Եկեղեցին որպես աղբանոց ու գոմաղբի պահոց
Մեր հարեւան երկրում՝ Թուրքիայում, օր օրի ավելանում է անմարդկային վերաբերմունքը մշակութային կոթողների հանդեպ: Ներկայումս Արեւմտյան Հայաստանում կառուցված հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցիներից հատուկենտ մասունքներն են միայն կարողացել դիմակայել թուրքական վայրագություններին: Այս երկրում եկեղեցիներն ու մշակութային մի շարք կոթողներ ավերվեցին թուրքերի ձեռքով, ովքեր խաղաղ պայմաններում սրբատեղիները օգտագործեցին իբրեւ ռազմական վարժությունների թիրախ, քանդվեցին, ռմբակոծվեցին ու թալանվեցին հազարավոր եկեղեցիներ, որոնց մասին քաղաքակիրթ հասարակությունը լռեց:…
Այսօր մեկ- երկու հայտնի եկեղեցի են վերանորոգում իրենց շահույթի համար, իսկ մնացյալ կառույցները շարունակում են մնալ նույն անմխիթար վիճակում, որոնց սպառնում է քանդվելու ու ոչնչացվելու վտանգը: Միայն եթե վերցնենք վերջին մեկ-երկու ամիսները, պետք է ասեմ, որ թուրքական մի շարք քիչ թե շատ առաջադեմ կայքեր ու թերթեր բարձրացրեցին մի քանի մշակութային կոթողների հարց, որոնք թուրքական կամայականությունների հերթական զոհերից էին:
Մեկը քանդում են, մյուսը վերածում անասնագոմի, երրորդի պատմությունը խեղում՝ հայկականը վրացացնում ու թուրքացնում, մեկ այլ եկեղեցի թաքցնում: Պայթեցվեց 2000-ամյա Կողոբերդը՝ Քեղիի ամրոցը, տեղում ամբարտակ կառուցելու նպատակով:
Մեկ այլ դեպքում հայտարարեցին, որ Հայոց պատրիարքարանին պատկանող Երկրորդ Որդվոց որոտման եկեղեցին վերականգնում են եւ կօգտագործեն՝ միաժամանակ որպես պաշտամունքի վայր, ժողովասրահ, պատկերասրահ եւ համերգասրահ:
«Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա այն առաջինը կլինի կրոնների պատմության մեջ: Ձեւափոխման ընթացքում կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները զարգացնելու նպատակով նախագծին ամբողջական մոտեցում է ցուցաբերվում. վերականգնողական աշխատանքներին կարող են մասնակցել ճարտարապետներ եւ արվեստագետներ»,- հավելեցին մասնագետներն ու գործի անցան:
Մեկ այլ դեպքում հազարամյա եկեղեցու պատմությունը հայտնություն է դառնում հանրությանը. Խպատճառը թերեւս արգելված գոտի էր. խոսքը Ինքյոյի եկեղեցու մասին է:
Ինչեր ասես, որ չես լսի, իսկ ամենազարմանալին այն է, որ եթե Թուրքիայում տեղի է ունենում մշակութային որեւէ կոթողի վերաբերյալ քննարկում, ապա դա վերաբերում է անպայման հայկական պատմական եկեղեցիներից որեւէ մեկին:
Բայց Թուրքիան այս շահույթ հետապնդող վերանորոգումների իրականացումը շատ է ուշացրել: Ահա թե ինչու.
Վան նահանգի Գյուրփընար գավառի Մեժինգեր գյուղում կային երկու հին հայկական եկեղեցիներ, որոնք երկուսն էլ այսօր չկան: Այս եկեղեցիների մասին մնացել են միմիայն հուշեր, որոնց մասին խոսում են տեղի բնակիչները: Երկու եկեղեցիներն էլ գանձագողերի կողմից ամբողջությամբ ավերվել են, թալանվել: Եկեղեցիներից մեկը վերջերս հիմնահատակ քանդվեց՝ տեղում մզկիթ կառուցելու նպատակով, որի աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, իսկ մյուս եկեղեցին, որի մեկուկես պատերը դեռեւս կանգուն էին, «փրկվել» է եւ հիմա ծառայում է որպես աղբանոց ու գոմաղբի պահեստ: Խորը փոսեր բացելով՝ ամբողջությամբ թալանվել է հայկական գերեզմանոցը, եկեղեցում ոչինչ չի մնացել՝ բացի այս ու այն կողմ թափթփված հայկական տառեր կրող խաչքարերի կտորներից: Այս հերթական մշակութային ցեղասպանությանն է անդրադառնում aknews կայքը:
Կայքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ այս շրջանում հայկական բազմաթիվ եկեղեցիներ եւ գերեզմանոցներ կան, որոնք ունեն համապատասխան ուշադրության կարիք, սակայն որոնք նույնիսկ ընդգրկված չեն պահպանման ցուցակներում: Վերոհիշյալ եկեղեցիները գտնվում են Մեժինգեր գյուղում: Ինչպես այս 2 հայկական եկեղեցիները, այնպես էլ գերեզմանոցը գանձագողերի անգթության պատճառով ամբողջությամբ ավերվել են:
Նախկին հայկական գերեզմանոցը հիմնահատակ քանդված է, ոսկորները ցիրուցան եղած, իսկ խաչքարերի կտորները դեռեւս շարունակում են մարտնչել պատմության հետ ու իրենց վրա պահել հին հայկական գրերի հետքերը:
Aknews-ին հարցազրույց տված գյուղի բնակիչներից Իսա Վարլըն ասել է, որ մի քանի տարի առաջ իրենց գյուղ են եկել երեք հոգի, որոնք ներկայացել են որպես լրագրողներ: Այդ երեք մարդիկ պեղումներ են կատարել եկեղեցում եւ գերեզմանոցում: Նրանց կողմից քանդված քարերն էլ հետագայում գործածվել են գյուղացիների կողմից՝ այգիների, պարիսպների եւ այլ շինությունների համար: Ինչպես վկայում է Վարլըն, նույն մարդիկ հետագայում թալանել են նաեւ հայկական գերեզմանոցը. «Մենք ավելի ուշ տեղեկացանք, որ մեր գյուղ ժամանած լրագրողներն իրականում գանձագողեր են: Քանի դեռ շրջապատում լուրեր էին պտտվում, թե այստեղ «ոսկի է գտնվել», ամեն եկող սկսեց պեղել եկեղեցիներն ու գերեզմանատունը: Ի վերջո եկեղեցիներն ու գերեզմանոցը լրիվ անհետացան: Ինչպես տեսնում եք, այս գերեզմանոցում ընդամենը մի քանի քար է մնացել, առանց այդ էլ այն այլեւս ոչնչով գերեզմանոց չի հիշեցնում: Վերեւում էլ կա մի եկեղեցի, որը շրջապատված է պարիսպներով: Այն դարձել է աղբի եւ թրիքի տեղ»:
Մեկ ուրիշ գյուղացի, որը չի ցանկացել հայտնել իր անունը, վկայել է, որ գյուղի մյուս հայկական եկեղեցու տեղում կառուցվում է մի նոր մզկիթ: Aknews-ի թղթակցի հարցերին պատասխանող գյուղացիներից մեկն էլ տեղեկացրել է, որ քանդվող եկեղեցիների եւ գերեզմանոցի առնչությամբ ոչ մի համապատասխան ներկայացուցիչ չի այցելել գյուղ, եւ չի կատարվել որեւէ ուսումնասիրություն:
Վանի «Հավաքական կյանք» կազմակերպության (KOLYAD) նախագահ Հյուսնյու Ուրգյունը քանդված եւ թալանված եկեղեցու եւ գերեզմանատան առնչությամբ ասել է հետեւյալը. «Թե կրոնական եւ թե պատմության հանդեպ ունեցած հարգանքի տեսանկյունից տհաճ իրավիճակ է ստեղծված: Ավելի լավ կլիներ, որպեսզի մեր գավառի զբոսաշրջության զարգացման նպատակով ոչ թե քանդեին, այլ վերակառուցեին եւ ներկայացնեին հանրությանը, որով եւ նմանօրինակ դեպքերի կրկնությունը կկանխվեր: Այս ամենը տեղի չէր ունենա, եթե ժամանակին իրավասու անձինք ձեռնարկեին համապատասխան գործողություններ»: