Ուկրաինայում աճուրդի է հանվել Կիեւում Անհայտ զինվորի հուշարձանին դրված այն ծաղկեպսակը, որն ընկել էր երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա: Ծաղկեպսակի մեկնարկային գինը սահմանվել է 8 հազար գրիվեն՝ 31 հազար ռուբլի: «Newsru»-ի մատուցմամբ, ծաղկեպսակը Անհայտ զինվորի հուշարձանի մոտից գողացել են «Բրատստվո» կազմակերպության ակտիվիստները: «Աճուրդին մասնակցելու համար արդեն բազմաթիվ հայտեր են ներկայացվել: Դրա վաճառքից ստացված միջոցները ուղղվելու են Օդեսայի քաղբանտարկյալների պաշտպանությանը»,- հայտարարել են կազմակերպությունում: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գերմանը կազմակերպության գործողությունները որակել է «դիակապտություն» եւ «վանդալիզմ»՝ համարելով, որ դա քաղաքական պայքարի անընդունելի ձեւ է:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, Կիեւում, Անհայտ զինվորի հուշարձանին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ միասին սգո ծաղկեպսակ դնելիս՝ այն քիչ էր մնացել գետնին տապալեր նախագահ Յանուկովիչին: Սկսվել էր հորդառատ անձրեւ եւ կարկուտ, ծաղկեպսակը պոկվել էր ամրացված տեղից եւ թռել ուղիղ Յանուկովիչի ուղղությամբ: Վերջինս ինքնուրույնաբար էր «կռիվ» տվել ծաղկեպսակի հետ, մինչեւ նրան օգնության էին հասել թիկնապահները: Նախագահի մամուլի ծառայությունը ԶԼՄ-ներին խնդրել էր չցուցադրել արարողության այդ դրվագները, որտեղ երեւում էր նաեւ, թե ինչպես են Մեդվեդեւի թիկնապահները եւս բռնել նրա դրած ծաղկեպսակը, որպեսզի նույնը ՌԴ նախագահի հետ չկատարվի: