Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՐԿԻՆ ԼԱՐՎԵԼ Է

Մայիս 22,2010 00:00

Պակիստանի Կարաչի քաղաքում արդեն երկու օր է, ինչ իրավիճակը կտրուկ սրվել է: Կառավարությունը կարգուկանոն հաստատելու համար ստիպված է եղել քաղաք բերել ռեյնջերների մի ողջ ստորաբաժանում: Միայն չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին միջէթնիկ բախումների արդյունքում զոհվել է 40 մարդ: Անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի՝ նախորդ օրը անհայտ անձանց կողմից փուշտունների «National Party (ANP)» կուսակցության ակտիվիստի սպանությանն ի պատասխան: Արդյունքում Կարաչիում գրոհայինները իսկական որս էին սկսել «թշնամական» կուսակցությունների, այդ թվում՝ Հնդկաստանից ուրդու փախստականների եւ նրանց հետնորդներին միավորող «Muttahida Quami Movement (MQM)» շարժման դեմ: Սպանվածների թվում կան ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կուսակցությունների ներկայացուցիչներ: Ուրբաթ օրը քաղաքի տարբեր շրջաններում պարբերաբար նոր բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում շրջվել եւ կողոպտվել են տասնյակ ավտոբուսներ եւ առեւտրի կրպակներ: Քաղաքում երեկ փակված են եղել դպրոցները, շատ շուկաներ եւ ավտոկայարաններ, հասարակական տրանսպորտը կաթվածահար վիճակում է եղել: Քանի որ ոստիկանությունը չի կարողացել կարճ ժամկետում քաղաքում կարգուկանոն հաստատել, իշխանությունները որոշել են քաղաք ուղարկել բանակային ուժեր, որոնց հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ առնել:
Ինչպես նշում են փորձագետները, այս քաղաքում միջէթնիկական եւ միջկուսակցական բախումները պարբերական բնույթ են կրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել