Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստափոր Կարա-Մուրզայի դերը

Մայիս 22,2010 00:00

Կամ երաժշտական ինքնագործունեության նախակարապետը

19-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ ամենանշանավոր գործիչներից մեկը Քրիստափոր Կարա-Մուրզան է:
Մեր մշակութային մեծերը ժամանակին պաշտպանեցին Կարա- Մուրզայի արժեքավոր նախաձեռնությունը՝ ժողովրդական երգի բազմաձայն մշակման, հայ իրականության մեջ քառաձայն երգչախմբի ստեղծման, ինչպես նաեւ ժողովրդի ամենալայն շրջաններում բազմաձայնության տարածման գործը: Ստեղծագործելով քառորդ դարից քիչ ավելի, Կարա- Մուրզան, ինչպես վկայում են նրա կենսագիրները, կատարել է 300-ից ավելի երգի մշակում, հեղինակ է ավելի քան 70 ստեղծագործության, որոնց թվում՝ «Արշակ Բ» ողբերգության համար գրված երաժշտության եւ արեւմտահայերի կյանքից վերցրած «Շուշան» անավարտ օպերայի: Որպես երգահան, երգերի հավաքագրող՝ նա հարազատ մնաց ժողովրդական երգին եւ որպես խմբավար ներմուծեց բազմաձայնություն եւ իր ստեղծած երգչախմբերի միջոցով տարածեց ժողովրդի մեջ: 1885թ. մարտի 15-ին  Թիֆլիսում կայացած նրա երգչախմբի համերգի ծրագիրը բաղկացած էր հայրենասիրական երգերից, 15 հոգանոց արական երգչախումբն էլ հանդես եկավ ազգային տարազով: Այնուհետեւ Կարա-Մուրզան իր երգչախումբը համալրեց՝ հասցնելով 20-ի եւ հաջողությամբ շարունակեց համերգային գործունեությունը: Կարեւոր էր նաեւ այն, որ նա երգի միջոցով հայոց լեզուն էր տարածում այն վայրերում, որտեղ թրքական հայահալած քաղաքականության հետեւանքով հայերը հեռացել էին հարազատ մշակույթից եւ հարկադրաբար մոռացության մատնել նաեւ մայրենի լեզուն: Դժբախտաբար, Կարա-Մուրզայի մշակած երգերի մի մասը մեզ չի հասել, իսկ եղածներն էլ նրա հարազատների եւ աշակերտների կողմից վերականգնվել են հիշողությամբ: Հիմնականում Ք. Քուշնարյանը, որը Կարա- Մուրզայի քրոջ որդին էր, ձայնագրել է նրա եղբոր՝ Պողոս Կարա-Մուրզայի երգածներից: Կովկասյան իրականության մեջ առաջին անգամ Կարա- Մուրզան հանդես է եղել Բաքվում, որից հետո ամենուրեք կազմակերպել է երկսեռ երգչախմբեր… 1892-ին Կարա-Մուրզան հրավիրվեց Էջմիածնի Գեւորգյան ճեմարան՝ որպես երաժշտության ուսուցիչ եւ խմբավար: Կազմակերպելով 150 հոգուց բաղկացած երգչախումբ, նա հոգեւոր երգերի հետ միասին մեծ տեղ է տալիս ժողովրդական երգերին:
Կարա-Մուրզայի անվան հետ է կապված մեր խմբերգային մշակույթի ստեղծման, տարածման ու պրոպագանդման գործը: Այս տարի լրացավ պատմական դարձած հայկական երգչախմբի առաջին համերգի 150-ամյակը: Սա առավել գնահատելի է, երբ առանց պետական ու հասարակական կազմակերպությունների աջակցության՝ Կարա-Մուրզան հանձն առնելով ժողովրդի համար հսկայական նշանակություն ունեցող այդ շարժման նախաձեռնությունը, դարձավ երաժշտական ինքնագործունեության նախակարապետը հայ իրականության մեջ: Ցավոք,  Կարա-Մուրզայի կյանքը վաղաժամ ընդհատվեց՝ Թիֆլիսում. նա ընդամենը 49 տարեկան էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել