Բրիտանացի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչը լրատվամիջոցներին հայտարարել է, թե «Super Six»-ի շրջանակներում Արթուր Աբրահամի հետ կայանալիք մենամարտում պարտվելու եւ կիսաեզրափակիչ փուլ չանցնելու դեպքում ինքը կմտածի մարզական կարիերային վերջ տալու մասին: «Այս մենամարտն ինձ համար շատ կարեւոր նշանակություն ունի: Ամեն ինչ, կամ՝ ոչինչ: Եթե մարտն այնպես չստացվի, ինչպես ես եմ պլանավորում, կմտածեմ մարզական կարիերաս ավարտելու մասին, քանի որ ինձ հետաքրքրում են միայն մեծ մենամարտերը եւ ես չեմ պատրաստվում գոյություն պահպանել ստորին մակարդակներում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Աբրահամի հետ մարտի անցկացման վայրին, Ֆրոչը դեռ հակված չէ նոր մրցավայր ընտրելուն եւ պնդում է, որ հանդիպումը պետք է կայանա Անգլիայում: Իսկ եթե նրան փորձեն պարտադրել Բեռլին մեկնել, ինքը կլքի մրցաշարը: «Ես կմենամարտեմ միայն իմ պայմաններով, որոնցից այս անգամ չեմ հրաժարվի: Կայացրած տնային որոշումներն իսկական խայտառակություն են մրցաշարի համար: Ես չեմ մեկնի Բեռլին, քանի որ այնտեղ իմ օգտին կայացվելիք վճռի ոչ մի հնարավորություն չկա: Աբրահամի հետ ռինգում հանդիպելու համար ես Նոթինգհեմի սահմաններից դուրս չեմ գա: «Sowtime»-ի շահերից էլ չի բխում մրցաշարից իմ դուրս գալը»,- եզրափակել է աշխարհի նախկին չեմպիոնը: