Դրանում ամրագրված դրույթներն, անկասկած, տեղ կգտնեն միջազգային այլ փաստաթղթերում եւս
Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի կողմից լիագումար նիստում ընդունված եւ բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի հեղինակած թիվ 2216 բանաձեւը, որը հստակեցնում է Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները, շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական ուժերի եւ փորձագետների քննարկման առարկա: Երեկ «Առավոտի» հետ զրույցում այդ բանաձեւին անդրադարձավ նաեւ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը:
– Իշխանությանը հարող ուժերի ներկայացուցիչները՝ ի դեմս խորհրդարանական երեք խմբակցությունների, հայտարարում են, թե ԵՄ բանաձեւը իրավական ուժ չունի կամ պարտադիր կատարման ենթակա չէ: Բայց արդյոք դա մեղմո՞ւմ է բանաձեւում առկա դրույթների վտանգավորությունը կամ որեւէ ազդեցություն չի՞ ունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
– Եթե մենք մտադիր ենք շարունակել մեր փոխհարաբերությունները Եվրոպական Միության հետ, ապա իրականում սա մեզ համար լուրջ փաստաթուղթ է: Այս փաստաթղթի ընդունման պատճառներից մեկն, ըստ իս, Հարավային Կովկասում ԵՄ-ի քաղաքականության ակտիվացման, տարածաշրջանի պետությունների հետ ԵՄ-ի հարաբերությունների որակական զարգացման ռազմավարությունն է, եւ արտացոլում է հենց այդ ռազմավարության սկզբունքները: Այստեղ կան մի քանի կետեր, որոնք, իսկապես, անհանգստացնող են: Օրինակ՝ բանաձեւի 38-րդ կետը, որով «Եվրոպական խորհրդարանը հաստատում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները կարեւոր դեր են խաղում Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում, եւ վկայում է այն մասին, որ «Արեւելյան գործընկերությունը» ուղղված չէ Ռուսաստանի մեկուսացմանը, այլ հակառակը՝ ուղղված է խաղաղության պահպանմանը, կայունությանն ու բոլոր շահագրգիռ կողմերի տնտեսության ամրապնդման զարգացմանը, որն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի եւ հարեւան երկրների համար»:
Մյուսը 40-րդ կետն է, որով «շեշտվում է տարածաշրջանում սառեցված հակամարտությունների տարածման վտանգավոր ներուժը, եւ այդ համատեքստում առաջարկվում է Հարավային Կովկասում ստեղծել անվտանգության եւ համագործակցության խորհուրդ՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին եւ համապատասխանաբար տարածաշրջանային եւ գլոբալ սուբյեկտներին՝ Հարավային Կովկասի համար կայունության պակտը զարգացնելու համար»: Ակնհայտ է, որ Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային կարեւոր դերակատարի ընդգրկումն այս նոր առաջարկվող մարմնում միանշանակ է եւ վտանգավոր Հայաստանի համար: Սա, փաստաթղթային ձեւաչափում, նոր եւ մտահոգիչ առաջարկ է:
– Այնուամենայնիվ, այս բանաձեւը գործնականում ազդեցություն կունենա՞ ԼՂ հիմնախնդրի կարգավորման տեմպերի, լուծումների պարտադրման իմաստով, եւ արդյոք սա ԵՄ կողմից այս ուղղությամբ գործադրվող ճնշո՞ւմ է:
– Որ դա ճնշման եւս մեկ տարբերակ է՝ միանշանակ է: Այս բանաձեւով շեշտվում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարությունը տարածաշրջանային խնդիրները լուծելու համատեքստում: Հիշեցնեմ, որ արդեն ուժի մեջ է Լիսաբոնի համաձայնագիրը, որի շրջանակներում ձեւավորվեցին որոշ նոր մարմիններ, մասնավորապես ստեղծվեց Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը, որի ուղղվածությունը նաեւ անվտանգության ապահովումն է, եւ որի շրջանակներում ԵՄ անդամ երկրները ԵՄ սահմաններից դուրս որոշակի խնդիրների լուծմանը ներգրավվելու հարցում իրավական ավելի մեծ լիազորություն ձեռք բերեցին: Մյուս կողմից, այս բովանդակությամբ բանաձեւի վտանգավորությունը կայանում է նրանում, որ եթե ԵՄ-ն որոշակի քաղաքականություն է որդեգրում, իսկ այս փաստաթուղթը արտացոլում է ԵՄ-ի արտաքին քաղաքականությունը, ապա դա նշանակում է, որ ԵՄ պետությունները նաեւ իրենց երկկողմ հարաբերություններում առաջնորդվում են ԵՄ քաղաքական ռազմավարությամբ, եւ դրանից շեղումները շատ քիչ հավանական են: Նաեւ, միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, որեւէ հարցի քննարկման ժամանակ ԵՄ անդամ երկրները սովորաբար հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ, որը հիմնվում է ԵՄ փաստաթղթերի եւ նրա կողմից որդեգրված եւ հայտարարված քաղաքականության ու ռազմավարության վրա: Եվ եթե, օրինակ, ԵՄ-ն պահանջում է ազատել «ադրբեջանական գրավյալ» տարածքները, իսկ դա այս բանաձեւում շատ հստակ է ձեւակերպված, դա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրները եւս առաջնորդվելու են այդ պահանջից բխող սկզբունքներով, ու նույն բանը ԵՄ-ն, որպես միասնական կառույց, պահանջելու է Հայաստանից նաեւ միջազգային այլ կառույցներում: Փաստաթուղթը հավասարակշռված չէ նաեւ նրանով, որ այնտեղ խոսվում է միայն ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի մասին:
Բանաձեւի 6-րդ կետը նույնպես հայկական կողմի համար վտանգավոր դրույթ է պարունակում, որովհետեւ այնտեղ շեշտված է՝ «ուժի զոռով հաստատված եւ միջազգային լեգիտիմություն չունեցող ստատուս-քվոն ընդմիշտ պահպանելու նախընտրությունն անկայունություն է ստեղծում», ինչն, ըստ էության, ուղղված է հայկական կողմի դեմ եւ միանշանակորեն մոռացության է մատնում ղարաբաղյան հիմնախնդրի առաջացման պատճառները եւ խեղաթյուրում է հակամարտության զարգացման ընթացքը:
– Հայաստանյան իշխանությունները, որպես իրենց արդարացում, հայտարարում են, թե ԵՄ թիվ 2216 բանաձեւը ադրբեջանա-թուրքական լոբբինգի, զեկույցի հեղինակության անտեղյակության արդյունք է:
– Եթե դա լոբբինգի արդյունք է՝ նշանակում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան լավ են աշխատել, իսկ Հայաստանը՝ համապատասխանաբար վատ:
Կարծում եմ, այս փաստաթուղթը պարզապես միջազգային հարթակում դերակատարություն ունեցող պետությունների դիրքորոշումների համաձայնեցման արդյունք է:
– Հնարավո՞ր է, որ այդ առաջարկները ստիպեն փոխելու նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմամբ անմիջականորեն զբաղվող ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը, ասենք՝ ներգրավել նաեւ Թուրքիային, որը ի սկզբանե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելով՝ ՄԽ համանախագահող երկրների թվում չի եղել:
– Չեմ կարծում, որ Մինսկի խմբի ձեւաչափը սրանով կփոխվի, կամ, որ այս պահին ընդհանրապես միտում կա այն փոխելու: Բայց Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ավելի ակտիվացնելուն եւ դրան միջազգայնորեն ճանաչում տալուն՝ այո, այդ փաստաթուղթը կարող է միանշանակ նպաստել:
– ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքելով այս բանաձեւի ընդունմանը՝ հայտարարել էր, թե փաստաթղթում պարունակվող ԼՂ խնդրի վերաբերյալ դրույթները «համահունչ չեն ո՛չ Մադրիդյան սկզբունքներին, ո՛չ Ակվիլայի հայտարարությանը, ո՛չ Մոսկվայի հռչակագրին», որ «որոշ դրույթներ հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է», օրինակ՝ 2009 թ. դեկտեմբերին Աթենքում բավական ընդարձակ հայտարարության մեջ:
– Չեմ գտնում, որ ԵՄ բանաձեւը հակասում է նախարարի մատնանշած եւ հանրությանն առ այսօր ներկայացված փաստաթղթերին: Լավ կլիներ, որ նախարարը նշեր՝ հատկապես ինչին է հակասում այս բանաձեւը: Եթե ԼՂ հակամարտության կարգավորման ընդհանուր փիլիսոփայությանը ապա ըստ իմ կարծիքի՝ ոչ: Եթե խոսքը վերաբերում է տարածքային ամբողջականությանը կամ հայկական զորքերը դուրս բերելուն, ապա դա ասված է միջազգային բոլոր փաստաթղթերում: Ինչ վերաբերում է հնարավոր հակասությանը «Մադրիդյան սկզբունքներին» կամ նորացված «Մադրիդյան սկզբունքներին», ապա դրանք չեն հրապարակվել, եւ անձամբ ես չեմ տեսել, որպեսզի դատողություններ անեմ, եւ գտնում եմ, որ ժամանակն է, որ այդ փաստաթղթերը Հայաստանի իշխանությունները ներկայացնեն հայ հանրությանը: Միգուցե այս փաստաթուղթը համահունչ է կամ հակասական հենց Մադրիդյան կամ նորացված «Մադրիդյան սկզբունքների» բովանդակությանը, որոնց համաձայնվել է ադրբեջանական կողմը: Բանաձեւում, բացի իմ մատնանշած 38 եւ 40 կետերից, ես անձամբ որեւէ նոր բան չեմ տեսնում, իսկ այդ կետերը հազիվ թե կարելի է որակավորել որպես հակասություն Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտնի փաստաթղթերի սկզբունքներին: