Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԵՅՐՈՒԹ ԿՄԵԿՆԵՄ ՄԻԱՅՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ»

Մայիս 22,2010 00:00

Ասում է լիբանանահայ երաժիշտ Րաֆֆի Միքայէլեանը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջեւի անվան ուսանողական նվագախմբի (ղեկավար՝ Ռուբեն Ասատրյան) ելույթները հայաստանյան բեմերում նորություն չեն: Սակայն «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 24-ին կայանալիք համերգը առանձնանում է նախորդներից: Այդ օրը նվագախումբը կղեկավարի բեյրութահայ դիրիժոր Րաֆֆի Միքայէլեանը: Նա 2003-ից սովորում է կոնսերվատորիայում, 2008-ին ավարտել է խմբավարական բաժնի մագիստրատուրան՝ պրոֆեսոր Իվան Վարդանյանի ղեկավարությամբ, որի դասարանում ներկայումս շարունակում է ուսումը ասպիրանտուրայում: Երիտասարդ երաժիշտը ժամանակին որոշեց ոտք դնել նաեւ սիմֆոնիկ դիրիժորության դասարան՝ ուսանելով ճանաչված դիրիժոր Ռուբեն Ասատրյանի դասարանում: Այս համերգը, իբրեւ սիմֆո-դիրիժոր, նրա դիպլոմային աշխատանքն է: Հետեւաբար, հանդիսատեսի շարքերում տեղ կզբաղեցնի նաեւ գնահատող հանձնաժողովը՝ պրոֆեսոր Յուրի Դավթյանի գլխավորությամբ: Կհնչեն Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան, «Կորիոլան» նախերգանքը եւ Վիվալդիի «Գլորիան»՝ երգչախմբի եւ նվագախմբի համար: Համերգին իր մասնակցությունը կբերի հաշմանդամների «Փարոս» երգչախումբը:
Գլխավոր փորձին ներկա էր երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանը: Մեր օրերում երաժշտագետների ոչ ակտիվ գործունեությունը տեսնելով՝ հարցրինք, ինչո՞վ բացատրել նրա հետաքրքրությունը ուսանողական նվագախմբի հանդեպ: Երաժշտագետը նախ նշեց, որ Րաֆֆիին ճանաչում է, երբ նա դեռ Բեյրութի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցի սան էր (տիկին Հովհաննիսյանը ստեղծագործական առիթներով հաճախ է լինում Բեյրութում- Ս. Դ.), հետո էլ մանրամասնեց. «Երիտասարդը ծնվել է Քուվեյթում, ապա 2000-03թթ. սովորել Բեյրութում, հիշյալ երաժշտանոցի դաշնամուրի (դասատու՝ Վ. Էմմիեան) եւ խմբավարական (դասատու՝ Զաքար Քէշիշեան) բաժիններում: Հատկապես պարոն Քէշիշեանի խորհրդով եկավ հայրենիք: Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Րաֆֆին երգել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, «Վարդանանք», «Կոմիտաս», «Հայ կամերային ձայներ» երգչախմբերում: Այսօր նա Հայաստանի պետական կապելլայի եւ «Քնար» վոկալ սեքստետի արտիստ է: 2007-ին նա հիմնեց «Գուսան» երգչախումբը, որի ղեկավարն է մինչ օրս, իսկ անցյալ տարի ստանձնեց «Փարոս» երգչախմբի ղեկավարի պարտականությունները: Երաժիշտը ոչ միայն օժտված է բնատուր տաղանդով, այլեւ անասելի ջանասիրությամբ»: Երաժշտագետին խնդրեցինք երիտասարդին բնութագրել իբրեւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր: «Այս պահին ունկնդրելով Րաֆֆիի գլխավոր փորձը նվագախմբի հետ, նախ պետք է նշեմ ընտրված բարդ ծրագիրը, որը լիովին հաղթահարել է: Ստեղծագործությունների՝ Րաֆֆիի մեկնաբանման մեջ նկատելի է ինքնօրինակ երանգներ ներմուծելու ձգտումը, դիրիժորական տեխնիկային տիրապետելու ազատությունը…»,- նշեց երաժշտագետը: Հավելեց նաեւ, որ վերը նշված աշխատանքներին զուգահեռ, երիտասարդ դիրիժորը ղեկավարել է Բեյրութի «Կարկաչ» եւ Շուշիի «Վարանդա» երգչախմբերը, իբրեւ խմբավար հանդես եկել Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցում:
Ր. Միքայէլեանին հարցրինք, թե պետական ավարտական քննությունից հետո մեկնելո՞ւ է Բեյրութ, երաժիշտը պատասխանեց. «Եկել եմ հայրենիք բարձրակարգ կրթություն ստանալու նպատակով, ինչն իրականացրի: Մնում է, որ կամրջեմ հայրենիքն ու Սփյուռքը: Իսկ Լիբանան եւ այլ երկրներ ես կմեկնեմ միայն հյուրախաղերի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել