Սիցիլիական Պալերմո քաղաքի փողոցներում եւ ավտոբուսների կանգառներում հայտնվել են երիտասարդության համար նոր մոդայիկ հագուստների գովազդային պաստառներ, որոնց վրա պատկերված է Ադոլֆ Հիտլերը՝ վարդագույն համազգեստով, թեւկապի վրա՝ սվաստիկայի փոխարեն, կարմիր սրտի պատկերով: Գովազդի կարգախոսն է՝ «Փոխիր ոճդ՝ մի հետեւիր քո առաջնորդներին»: Ինչպես փոխանցում է «The Daily Telegraph»-ը, Պալերմոյի բնակիչներն այս գովազդային պաստառների շուրջ վրդովմունքի ալիք են բարձրացրել: Քաղաքի բնակիչները գովազդային գործակալությունից պահանջում են անմիջապես ապամոնտաժել գովազդային պաստառները եւ հեռացնել ֆյուրերի սկանդալային պատկերները: Քաղաքային խորհրդի ձախկենտրոնամետ կուսակցության անդամ Ռոսարի Ֆիլորամոն հայտարարել է, թե «անցյալ դարում մարդկության դեմ գործած հանցանքների մեջ մեղադրվող անձի նկարների հայտնվելը վիրավորում է Իտալիայի սահմանադրական սկզբունքներն ու քաղաքացիների զգացմունքները»: Մինչդեռ գովազդային գործակալությունում կարծում են, որ քաղաքի բնակիչները չեն կարողացել ըստ արժանվույն գնահատել այդ գաղափարը. «Մենք ծաղրել ենք Հիտլերին՝ հրավիրելով երիտասարդությանը ստեղծելու սեփական ոճն ու չտրվելու կողմնակի ազդեցություններին»: