջեւ զարգացող լարվածությանը: «Վերջին շրջանում շատ է խոսվում Գագիկ Ծառուկյան գլխավոր հենարանով Քոչարյանի վարչապետ վերադառնալու ձգտումների մասին: Չմոլորվեք, նախ՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի խայտառակ ձախողումից հետո սա հասարակությանը մոլորեցնելու երկարաժամկետ գործընթաց նախաձեռնելու փորձ է, ինչպիսի ընթացք էլ այն ունենա, միեւնույն է՝ վերջնական նպատակը լինելու է ռեժիմի վերարտադրության ձգտումը, որովհետեւ ժողովրդի ու պետականության հանդեպ պատասխանատվության զգացումից զուրկ, մարդկային բնազդով առաջնորդվողները կարող են մրցակցել արոտի ու կերակրատաշտի նկատմամբ ազդեցիկ դիրք ունենալու համար»,- ասաց Դավիթ Մաթեւոսյանը՝ հիշելով նաեւ վերջերս ԲՀԿ-ական դարձած ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին: «Գյումրի» գարեջրի սեփականատեր, փորձառու Սամվել Բալասանյանը թռավ «Օրինաց երկրից», երբ վերջինս իբր ընդդիմություն դարձավ, (նկատենք, որ իրականում Ս. Բալասանյանը ՕԵԿ-ից դուրս եկավ, երբ ՕԵԿ-ը կրկին իշխանություն դարձավ-խմբ.) նա հիմա դարձել է ԲՀԿ-ական, բոլորիցս լավ գիտակցելով, որ Սերժիկ Սարգսյանի ցանկության դեպքում այդ կուսակցությունը կոչնչանա հաշված ժամերի ընթացքում: Երկու դեպքում էլ նա ստիպված է այդպես վարվել հանուն իր բիզնեսի փրկության՝ ռեժիմի պարագլուխների պարտադրանքով: Անկախ Գագիկ Ծառուկյանի ցանկությունից, նա եւս ինքնուրույն խաղացող չէ եւ իր հերթին գործում է ունեցվածքը կորցնելու վախով պայմանավորված»,- ասաց բանախոսը: Այնուհետեւ վերջինս անդրադարձավ «նախկին գլխավոր բանտապետին»՝ Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանին՝ հիշեցնելով, որ նա մարտի 1-ի «սպանդի» պատասխանատուներից է: Նորընծա մարզպետի թեման զարգացրեց նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Բոլոր մարզպետները, բոլոր հանգուցային պաշտոնները Շիրակում նշանակվել են դրսից, վերջին մարզպետի նշանակումը, պատկերացնում եք, մենթ-կլյուչնիկը՝ Շիրակի մարզպետ, ինչպիսի արհամարհանք ու ապտակ Շիրակի ժողովրդին: Մենք պետք է ոչ ասենք այս ամենին»,- կոչ արեց Պետրոս Մակեյանը: Վերջինս նաեւ այն միտքը արծարծեց, որ Գյումրիում 6000-7000 անօթեւան կա, եւ եթե «վարչախումբը» մարդկային որակ ունենար, ապա միայն «սափրագլուխների» բանակը կրճատելով, իրենց հաճույքները Աֆրիկաներում ու կազինոներում սահմանափակելով կարող էին աղետի գոտին վերականգնել: Արամ Մանուկյանը եւս քննադատեց Ռոբերտ Քոչարյանին իր հարստությունը Աֆրիկաներում որսագողության, առյուծների ու վագրերի սպանության վրա ծախսելու համար, եւ սա այն դեպքում, երբ, ըստ բանախոսի, օտարները, օրինակ՝ Յան Գիլանը Անգլիայից գալիս համերգ է տալիս Գյումրու երաժշտական դպրոցը վերանորոգելու համար: Նա բերեց մի քանի փաստեր Շիրակի մարզից: Ասաց, որ վերջին տասը տարվա ընթացքում ծնունդը Շիրակի մարզում 33%-ով պակասել է, 56%-ով պակասել է նաեւ աշակերտների թիվը, եթե 1997թ.–ին նրանց թիվը 58000 էր, ապա հիմա՝ 33000, 57%-ով պակասել է ուսուցիչների թիվը: Քաղաքական թեմաներից առավել գյումրեցիներին հետաքրքրեց Հրանտ Բագրատյանի տնտեսական վերլուծությունը, մասնավորապես գազի թանկացման մասին նրա պարզաբանումները: «Բացառված է, որ երկրի նախագահը լինի երկրի ամենահարուստ մարդը, ու էդ երկիրը երկիր լինի, անցած օրը ռուսական սայթերով ցույց են տալիս Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը՝ $5 միլիարդ, չորրորդ մարդը ԱՊՀ երկրներում իրա հարստությամբ: Եթե ինքը խոշոր գործատու ա, ինքը չի կարող ձեր մասին մտածել: Մենք դառնում ենք իրա գործավորը, եթե ինքը սկսի մեր մասին մտածել, իրա մասին չպիտի մտածի: Ամերիկան ունեցել է 44 պրեզիդենտ, ոչ մեկը մեծահարուստ չի եղել, էս համակարգում, որտեղ իշխանությունն ու սեփականությունը նույնն են, հնարավոր չէ զարգացում»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նա քննադատեց «Հայ-Ռուսգազարդին»՝ խաբեությամբ գազը թանկացնելու համար, ծաղրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տգիտությունը: Մի խոսքով, հանրահավաքի կազմակերպիչները եկան այն եզրակացության, որ «հայի գլխին գենոցիդ անողը ոչ թե թուրքն է, այլ հայը», եւ ըստ նրանց՝ «Սերժիկը կհեռանա, եթե դա շատով ու հիմնավոր պահանջենք»: Նկատենք, որ երկու ժամ տեւած հանրահավաքի ժամանակ թեեւ մի քանի անգամ հորդառատ անձրեւ տեղաց, սակայն միտինգավորները մինչեւ վերջ հաճույքով լսեցին բոլորի ելույթները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել