ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներկուերորդ
ԱՆՀԵԹԵԹ ՏԵՍԱՐԱՆ
Երբ Սամսոնը գնաց, Նինան աչքերը շողշողացնելով ինձ հարցրեց՝ «տեսա՞ր», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Նինան ապշահար հարցրեց՝ «տեսա՞ր՝ ինչ հսկայական թաթեր ունի», եւ ես ասացի՝ «ուշադրություն չդարձրի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շատ իզուր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս՝ մեկ էլ ով էսպիսի հսկայական թաթեր ունի», եւ ես հարցրի՝ «ո՞վ», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սվյատոսլավ Ռիխտերը», եւ ես զարմացած հարցրի՝ «Ռիխտերի թաթերը որտե՞ղ ես տեսել», եւ Նինան ասաց՝ «համերգի ժամանակ՝ էս նույն դահլիճում», եւ ես հարցրի՝ «ո՞ր դահլիճում», եւ Նինան ասաց՝ «որտեղ հիմա Ալեքսան Պետրովիչի հեղինակային երեկոն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընկերուհիս էր էդ հրավիրատոմսերը բերել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «երկրորդ կարգում էինք նստած», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փոխանակ նվագը լսեիր, թաթերին ե՞ս նայել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնպիսի հսկայական թաթեր ուներ, որ անհնար էր չնկատել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ որ՝ շատ մոտիկ էինք նստած», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի մենակ դու ես իրա թաթերի մեծությունը նկատել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընկերուհիս էլ էր նկատել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտ ա, իմ ասելուց հետո թաթերին ուշադրություն դարձրեց, բայց ինքն էլ խոստովանեց, որ էդպիսի հսկայական թաթեր կյանքում չի տեսել», եւ ես հարցրի՝ «դու տեսե՞լ էիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսօր տեսա. էս Սամսոնի թաթերը ոնց որ Ռիխտերի թաթերը լինեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդքան խոշոր թաթեր մեկ Ռիխտերն ունի, մեկ Սամսոնը, մեկ էլ…», եւ մինչ Նինան կմտածեր, ես հարցրի՝ «մեկ էլ՝ ո՞վ», եւ Նինան պատասխանեց ու ասաց՝ «փոքր քեռիս» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Աստված սրանց ֆիզիկական աշխատանքի համար ա ստեղծել, բայց սրանք դաշնակահար ու մատուցող են դառնում», եւ ես հարցրի՝ «քեռիդ դաշնակահա՞ր ա, թե՝ մատուցող», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «կիթառահար ա», եւ ես հարցրի՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «քսան տարուց ավել ա՝ կիթառ ա նվագում, բայց ընդամենը չորս ակորդ գիտի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «կներես, հինգ», եւ ես զարմացած հարցրի՝ «հինգ ակորդով ի՞նչ կիթառահար» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ես էլ հինգ ակորդ գիտեմ», եւ Նինան նայեց ձեռքերիս ու ծիծաղելով ասաց՝ «բայց քո թաթերը հեչ խոշոր չեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց կիթառի համար խոշոր թաթերը հարմար չեն», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ես էլ եմ էդ ասում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Աստված դրանց ֆիզիկական աշխատանքի համար ա ստեղծել, բայց կիթառահար, դաշնակահար ու մատուցող են դառնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հինգ ակորդով ի՞նչ կիթառահար», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «եթե մեկը քսան տարի շարունակ առավոտից իրիկուն կիթառ ա նվագում, էդ մարդուն ո՞նց կիթառահար չես ասի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «քեռիդ ո՞ւմ համար ա կիթառ նվագում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ցերեկներն ինքն իրա համար ա նվագում, իրիկուններն ու գիշերները՝ իրանց գյուղի աղջկերքի համար», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գյուղ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Կլինին կպած ա, բայց առանձին գյուղ ա համարվում», եւ ես ժպտալով հարցրի՝ «Կլինը քաղաք ա՞», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով պատասխանեց՝ «ձեր Երեւանից երեւի մի քիչ փոքր կլինի», եւ ես մտքիս մեջ թարգմանելով՝ բարձրաձայն ասացի՝ «Կլին-կլինի», եւ Նինան հարցրեց՝ «էդ ի՞նչ ես ասում», եւ ես ասացի՝ «կլինի՝ հայերեն նշանակում ա բուձետ», եւ Նինան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «բայց ինձ ասել են, որ կլինը հայերեն ուրիշ բան ա նշանակում», եւ ես ամաչելով հարցրի՝ «ո՞վ ա ասել», եւ Նինան ավելի կարմրելով ասաց՝ «քո զեմլյակ Էդիկը», եւ ես հարցրի՝ «Վիրապյա՞ն», եւ կասկարմիր Նինան պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ ես ժպտալով ասացի՝ «Էդիկը շատ անամոթ մարդ ա», եւ կասկարմիր Նինան ժպտալով հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասել», եւ ես ամաչելով ասացի՝ «մոտավորապես» եւ ամաչելով ավելացրի՝ «ընդամենը մի տառի տարբերություն ա», եւ կասկարմիր Նինան ժպտալով ասաց՝ «ինքն էլ էր ասում, որ ընդամենը մի տառի տարբերություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «Էդիկը շատ անամոթ մարդ ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «խեղճ Էդիկն ի՞նչ մեղք ունի, որ ընդամենը մի տառի տարբերություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդամենը մի տառի տարբերություն ա, բայց իմաստով շատ են տարբեր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «իմաստով ոչ մի կապ չունեն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իմաստով մենակ Էդիկը կարար դրանք իրար հետ կապեր», եւ կասկարմիր Նինան ամոթխած ժպտալով ասաց՝ «դու էլ պակաս չես կապում», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ կապել», եւ կասկարմիր Նինան ամոթխած ժպտալով ասաց՝ «որ չկապեիր, էդպես թունդ չէիր կարմրի», եւ ես ժպտալով ասացի՝ «փոքր քեռուդ մասին բան էիր պատմում՝ կիսատ մնաց», եւ Նինան ամոթխած ժպտալով ասաց՝ «արդեն մոռացա՝ ինչ էի պատմում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում էիր, որ փոքր քեռիդ շատ մեծ թաթեր ունի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «Ռիխտերի ու էս Սամսոնի պես», եւ ես ասացի՝ «ասում էիր՝ կիթառահար ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ընդամենը չորս թե հինգ ակորդ գիտեր, բայց առավոտից իրիկուն գյուղի աղջկերքի համար նվագում էր», եւ ես հարցրի՝ «հիմա չի նվագո՞ւմ», եւ Նինան ժամացույցին նայելով ասաց՝ «երեւի հիմա՝ հենց էս պահին էլ գյուղի ակումբում նվագում ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «աղջկերքի համա՞ր», եւ Նինան ժպտալով ասաց՝ «տղերքից էլ լսողներ կան, բայց ինքը հիմնականում աղջկերքի համար ա նվագում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փոքր քեռիս շատ տեսքով տղամարդ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գյուղի սաղ աղջկերքը քեռուս համար գժվում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հերթով սիրահարվում են քեռուս», եւ ես հարցրի՝ «հետո՞», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հետո ամուսնանում են», եւ ես հարցրի՝ «քեռուդ հե՞տ», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «չէ՝ ուրիշների», եւ ես հարցրի՝ «բա քեռի՞դ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «քեռիս երդվյալ ամուրի ա. արդեն քառասունն անց ա, բայց պսակվելու մտադրություն չունի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա իրա նպատակը ո՞րն ա», եւ Նինան բավական երկար մտածեց ու ժպտալով ասաց՝ «ապրելը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեկ էլ՝ աղջկերքին սիրահարացնելը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեկ էլ՝ կիթառ նվագելը» եւ մի քիչ էլ մտածեց ու հիացմունքով բացականչեց՝ «քեռիս չտեսնված ա կիթառ նվագում», եւ ես զարմացած ասացի՝ «բա ասում ես՝ ընդամենը հինգ ակորդ գիտի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա էդ հինգն էլ կարգին չիմանա, բայց ամբողջ հոգով ա նվագում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ հարազատ քեռիս չլիներ, ես էլ հաստատ կսիրահարվեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ալեն Դելոնն էդ քեռուս համեմատ հեչ բան ա», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա խի՞ չի ամուսնանում», եւ Նինան մի քիչ մտածեց, զարմացած նայեց ինձ ու սկսեց հռհռալ, եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ ես ծիծաղում», եւ Նինան հռհռալով ասաց՝ «փոխանակ քո ամուսնանալու մասին մտածես, քեռուս ամուսնանալու մասին ես մտածում», եւ ես արդարանալով ասացի՝ «քեռիդ արդեն քառասունն անց ա», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «դու էլ երեսունն ես անցել», եւ ես արդարանալով ասացի՝ «մյուս տարվա մարտին նոր երեսուն եմ դառնալու», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «դառնալն ու անցնելը նույն պահին են տեղի ունենում», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ կանես՝ քեռուդ մասին մտածես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեռուս մասին մտածելու կարիք չկա. ինքը նվագելով ու երգելով ուրախ ու զվարթ ապրում ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ պետք ըլնի, ես էլ կարամ նվագեմ ու երգեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կիթառ ունե՞ս», եւ ես ասացի՝ «Երեւանում ունեմ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «հինգ հատ էլ ակորդ գիտեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ձեռքս շոյելով ասաց՝ «բայց քո թաթիկները քեռուս թաթերի համեմատ շա՜տ նուրբ են», եւ ես ժպտալով ասացի՝ «իմոնք կիթառի համար ավելի հարմար են», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց դու սեր չունես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ սեր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նվագելու ու երգելու սեր չունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «քեռուս թաթերն են կոպիտ, քո՝ հոգին», եւ ես հարցրի՝ «քեռիդ ի՞նչ երգեր ա երգում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմնականում՝ Վիսոցկու երգերը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ձեր գյուղի աղջկերքը Վիսոցկու երգերը մագնիտոֆոնով էլ կարան լսեն», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընդամենը մի նախադասություն ասեցիր, բայց երկու կոպիտ սխալ թույլ տվիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ սխալ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «նախ՝ դրանք մեր գյուղի աղջկերքը չեն, որովհետեւ մերը գյուղ չի՝ քաղաք ա», եւ ես ժպտալով ասացի՝ «Կլինը համարյա Երեւանի չափ քաղաք ա», եւ Նինան ասաց՝ «չգիտեմ. Երեւանում չեմ եղել» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «մանկուց երազել եմ Երեւանը տեսնել, բայց չի ստացվել», եւ ես ժպտալով ասացի՝ «որ քեզ խելոք պահես՝ կտեսնես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու քեզ ինչքան էլ խելոք պահես, մեկ ա՝ Կլինը չես տեսնի», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ինչքան էլ աչքերդ լայն բացես՝ Կլինը չես տեսնի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Կլինը տեսնելու համար երեւի պիտի Կլինում ծնված լինես», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ բանաստեղծական ես խոսում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բանաստեղծությունից շատ հեռու եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «չէի ասի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բանաստեղծը դու ես» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «մեկ էլ՝ Բրիկսինան», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա երկրո՞րդ սխալս որն էր», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ երկրորդ սխալ», եւ ես հիշեցնելով ասացի՝ «ասեցիր, որ ընդամենը մի նախադասության մեջ երկու կոպիտ սխալ թույլ տվի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ գյուղի աղջկերքը չեն կարա մագնիտոֆոնով Վիսոցկի լսեն, որովհետեւ էդ գյուղում մենակ նախագահը կարող ա մագնիտոֆոն ունենա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի նախագահն էլ չունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ինձ մի մոմենտ թվաց, թե քեռիդ իրա գրած երգերն ա երգում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեռիս ոչ կոմպոզիտոր ա, ոչ էլ՝ բանաստեղծ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բանաստեղծը դու ես» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «մեկ էլ՝ Բրիկսինան», եւ ես ժպտալով ասացի՝ «իսկական բանաստեղծը քեռիդ ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ու փոքր քեռիս շատ նման ենք իրար» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «երկուսս էլ չենք կարողանում կեղծ կյանքով ապրել», եւ ես հարցրի՝ «կեղծ կյանքը ո՞րն ա», եւ Նինան ձեռքը բարձրացնելով ու մոզաիկան ցույց տալով գոռաց՝ «է՛ս», ու էսքանից հետո արդեն պարտավոր եմ նկարագրել էդ, ուրեմն, մոզաիկան, եւ չնայած դա էնքան էլ հեշտ բան չի, ես պարտավոր եմ գոնե մոտավոր պատկերացում տալ էդ մոզաիկայի մասին, որպեսզի հասկանաք՝ ինչու էր էդ մոզաիկան էդքան բացասաբար ազդում Նինայի նյարդերի վրա, մինչդեռ իմ նյարդերի վրա ոչ միայն չէր ազդում, այլեւ ծիծաղս էր հարուցում. այսինքն, ինքս էլ չէի հասկանում՝ ինչու էր էդ անհեթեթությունը Նինայի վրա էդքան հիվանդագին ազդում, եւ հիմա կփորձեմ ընդհանուր գծերով նկարագրել էդ անհեթեթությունը, ու երեւի ձեզ ավելի հաջողվի Նինայի էդ իրիկվա հոգեվիճակի մեջ ներթափանցել, քան՝ էդ իրիկուն ինձ հաջողվեց, եւ՝ ոչ միայն էդ իրիկուն. ես Գրողների կենտրոնական տան էդ ռեստորանում դրանից առաջ էլ էի մի քանի անգամ եղել, եւ չնայած էդ իրիկուն Սամսոնն ինձ տեղը չբերեց, ես իրեն շատ լավ էի հիշում, եւ դա երեւի բնական ու տրամաբանական էր, որովհետեւ իր կլիենտները հարյուրավոր ու հազարավոր էին, իսկ կյանքում իմ տեսած մատուցողներն անհամեմատ քիչ էին, մանավանդ՝ Սամսոնի պես յուրահատուկ ու անկրկնելի մատուցողները, իսկ ինչ վերաբերում է Մոսկվայի Գրողների կենտրոնական տան ռեստորանի հանդիպակաց պատն ամբողջովին գրաված էդ մոզաիկային, դրա ամենավերեւի ձախ անկյունում Պուշկինի գլուխն էր, Պուշկինից անմիջապես ցած՝ համայնական դաշտն էր սկսվում ու մինչեւ վերջ շարունակվում, եւ համայնական դաշտի ամենասկզբում մի տրակտոր էր, տրակտորի կողքին՝ գյուղմեխանիզացիայի եւս մի օբյեկտ, եթե հիշողությունս չի դավաճանում՝ կոմբայն, կոմբայնից աջ՝ կանայք, ըստ երեւույթին՝ ուզբեկ եւ ըստ ամենայնի՝ բամբակ հավաքող, կանանցից էլ աջ՝ ռուս երկու պարողներն էին՝ կարմիր շորերով ու երկսեռ, եւ արական սեռի պարողն աջ ոտքն էնքան էր բարձրացրել, որ քիչ էր մնում կպներ Պուշկինի ձախ բակենբարդին, եւ ռուս պարողներից աջ՝ կովկասցի պարողները, տղամարդը չերքեզկայով՝ ձեռքերը վեր բարձրացրած ու մատները չռած, եւ չերքեզկայովի հետեւում գեղանի ու իգական պարուհին էր՝ քողով ու նազանքով, եւ սրանցից աջ՝ ամենավերջում տիեզերանավն էր՝ Գագարինով ու թռիչքից առաջ, եւ տիեզերանավի ու Գագարինի գլխավերեւում Ֆադեեւի գլուխն էր՝ Պուշկինից ամենահեռու կետում, բայց՝ Պուշկինի զուգահեռականի վրա, եւ ես նախորդ այցելություններիցս մեկի ժամանակ հարցնելով էի իմացել, որ Պուշկինի զուգահեռականի վրա տեղադրվածը Ֆադեեւի գլուխն է, եւ ինձ բացատրողը բացատրել էր նաեւ, որ Ֆադեեւի՝ Պուշկինի հետ միեւնույն զուգահեռականի վրա գտնվելն ամենեւին էլ պատահականություն չի, որովհետեւ Մոսկվայի Գրողների կենտրոնական տունն անձամբ Ալեքսանդր Ֆադեեւի անունն ու ազգանունն էր կրում, եւ վերջինիս գլուխն էդ պաննոյի տարածքում ամենեւին էլ ինքնանպատակ չէր, եւ էս «պաննոն» Սամսոնի բառն էր, որովհետեւ, հիշում եմ, երբ Նինային հարցրի՝ «կեղծ կյանքը ո՞րն ա», եւ երբ ինքը մոզաիկան մատնացույց անելով ճչաց՝ «է՛ս», Նինայի էդ երկրորդ ճիչի վրա վերստին մեզ մոտեցավ Սամսոնն ու ժպտալով Նինային ասաց՝ «այս պաննոն պետք է անհապաղ այստեղից վերացնել», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «էս հիմարությունը պաննո է՞ կոչվում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ժանրն ի՞նչ մեղք ունի, գեղեցկուհի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ցանկացած ժանրի մեջ էլ հնարավոր է ցանկացած հիմարություն պարտակել», եւ Նինան հիացմունքով բացականչեց՝ «պաննո՜», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փառք Աստծո, որ մեր ռեստորանը եկեղեցի չի. այլապես, ստիպված կլինեի այս անհեթեթությունը վիտրաժ անվանել», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «փաստորեն, ամեն ինչից տեղյակ եք», եւ Սամսոնը մեր ֆիլեներին նայելով՝ խորամանկ ժպտաց ու ասաց՝ «նաեւ տեղյակ եմ, որ վերատաքացնելուց հետո ձեր ֆիլեներին մատով չեք դիպչել», եւ Նինան մեղավոր ժպտալով Սամսոնին ասաց՝ «մի անգամ էլ կտաքացնեք ու՝ վերջ», եւ Սամսոնը նախ ժամացույցին նայեց, այնուհետեւ սեղանից մեր ֆիլեները վերցրեց ու Նինային ժպտալով ասաց՝ «փաստորեն, ձեր գեղեցկությունը չարաշահում եք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով Սամսոնին ասաց՝ «ձեզ հետ խոսելով ենք ընկնում՝ մոռանում ենք ֆիլեներն ուտել», եւ Սամսոնը նայեց ժամացույցին ու ժպտալով ասաց՝ «եթե նույնիսկ խնդրեք էլ՝ այլեւս չեմ կարող ձեզ հետ շատախոսել», եւ Նինան ժպտալով Սամսոնին հարցրեց՝ «արդեն ձանձրացրինք, չէ՞», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «ամենաուշը տասը րոպեից բանկետի մասնակիցները կհամենան», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «հուսով եմ՝ մինչ այդ կհասցնենք մեր ֆիլեները խժռել», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «հուսով եմ» եւ արագ հեռացավ, եւ Նինան ժպտալով ասաց՝ «էս անգամ որ տաքացնի՝ արագ կուտենք» եւ ժպտալով ավելացրեց՝ «էս մոզաիկայի գոյության մասին մոռանանք», եւ ես ժպտալով ասացի՝ «պաննոյի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էն մյո՞ւսն ինչ բառ էր», եւ ես ժպտալով ասացի՝ «վիտրաժ», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «էդ ի՞նչ բան ա», եւ ես ասացի՝ «էս մոզաիկայի պես բան ա, բայց՝ ապակուց» եւ ժպտալով ավելացրի՝ «վիտրաժները եկեղեցիներում են լինում» եւ մի քիչ մտածեցի ու ճշտեցի՝ «կաթոլիկ եկեղեցիներում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «համարյա Սամսոնի չափ գիտելիքներ ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «մի ժամանակ նկարում էի», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ էիր նկարում. վիտրա՞ժ», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «պեյզաժ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «փաստորեն, բազմակողմանի տաղանդ ես», եւ ես ու Նինան շարունակեցինք կատակել, եւ մինչ կատակում էինք, բանկետի մասնակիցները լցվեցին դահլիճ, եւ բանկետի սեղանի մի գլխին Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովին բազմեցրին, իսկ մյուս գլխին Եվգենի Ալեքսանդրովիչն ինքնուրույն բազմեց, եւ երբ բանկետի բոլոր մասնակիցները տեղավորվեցին էդ չափազանց երկար սեղանի շուրջ, եւ երբ Սամսոնն ու օգնականները բոլորի բաժակներն արդեն լցրել էին, Եվտուշենկոն տեղից վեր կենալով՝ առաջարկեց խմել Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրով մեծ բանաստեղծի կենացը, եւ Նինան մեր բաժակները լցնելով ասաց՝ «մենք էլ Ալեքսան Պետրովիչի կենացը խմենք», եւ ես ասացի՝ «հաճույքով», եւ Նինան բաժակը բարձրացնելով ասաց՝ «Ալեքսան Պետրովիչ մեծ բանաստեղծի ու մեծ մարդու կենացը», եւ ես բաժակս Նինայի բաժակին խփելով ասացի՝ «Մեժիրովի կենացը», ու էդ պահին Եվտուշենկոն իր ելույթն արդեն ավարտել էր, եւ արդեն Օկուջավան էր կենաց խոսք ասում, եւ երբ Նինային ասացի՝ «Օկուջավան էլ ա հնդեվրոպացի», Նինան գոռաց՝ «մի՛ խանգարի» եւ շշնջալով ավելացրեց՝ «Բուլատ Շալվովիչին լսենք», եւ չնայած Օկուջավայի կցկտուր խոսքերը մեզ չէին հասնում, Նինան հիացմունքով նայում ու լսում էր Օկուջավային, եւ երբ Օկուջավան իր կենաց խոսքն ավարտեց ու նստեց, Նինան հիացմունքով ասաց՝ «պաշտում եմ Բուլատ Շալվովիչին», եւ ես ասացի՝ «ինքն էլ ա հայ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ հայ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքն ա ասել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մորական տատը հայ ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ չասես, որ Շալվովիչին էլ ես անձամբ ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքն էլ ա մեզ դաս տալիս», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ դաս ա տալիս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պոեզիա», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էդ տեսակ առարկա կա՞», եւ ես ասացի՝ «մենք անցնում ենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց պոեզիան սովորելով չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պոեզիան ոչ սովորելով ա, ոչ էլ սովորեցնելով», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ արդեն Օկուջավային պիտի ասես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ գա ռեկտորատ՝ անպայման կասեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու անկախ ինձանից գոռացի՝ «հիշեցի՜», եւ Նինան զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ հիշեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «հիշեցի՝ մեկ էլ ում քեռին էր առավոտից իրիկուն կիթառ նվագում», եւ Նինան ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ քեռին էր նվագում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Վիլյամ Սարոյանի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ չասես թե՝ Վիլյամ Սարոյանն էլ ա հայ», եւ ես ասացի՝ «Սարոյանը հարուր տոկոսով ա հայ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Վանուշն ա ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Վանուշին որ թողնես, Պուշկինին էլ հայ կդարձնի», եւ ես ժպտալով ասացի՝ «մեր ունեցածը մեզ լրիվ հերիք ա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ Սարոյանի քեռին էլ ա՞ կիթառ նվագել», եւ ես ժպտալով ասացի՝ «առավոտից իրիկուն», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «անձամբ Սարոյանն ա՞ քեզ ասել», եւ ես ասացի՝ «իրա պատմվածքն եմ կարդացել. էդ քեռու մասին պատմվածք ունի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա՝ հորինած լինի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ հնարավոր ա, Սարոյանն ընդհանրապես քեռի ունեցած չլինի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իսկական գրողները չեղած բաներ չեն գրում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես իմանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մինչեւ իսկական գրող չլինես՝ չես իմանա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Սարոյանն իրա ազգականների մասին շատ ա գրել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «մյուս ազգականներն էլ ե՞ն կիթառ նվագել», եւ ես ասացի՝ «չէ. մենակ իրա էդ փոքր քեռին էր նվագում», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «իրենն էլ է՞ր փոքր քեռին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ինչքան հիշում եմ՝ հա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «երեւի կիթառ նվագելը փոքր քեռիների ճակատագիրն ա»: