Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էկոնոմիկայի նախարար Արմեն Երիցյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հյուրեր, ինչպես նաեւ արդյունաբերական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտին առնչվող միջոցառման նպատակն էր վերլուծել եւ գնահատել առկա վիճակն ու մինչ օրս իրականացված աշխատանքները: Մինչ խորհրդակցության մեկնարկը ցուցադրվել են Հայաստանում մշակված եւ հայրենական արտադրության սպառազինության, ռազմական տեխնիկայի ու թվային նորագույն տեխնոլոգիաների ցուցանմուշներ:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ի թիվս այլոց, ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի ուժերով ստեղծվել են միջին կարգի ընդհանուր թվով 15 անօդաչու թռչող սարքեր՝ հինգ շարժական կառավարման կայաններով: Կառավարման յուրաքանչյուր կայանին կցված է անօդաչու թռչող երեք սարք: Տվյալ համակարգն ընդհանուր առումով համակցված է հրետանու կրակի ավտոմատ կառավարման համակարգին: Բացի դրանից, այն ունի տարբեր տեսակի հետախուզական առաջադրանքներ իրականացնելու հնարավորություն: Ներկայումս տարվում են համապատասխան աշխատանքներ անօդաչու թռչող սարքերն ավելի կատարելագործելու եւ դարձնելու կրակային միջոցներով հագեցած ու նպատակային թիրախավորումով կիրառելի: