Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը բողոքեց բանաձեւից

Մայիս 22,2010 00:00

\"\"Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, որում, ըստ ԱԺ լրատվականի, մասնավորապես նշված է.

«Հարգելի պարոն նախագահ, երեկ, մայիսի 20-ին, Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձեւ «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին», որում տեղ գտած որոշ դրույթների մասին մտահոգություններս ցանկանում եմ հայտնել սույն նամակով:
Բանաձեւի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձեւակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ եւ ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնորեն արտահայտվել են 2009թ. դեկտեմբերին Աթենքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպես նաեւ՝ հենց Եվրոպական խորհրդարանի 1998 թվականից ի վեր ընդունված բանաձեւերին: Դրանք համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, Մոսկվայի հռչակագրին եւ Աքվիլայի հայտարարությանը, որոնց մասին հիշատակվում է բանաձեւում:
Բանաձեւի հեղինակ, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը երբեւէ առնչություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ զեկույցի պատրաստման ընթացքում չի այցելել տարածաշրջան: Նա նաեւ հարկ չի համարել խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես ԵՄ անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչը Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներում անհանդուրժելի խեղաթյուրումների պատճառներից է: Այս կարգի մոտեցումը վնաս է հասցնում Եվրոպական խորհրդարանի հեղինակությանը եւ լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:
Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանը կարեւորում է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը եւ հույս է հայտնում, որ անաչառ եւ հավասարակշիռ մոտեցումներով Ձեր ղեկավարած կառույցն իր նպաստը կարող է բերել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել