Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՀԻՄԱ ԷԼ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Մայիս 25,2010 00:00

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւին՝ ասաց. «Պետք չէ այն ողբերգություն սարքել: Ընդամենը պետք է հետեւություններ անել»՝ հիշեցնելով, որ նման բանաձեւեր շատ են ընդունվել: Մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը չկարողացավ կանխել նման փաստաթղթի ի հայտ գալը՝ Հրայր Կարապետյանը դժգոհություն հայտնեց ԱԳՆ-ի եւ եվրոպական որոշ երկրներում Հայաստանի դեսպանների աշխատանքի վերաբերյալ: Ըստ նրա՝ ՀՀ դեսպանների հետ պետք է լուրջ պրոֆիլակտիկ աշխատանք իրականացնել, որ կա՛մ նրանք սկսեն աշխատել, կա՛մ կադրային բազան վերանայվի, եւ որոշ դեսպաններ ազատվեն աշխատանքից. «Անձերի խնդիր չէ: Դիվանագիտական կորպուսը եւ միջազգային մարմիններում մեր երկրի պատվիրակությունները լավ չեն աշխատում: Կան դեսպաններ, որոնք մտածում են միայն այդ երկրներում սեփական բիզնեսի մասին: Մոտեցումները պետք է փոխվեն, դեսպանները պետք է համագործակցեն տեղի լոբբիստական կազմակերպությունների հետ: Ես համոզված հայտարարում եմ, որ նրանց մի մասը ճիշտ չի հասկանում իր առջեւ դրված խնդիրները: Կան դեսպաններ, որոնք միայն մտածում են այդ երկրում իրենց բիզնեսի մասին։ Սա կազմակերպչական թուլության հետեւանք է, բայց արտաքին դիվանագիտության մեջ էլ կա մարտավարական սխալ: Ադրբեջանաթուրքական տանդեմն այսօր քաղաքական քարոզչական դաշտի վրա ամբողջ հզորությամբ աշխատում է։ Մե՞նք ինչ ենք անում։ Մենք ընդամենը պատասխանում ենք։ Ես չեմ ընդունում, որ մեր դիվանագիտությունը նախաձեռնող է։ Ո՛չ։ Մեր դիվանագիտությունը պաշտպանողական է»: Հրայր Կարապետյանը նաեւ հաստատեց, որ ԱԳ նախարարի հրաժարականի վերաբերյալ ՀՅԴ պահանջը մնում է ուժի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել