Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ մխիթարանք»

Մայիս 25,2010 00:00

Ղարաբաղում նույնպես բացասական են վերաբերվում ԵԽ 2216 բանաձեւին

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի հեղինակած թիվ 2216 բանաձեւի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն նաեւ ԼՂ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները: Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության ուղղությունները հստակեցնող բանաձեւում անդրադարձ կա նաեւ ԼՂՀ հակամարտությանը: Որոշ գնահատականներով՝ այն Հայաստանի եւ Ղարաբաղի համար նույնիսկ վտանգավոր դրույթներ է պարունակում: Մասնավորաբար, ԵԽ-ն կոչ է անում ակտիվացնել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված եւ միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը, պահանջում է՝ «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից՝ թույլ տալով ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները», եւ իբրեւ հակամարտության լուծում՝ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղին «շնորհել» որոշակի միջանկյալ կարգավիճակ՝ «մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»։ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս բանաձեւին՝ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն ասաց. «Եվրախորհրդարանի որոշումը միանշանակորեն կարելի է բացասական գնահատել, բայց միայն բացասական վերաբերմունքով հարց չի լուծվում, քանի որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն այն հզոր տերությունները չեն, որ կարող են արհամարհանքով վերաբերվել նման փաստաթղթերին։ Մեր բացասական արձագանքը թույլ մխիթարանք է, ինչպես թույլ մխիթարանք է ՀՀ արտգործնախարարի այն փաստարկը, որ «զեկույցի մեջ պարունակվող Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ոչ մադրիդյան սկզբունքներին, ոչ Ակվիլայի հայտարարությանը, ոչ Մոսկվայի հռչակագրին»։ Ավելի վատ մեզ համար, որ այդքանով հանդերձ՝ նման փաստաթուղթ է ծնվել»։ Պարոն Բաղդասարյանն առաջարկում է գոնե հիմա սթափ գնահատել իրավիճակը, ընդունել, որ դա մեր արտաքին քաղաքականության ձախողումն է, վերլուծել պատճառահետեւանքային կապերը եւ միջոցներ ձեռնարկել հաջորդ նմանատիպ փաստաթղթերի կանխման համար։
Ղարաբաղի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի գնահատմամբ էլ՝ «Եվրոպացիները չեն ազատագրել մեր տարածքները, որ հիմա էլ մեզ պարտադրեն ետ վերադարձնել»: Իսկ այն, որ բանաձեւն ընդունվեց հենց Արցախի խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ, ըստ ընկեր Մելքումյանի, զուտ հոգեբանական ազդեցություն ունի, որով «մեսիջ» են ուղարկում, թե իրենք չեն ճանաչում ոչ ԼՂՀ-ն, ոչ էլ այդ երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները: «Ադրբեջանի քարոզչական մեքենայի արդյունքն էր նաեւ այս բանաձեւը, բայց այն մեզ համար իրավական ուժ չունի, քանի որ ԼՂՀ-ն չեն ճանաչել իբրեւ անկախ պետություն, հետեւաբար միջազգային իրավական դաշտը մեզ վրա ազդեցություն ունենալ չի կարող»,- կարծում է առաջին քարտուղարը: «Առավոտի» դիտարկմանը, որ ԵԽ որոշումների իրագործման համար կարող են պատժիչ մեխանիզմներ գործի դրվել, ընկեր Մելքումյանը հեգնեց. «Է՜լ ինչ պատժիչ միջոցներ, եղածը բավական չէ՞: Ես գիտեմ, որ հանաք բան չի, բայց մյուս կողմից էլ՝ Եվրոպառլամենտի ընդունած որոշումների 90 տոկոսը չի կատարվում երկրների կողմից»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը հայտարարում է, որ Ղարաբաղի ոչ ժողովուրդը, ոչ էլ իշխանությունները չեն գնա միակողմանի եւ որեւէ կերպ չարդարացված զիջումների, իսկ եթե ԼՂ-ին եւ ՀՀ-ին նման զիջումներ պարտադրվեն՝ «հետեւանքները վտանգավոր կլինեն»: Արցախի ՀՅԴ առաջին դեմքի՝ Դավիթ Իշխանյանի գնահատմամբ էլ՝ պատահական չէ, որ բանաձեւն ընդունվեց Արցախի ԱԺ ընտրությունների շեմին: Նա էլ այդ բանաձեւի ընդունման գործում տեսնում է ադրբեջանական ձեռագիրը: Նա մխիթարանք է համարում այն, որ «փաստաթուղթը զուտ հայտարարություն է, չի կարող լուրջ իրավական հետեւանքներ ունենալ»: Այնուհանդերձ, գտնում է, որ անտեսելն էլ ճիշտ չէ, եւ լուրջ աշխատել է պետք. «Արցախում ժողովրդավարական ընտրությունները մեկ անգամ եւս փաստում են կամ հակադարձում նման հայտարարություններին, որ այստեղ կա ինքնիշխան պետություն, թեկուզեւ չճանաչված, եւ որ այդ ինքնիշխան պետությունն իր որդեգրած ժողովրդավար պետություն կառուցելու իր ուղուց շեղվելու, ետ քաշվելու միտում չունի»: Հնարավոր պարտադրանքների դեպքում էլ, մեր զրուցակիցը հղում անելով ԼՂՀ Սահմանադրությանը եւ Սահմանադրությամբ ամրագրված ԼՂՀ տարածքային ամբողջականությանը, հստակեցնում է, որ «զիջում» եւ «փոխզիջում» հասկացողությունները ԼՂ որեւէ օղակում չեն ընկալվում իբրեւ «տարածքային զիջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել