Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանիբեկյանի «Ավելորդը» դիտելու համար ամուր նյարդեր են պետք

Մայիս 22,2010 00:00

Ստեղծագործական խմբին մի շարք վայրերում արգելել են
նկարահանումներ կատարել

Մայիսի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Մուրադ Ջանիբեկյանի «Ավելորդը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Սցենարիստը, բեմադրող ռեժիսորը, ինչպես նաեւ գլխավոր դերակատարը հենց ինքը՝ Մուրադն է: Դերասանի փոխանցմամբ, ֆիլմը նկարահանելիս մի շարք խոչընդոտների են հանդիպել: Ստեղծագործական խմբին արգելել են մի շարք վայրերում նկարահանումներ անել: Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Գառնիում:
«Ավելորդի» հերոսը մասնագիտությամբ ֆիզիկոս է: Նա պատկանում է այն ինտելիգենտ մարդկանց շարքին, ովքեր ստիպված են լինում ծառայել օլիգարխներին»,- ասում է Մ. Ջանիբեկյանը ու հավելում, թե պատահական չէ, որ իր հերոսի համար ընտրել է ֆիզիկոսի մասնագիտությունը: 
«Եթե հիշում եք՝ Խորհրդային միության տարիներին կար ընդամենը երկու ֆիզիկայի ինստիտուտ: Մեկը Մոսկվայում էր, մյուսը՝ Երեւանում: Ավելի ուշ կառուցվեց նաեւ Նովոսիբիրսկում:
1992-1993 թվականներին  խոսք գնաց, որ մեզ մոտ հնարավոր է փակեն ինստիտուտը: Այդ տարիներին շատ հիմնարկություններ փակվեցին ու աշխատատեղեր կրճատվեցին: Իմ հերոսը իմանալով դա՝ ասում է. «Եթե մեծություններն են ծանր վիճակում, ապա ի՞նչ եմ անում ես այստեղ, ես, ավելորդս…» եւ ստիպված է լինում գոյատեւելու համար սեզոնային աշխատանք գտնել»:
Ֆիլմում նկարահանված մարդիկ լայն մասսաներին հայտնի անուններ չեն, բացառությամբ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Թեքգյոզյանի, բոլորը ուսանողներ են:
«Շնորհակալ եմ ստեղծագործական ողջ անձնակազմին: Սկսած դիմահարդարից, վերջացրած դերակատարներից ու «Մարտեր առանց կանոնների» ակումբի մասնակիցներից:  Ի դեպ, խմբի անդամները ինձ թաքուն անվանում էին Միստր Գեբելս: Բավական դաժան էի նրանց հետ ու պահանջկոտ»,- խոստովանում է Մ. Ջանիբեկյանը:
Գեղարվեստական ֆիլմ նկարելու փորձը Մ. Ջանիբեկյանի համար երկրորդն է, առաջինը «Համլետն» էր: Այն, ի դեպ, ինչ-ինչ պատճառներով մերժվել եւ չի մասնակցել տեղական «Ոսկե ծիրան» փառատոնին, բայց, ինչպես ասում են, անմրցանակ էլ չի մնացել: Ֆիլմի առաջնախաղից անմիջապես հետո «Համլետը» Նյու Յորքի կինոփառատոնին միանգամից արժանացել է երկու մրցանակի՝ «Լավագույն դերակատար» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: 
«Ավելորդը» ֆիլմը միանշանակ չընդունվեց  հանդիսատեսի կողմից: Գտնվեցին մարդիկ, որոնք ֆիլմի կեսից ցուցադրաբար լքեցին դահլիճը: Պատճառը, հավանաբար, սարսափ արթնացնող անչափ տպավորիչ ու դաժան տեսարաններն էին: Ոմանց կարծիքով, Մ. Ջանիբեկյանի ֆիլմը պահանջում է ամուր նյարդային համակարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել