Մայիսի 21-ին Սոֆիայում կայացած «Եվրամիության արեւելյան քաղաքականությունը – նոր հնարավորություններ, նոր պատասխանատվություններ» խորհրդաժողովում ԱԺ պատգամավոր եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքը:
Euronest PA-ն համարվում է Եվրախորհրդարանի եւ 6 գործակից երկրների խորհրդարանների միջեւ կամուրջ: Բայց այդ կամուրջն իսկապես վտանգված է: Ինտեգրացման գործընթացում կան մի քանի խոչընդոտներ, սակայն ես կնշեմ միայն վերջերս հայտնված մի խոչընդոտ, որը ամբողջովին խաթարում է արեւելյան գործընկերության քաղաքականության գործընթացը: Այդ խոչընդոտի անունը «Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին զեկույց» – արտաքին հարաբերությունների կոմիտե, զեկուցողը Եվգենի Կիրիլովն է, որն այստեղ ներկա է:
Զեկույցը հակասում է, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներին, Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ Մայնդորֆյան հռչակագրին եւ հատկապես վերջերս ընդունված փաստաթղթերին՝ «Պրագայի արեւելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հայտարարությանը» եւ Կաթրին Աշտոնի հայտարարությանը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ասոցիատիվ համաձայնագրեր կնքելու բանակցությունների վերաբերյալ:
Պրն Կիրիլովի զեկույցը սխալ միջամտություն է Մինսկի խմբի ջանքերին, քանի որ այն, հիմնված լինելով ղարաբաղյան հակամարտության միայն մի կողմի՝ Ադրբեջանի շահերի վրա, պարունակում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը խախտելու վտանգ:
Մեր գործընկերներից մեկն ասել է, թե եվրաինտեգրացման քաղաքականությունը հիմնականում փողի եւ օժանդակության հարց է: Նկատելի է, որ պրն Կիրիլովի կողմնակալ զեկույցի վրա մեծապես ազդել են այն շրջանակները, որոնց բոլորովին չեն հետաքրքրում տարածաշրջանի խաղաղության պահպանումը, հավասարակշռությունը եւ կայունությունը:
Մեզ համար, սակայն, Եվրոպայի հետ ինտեգրացիան միայն փողի հարց չէ: Դա նաեւ մեր հույսերի, հավատարմության եւ ձգտումների հարց է: Եվ երբ մենք տեսնում ենք անարդար, միակողմանի, չհավասարակշռված մոտեցում, ինչպես պրն Կիրիլովի զեկույցն է, հույսերը հօդս են ցնդում, իսկ ձգտումները՝ կորչում: