ԼՂՀ-ն 5-րդ անգամ ընտրեց իր օրենսդիր մարմինը
Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրություններից դեռ շատ առաջ էր միջազգային հանրությունն իրար անցել: Ընտրություններից մեկ օր առաջ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը՝ նշելով, թե Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական եւ իրավական շրջանակները, որոնց հիման վրա Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում:
Ղարաբաղում հերթական ընտրությունների անցկացումը դատապարտել էին Ադրբեջանը եւ Թուրքիան: Ընտրություններից հետո հայտարարություն արեց նաեւ Մոսկվան. «Մոսկվայում չեն կարծում, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն՝ հավելելով, որ «Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին եւ նորմերին: Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն: Մեր համոզմամբ՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման եւ Մինսկի գործընթացի շրջանակներում՝ բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում»: Պարոն Նեստերենկոյի այս հայտարարությունը ՀՅԴ-ի ներկայացուցիչը երեկ որակեց որպես «հերթապահ հայտարարություն»:
Այնուամենայնիվ, այս կարգի միջազգային «միջամտությունները» կիրակի օրը չխանգարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն անցկացնել ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընտրության օրը հայտարարեց. «Կարծում եմ՝ մենք հնարավոր նախադրյալները ստեղծել ենք, որպեսզի նոր Ազգային ժողովը մեր երկրի պահանջները ավելի բարձր մակարդակով կատարի»: Գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն էլ իր հերթին ասաց, թե քվեարկել է ավելի կատարյալ խորհրդարան ունենալու օգտին:
Ղարաբաղի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին հետեւել են 39 դիտորդներ մի շարք եվրոպական երկրներից, Ռուսաստանից եւ Հայաստանից: Միջազգային դիտորդները երեկ արդեն փաստեցին, որ ընտրությունները անցել են միջազգային չափանիշներին համարժեք: «Ռեֆերենդումի տպավորություն ստացանք, քան ընտրության»,- երեկ ասել է միջազգային դիտորդական խմբի ղեկավար, Սլովակիայի ներկայացուցիչ պարոն Միլոշկոն: Հայաստանյան դիտորդական առաքելության ղեկավար, ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ, Ղարաբաղից Հայաստան վերադառնալու ճանապարհին պատասխանելով «Առավոտի» մի քանի հարցերի, ասաց, որ ընտրություններն անցել են շատ կազմակերպված եւ հաջող, ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ, եւ որ մի շարք երկրներից դիտորդներ են մասնակցել ընտրություններին եւ բավականին լավ գնահատականի են արժանացրել: Հայաստանի պատվիրակությունն ավարտելով իր առաքելությունը՝ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները բավական ժողովրդավարական էին, համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախը գնում է ժողովրդավարության ճանապարհով: Ըստ Էդ. Շարմազանովի. «Այս ընտրությունների դիտարկման արդյունքում եկանք այն եզրահանգման, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները կարող են օրինակելի լինել տարածաշրջանային բոլոր երկրների համար եւ առաջին հերթին՝ Ադրբեջանի համար: Արցախի ժողովուրդն այս ընտրություններով ապացուցեց, որ ժողովրդավարական արժեքները Լեռնային Ղարաբաղում այլընտրանք չունեն»: ՀՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նշում են, որ ընտրությունների ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել: Որպես բացթողում նշվել է ընտրողների ցուցակների համակարգչային մշակումն ավարտին չհասցնելը, ինչի պատճառով առանձին քաղաքացիների անուններ դուրս են մնացել ցուցակներից:
ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը եւս հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է. «Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեւավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ: Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների եւ ժողովրդի հանձնառության մասին: ԼՂՀ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները: Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավել եւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով»:
Հ. Գ. Հայաստանի խորհրդարանականներն այսօր հանդես կգան մամուլի ասուլիսով եւ կխոսեն ղարաբաղյան ընտրությունների մասին: