Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»՝ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Մայիս 22,2010 00:00

Կամ ճաշակը ընկեր չունի

\"\"

Երեկ դպրոցներում կայացավ «վերջին զանգը»: «Առավոտը» շրջեց Երեւանի մի քանի դպրոցներով՝ մասնակից լինելով շրջանավարտների, մանկավարժների, տնօրենների եւ ծնողների ուսումնական տարվա վերջին դասին: Չնայած նախարարությունը հայտարարել էր՝ «վերջին զանգը» նշել դպրոցին վայել հանդիսավորության շրջանակում, այնուամենայնիվ, ճոխություններից երեւանյան դպրոցները զերծ չէին մնացել:
\"\"Օրինակ, Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցն իր շրջանավարտներին դիմավորեց «Օսկարի» մրցանակաբաշխությանը կամ Կաննի կինոփառատոնի բացմանը բնորոշ կարմիր գորգով: Այստեղ «վերջին զանգի» միջոցառումը մյուս դպրոցների համեմատությամբ ուշ էր սկսվում՝ ժամը 11-ին: Իսկ մինչ այդ դպրոցի բակում միայն ծնողներ էին եւ ոստիկաններից խուսանաված երիտասարդներ՝ իրենց մեքենաներով, որոնք գուցե դպրոցի աշակերտուհիների երկրպագուներն էին: Թիվ 122 դպրոցի բակը հսկվում էր ոստիկանների կողմից: Ինչպես նկատեցինք, նրանց հանձնարարված էր բակը շրջափակել մեքենաներով եւ հսկել իրավիճակը:
Մինչ 122-րդ դպրոցը հյուրընկալում էր ծնողներին, աշակերտուհիների երկրպագուներին, այդ ընթացքում հարեւանությամբ գտնվող Արմեն Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցը դեռ «լռում» էր: Ցածր դասարանների աշակերտուհիներից մեկից տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, այնտեղ կայանալու է «վերջին զանգի» հանդիսություն: Իսկ թե ո՞ւր էին դպրոցի շրջանավարտները կամ ինչո՞ւ մյուս դպրոցի նման այս մեկն էլ չէր «զուգվել», այդպես էլ չիմացանք:
Նկատենք, որ անցյալ տարիների նման, այս տարի հայրիկների մեքենաներով, ալկոհոլի ազդեցության տակ վարորդներով, մեքենաների պատուհաններից կախված «10-ի բ…» կամ «10-ի ա…» գոռացող աղջիկներով Երեւանի փողոցներով արագ երթեւեկողները համեմատած քիչ էին, սակայն «Առավոտը» հանդիպեց նման մի դասարանի: Աշակերտները մեքենայից հնչող երաժշտության տակ պարում էին: Դրանք Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցի շրջանավարտներն էին, որոնց «վերջին զանգի» միջոցառումը ոչ թե իրենց դպրոցում էր, այլ, ինչպես ասացին աշակերտները, Կինոյի տան շենքում:
Սուրեն Սպանդարյանի անվան անգլերենի եւ ռուսերենի խորացված ուսուցմամբ թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում տեղակայված Mersedes մակնիշի փուչիկներով պատված մեքենան հուշում էր՝ տոնական տրամադրություն է դպրոցի ներսում: Այս դպրոցում, ի զարմանս մեզ, ընդամենը մեկ ավարտական դասարան կար: Դպրոցի տնօրեն Աշոտ Ավետիսյանի մեկնաբանությամբ, պատճառը աշակերտների Հայաստանից հեռանալն է. «Անցած տարեվերջին մի քանի աշակերտներ տեղափոխվեցին վարժարաններ, մի քանիսը մեկնեցին Գերմանիա, ինչի պատճառով վերջին տարում միացրինք երկու դասարանները մեկում»:
24-րդ դպրոցի շրջանավարտ Արսենը ուրախ է դպրոցն ավարտելու համար, մեզ հետ զրույցում ասաց, որ որոշել է դառնալ տնտեսագետ: Նրա ընկեր Համլետն էլ նշեց. «Իրավաբան եմ ուզում դառնալ: Ուրախ եմ, որ ավարտում ենք»:
Դպրոցի միակ դասարանում համատեղ սովորում են նաեւ 3 քույր՝ Լուսինեն, Լիաննան եւ Լիլիթը: Չնայած միասին են սովորել, բայց երեքն էլ տարբեր մասնագիտություններ են ուզում ընտրել, Լուսինեն՝ լրագրողի, Լիլիթը՝ տնտեսագետի, Լիաննան էլ՝ լեզվաբանի:
Դասղեկ, դպրոցի փոխտնօրեն Որմիզդուխտ Մկրտչյանը աշակերտների մասնագիտությունների ընտրության մասին շեշտեց. «Նրանց շուրջ 60 տոկոսը դպրոցից հետո շարունակելու է ուսումը բնական գիտությունների գծով: Ամեն մասնագիտության հետեւորդ ունենք՝ բժիշկ, ճարտարապետ, լեզվաբան, լրագրող եւ այլն: Միայն 2-ն են գերազանցիկ, մյուսներն էլ բարձր ցուցանիշներով են սովորում: Շատ են կիսվում ինձ հետ, թե ինչ բուհ դիմել, ինչ մասնագետ դառնալ… Զրույցների ժամանակ նկատել եմ, որ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ձգտում ունեն անպայման բարձրագույն կրթություն ստանալու: 7 տարի դասավանդել եմ այս երեխաներին, ու ինձ համար նրանք հարազատ են»:
Խաչիկ Դաշտենցի անվան անգլիական թեքումով թիվ 114 դպրոցի՝ մեքենաներով լեցուն բակից պարզ դարձավ, որ այստեղ շրջանավարտները ամենայն բծախնդրությամբ են մոտեցել «վերջին զանգի» արարողությանը: Դպրոցում աչքի ընկան շրջանավարտների համազգեստները, որոնք մյուս դպրոցների շրջանավարտների պես միանման չէին: Այստեղ ամեն մեկն աշխատել էր հագնել ամենաշքեղն ու ամենաթանկը՝ սեւի ու սպիտակի մեջ: Եթե, օրինակ, թիվ 24-ում բոլոր աշակերտները կրում էին սպիտակ վերնաշապիկ՝ սեւ կիսաշրջազգեստով կամ տաբատով, ապա այստեղ կապ չուներ սպիտա՞կ է վերնաշապիկը, սե՞ւ է, կամ շրջազգե՞ստ է, թե՞ տաբատ, կարեւորը ժամանակակից լինի եւ բոլորից տարբերվի: Բացի տարբեր մեծության, դիզայնի եւ զարդարանքի ծաղկազամբյուղներից, այս տարվա աշակերտուհիները ստացան նաեւ օրիգինալ նվերներ՝ փափուկ խաղալիքներ, փուչիկներով փնջեր՝ դպրոցի հետ կապ չունեցող մեծ տղաներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել