Գործող օրենքից փոփոխությունների նախագծով դուրս մնացած այս դրույթը վերականգնելու մասին խոստում հնչեց երեկ ՄԻՊ գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի երեկ կազմակերպած աշխատանքային քննարկմանը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագծում առկա վիճահարույց դրույթների վերաբերյալ, ոլորտի պատասխանատուներից եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն: Կարծում ենք, նրանց ներկայությունը հստակ ցուցիչ է, թե որքանով է կարեւորվում օրենքի այս նախագիծը, որը միայն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո արժանացավ փոքրիշատե հանրային քննարկման:
Մինչդեռ դեռեւս անցած տարի հեռարձակման թվային համակարգի վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումների ընթացքում Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը խոստանում էր, թե կազմակերպելու են տեղեկատվական ու քարոզչական արշավներ: Այժմ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խնդրանքին՝ հիմնավորել այն հապճեպությունը, որով գործադիր մարմինն ԱԺ-ում ցանկանում էր անցկացնել այս օրենքը՝ մի՞թե նման քննարկումներ պետք չէին կառավարությանը՝ պրն Երիցյանը պատասխանեց. «Չեմ ընդունում հապճեպության վերաբերյալ դրույթը: Եվ երկրորդը՝ մեր այս քննարկումներն ավելի կոնստրուկտիվ կլինեն, եթե մենք անցնենք այդ հռետորական ելույթներից»: ՄԻՊ Արմեն Հարությունյանն էլ առաջարկեց հիմնականում կենտրոնանալ նախագծի դրույթների վրա:
Այդպես էլ վարվեցինք եւ հետաքրքրվեցինք, թե ինչու են օրենքի նոր խմբագրության նախագծից հանել գործող օրենքի այն դրույթները, ըստ որոնց՝ ՀՌԱՀ-ը պարտավոր է հիմնավորել արտոնագրատիրոջն ընտրելու եւ արտոնագիր տալը մերժելու իր որոշումները: Հիշեցրինք, որ հենց առանց հիմնավորման որոշում կայացնելու պատճառով Հայաստանն արդեն մի անգամ պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ «Ա1+»-ի գործով: «Երեւի երկրորդ անգամ էլ են ուզում պարտվել»,- հեգնեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Ներսես Երիցյանը չէր հիշում, որ իրոք հանել են. «Այնտեղ կա դրույթ, որ պիտի հիմնավորեն»: Բայց երբ եւս մի անգամ պնդեցինք, որ հիմնավորման պահանջը հանել են՝ պարզաբանումներով հանդես եկավ արդեն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը՝ տեղի ունեցածը մասնավորապես բացատրելով այն հանգամանքով, որ նոր խմբագրության նախագծում միացվել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքները, եւ մի շարք հոդվածներ էապես փոփոխվել են: «Բայց կարելի է վերականգնել»,- համաձայնեց պրն Ամալյանը: Եվ Արմեն Հարությունյանի հարցին էլ, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ սա տեխնիկական բնույթի խնդիր է եղել, եւ այդ դրույթը վերականգնվելու է՝ պատասխանեց դրական. «Որեւէ խնդիր չկա»: Նշենք, որ օրենքի հեղինակները խոստանում են նույն կերպ վերականգնել նաեւ նախագծից դուրս մնացած այն դրույթները, թե ՀՌԱՀ-ը արտոնագրատիրոջ ընտրության վերաբերյալ որոշումը կայացնելիս պարտավոր է հաշվի առնել «դիմողի՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը» եւ «մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը»:
«Թվայնացման մասին հայեցակարգը լավ խնդիրներ ու նպատակներ է դնում, որոնք պետք է առաջ տարվեն, սակայն շատ քիչ բան է ասվում, թե դա ինչպես պիտի արվի: Քանի որ ռազմավարության մշակման գործընթացը սկսել է մի քանի տարի առաջ՝ ժամանակն է արդեն, որ ավելի շատ մանրամասներ հայտնի դառնան»,- նշված էր այդ հայեցակարգի վերաբերյալ ԵԱՀԿ փորձագետների վերլուծության մեջ: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հետաքրքրվեց, թե ինչու չեն ցանկանում ներկայացնել լրամշակված հայեցակարգ եւ առավել որոշակիացնել քննարկումը: Էկոնոմիկայի նախարարն ի պատասխան ասաց. «Դուք ուզում եք ավելի մանրամասն տեսնել ամեն ինչն օրենքում կամ հայեցակարգում, բայց խնդիրը հետեւյալն է՝ օրենքը ստեղծում է նվազագույն հնարավորությունը, որ սկսվի թվայնացման գործընթացը: Հայեցակարգում հիմնական մոտեցումները տրված են»: Ըստ նրա՝ հայեցակարգը չի վերանայվի, ուղղակի օրենքն ընդունելուց հետո կհրապարակվի արդեն պատրաստ տեխնիկական պլանն՝ իր բյուջեով:
«4-րդ նման քննարկմանն եմ մասնակցում ու ինչպես հասկացա՝ քննարկումներն անիմաստ են: Քանի որ մինչ այսօր մեզ համար պարզ չէ, թե Հայաստանի համար քանի հեռուստահաճախություն է ամրագրվել: Ցանկը երբեւիցե չի հրապարակվել,- նշեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:- Բոլոր հետագա քննարկումները՝ առանց այդ ցանկը հրապարակելու, դառնում են մաթեմատիկական մանիպուլյացիայի մի ձեւ: Ի՞նչն ենք քննարկում, եթե չգիտենք, թե քանի կապուղի ունենք»: Վերոհիշյալ լսումներում Ներսես Երիցյանը հայտնել էր, թե կառավարությունը հեռարձակման ողջ տիրույթի միջազգային աուդիտ է խնդրել, որ պարզ լինի, թե քանի կապուղի կա: Երեկ հետաքրքրվեցինք, թե անցկացվե՞լ է նման աուդիտ: Հիշեցնենք, որ լրագրողական կազմակերպություններն իրենց հայտարարության մեջ նշել էին, թե հաճախականությունների թափանցիկ եւ օբյեկտիվ աուդիտի արդյունքների հրապարակումից առաջ արտոնագրման ենթակա «հեռուստահեռարձակողների կոնկրետ թիվ սահմանող որեւէ դրույթ հիմնավորված չի կարող համարվել»: Ներսես Երիցյանը բացահայտեց, որ անցկացվել է նման աուդիտ. «Եվ իրավիճակը նա է, ինչ որ ունենք»: Իսկ Գրիգոր Ամալյանը հայտնեց, որ ըստ այդմ՝ Երեւանի համար կա թվայնացման ենթակա 11 կապուղի:
Քննարկման ընթացքում բազմաթիվ հարցադրումներ եղան՝ մարզերում միայն մեկ տեղական հեռուստաընկերություն թողնելու, գովազդի համար սահմանված ժամանակը մեծացնելու՝ 5 րոպեն 7 դարձնելու, հեռուստաընկերությունների սեփականատերերի՝ օֆշորային գոտում գրանցված լինելու եւ մենաշնորհայնացումը բացառելու, արբանյակային հեռարձակումը եւս միայն արտոնագրի հիմքի վրա իրականացնելու կապակցությամբ եւ այլն: Վերջինիս առնչությամբ Գրիգոր Ամալյանը նշեց. «Հեռարձակման համար հիմք կարող է լինել միայն արտոնագիրը»: Իսկ Մեսրոպ Մովսեսյանն առարկեց, որ օրենքում չկա՛ այդպիսի դրույթ:
ԵՄԱ նախագահը խոստացավ, որ բոլոր մտահոգող հիմնախնդիրների վերաբերյալ կազմելու են հարցաշար եւ գրավոր ներկայացնելու օրինագծի հեղինակներին: Ներսես Երիցյանն ասաց, թե հնչեցված բոլոր խնդիրներն ու հարցադրումները արձանագրվել են, ու հունիսի 3-ին էկոնոմիկայի նախարարությունում անցկացվելիք քննարկման ընթացքում կետ առ կետ կներկայացնեն, թե որ դիրքորոշումներն են ընդունել կամ չեն ընդունել: Դրանից հետո ԱԺ-ում 2-րդ ընթերցման կներկայացվի նախագիծը:
Հ. Գ. Քննարկման ընթացքում կոշտ երկխոսություն եղավ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ «Կայմ» ընկերության սեփականատեր Ավետիս Բերբերյանի միջեւ: Լեւոն Բարսեղյանը նշեց, թե Հանրային հեռուստաընկերության գովազդի փողերը գողացվում են: Իսկ Ավետիս Բերբերյանն ասաց. «Թատերական հրապարակի մի՛ վերածեք»՝ զգուշացնելով, թե այնպես չէ, որ ինչ-որ բան կասի եւ պատասխան չի տա իր հայտարարությունների համար: «Ես Թատերական հրապարակի տեղն էլ գիտեմ եւ պատրաստ եմ պատասխան տալ ասածիս համար»,- հայտարարեց «Ասպարեզ» ակումբի նախագահը: