Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԱՏՅԱ՞ Է ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Մայիս 22,2010 00:00

Կատարվածը միջազգային իրավունքի հանցագործություն չէ

\"\"ՀԱԿ-ը հանրությանը հավաստում է՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նյութերը ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան հանձնելու մասին, շեշտադրելով հետեւյալ առիթները. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված սպանդը, 1998 եւ 2004 թթ. նախագահական ընտրությունները կեղծելը, մարտի 1-ին խաղաղ ցուցարարներին գնդակահարելը:
Ցանկացած ողջամիտ մարդ կողմ կլինի հիշյալ ծանր արարքների հանցակիցներին միջազգային դատական ատյանում պատժելուն, մինչդեռ միջազգային քրեական դատարանում վարույթ սկսելը հստակ կանոնակարգված է: Նախ կատարված արարքը միջազգային հումանիտար իրավունքի մտախոհ խախտում պետք է լինի, այն էլ՝ ուղղված միջազգային խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ: Հաջորդը՝ հանցագործությունը պետք է ընդդատյա լինի միջազգային քրեական դատարանի քննությանը, իսկ հայցող պետությունը՝ անդամագրված «Հռոմի ստատուտին» եւ այլն:
Դիտարկենք հիշյալ հանգուցային հանգամանքները:
Որոնք են միջազգային հանցագործությունները:
Միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումներ են համարվում խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ գործած արարքները: Դրանք են՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, զինվորական հանցագործությունները եւ ագրեսիա հանցագործությունը:
Ցեղասպանությունը ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի՝ որպես այդպիսին լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ գործողություններն են (1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդված):
Ագրեսիան մի պետության կողմից ուրիշ պետության ինքնիշխանության, քաղաքական անկախության կամ տարածքային ամբողջականության դեմ ուժի գործադրումն է (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974թ. դեկտեմբրեի 14-ի 3314 բանաձեւ):
Զինվորական հանցագործությունները պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտումներն են:
Մարդկության դեմ հանցագործությունները՝ պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ խաղաղ բնակչության սպանությունները, բնաջնջումը, ստրկացումը, աքսորը եւ այլ դաժան գործողությունները կամ քաղաքական, ռասայական, էթնիկական շարժառիթներով հետապնդումներն են:
Ընդդատության հանգամանքը:
Անցյալում խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ գործած արարքներ կատարած անձանց նկատմամբ դատական հետապնդում իրականացնելու համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կազմավորում էր միջազգային տրիբունալ: Օրինակ, Նյուրնբերգի եւ Տոկիոյի դատավարությունների տրիբունալը՝ 1946թ.: Նախկին Հարավսլավիայի տարածքում միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու տրիբունալը՝ 1993թ., Ռուանդայի տարածքում կատարված ցեղասպանություն գործողներին պատասխանատվության ենթարկելու տրիբունալը՝ 1994թ.:
Միջազգային հանցագործությունների ընդդատության խնդիրը 1998թ. հուլիսի 17-ի ՄԱԿ-ի Հռոմի կոնվենցիան հստակեցրել է:
Կոնվենցիան հիմնել է միջազգային քրեական դատարան եւ ընդունել կանոնակարգ: Ըստ այդմ, Հաագայի դատարանը համարվում է մշտական գործող դատարան եւ կոչված է քննելու խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ գործած հետեւյալ արարքները՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, զինվորական հանցագործությունները եւ ագրեսիայի հանցագործությունը:
Ինչպես նկատվում է, երկրորդ նախագահին վերագրված արարքները խաղաղության եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների խմբում դասակարգված չեն, հետեւաբար ընդդատյա չեն Հաագայի միջազգային դատարանի քննությանը:
Հոկտեմբերի 27-ի սպանդը պետական կամ քաղաքական գործչի սպանություն է (ահաբեկչական ակտ), որի նպատակը Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի պետական եւ քաղաքական գործունեությունը դադարեցնելն էր (Քրեական օրենսգրքի 305 հոդված):
1998թ., 2004թ. եւ 2008թ. նախագահական ընտրությունները կեղծելը պայմանավորված է հակասահմանադրական եղանակով իշխանությունը զավթելու հետ (Քրեական օրենսգրքի 300 հոդված): Իսկ մարտի 1-ին խաղաղ, անզեն ցուցարարներին գնդակահարելը եւ կյանքից զրկելը սպանություններ են՝ փոխկապակցված համաժողովրդական շարժումը ճնշելու, ռեժիմը պահպանելու եւ յուրայիններին փոխանցելու հետ (Քրեական օրենսգրքի 104 հոդված, 300 հոդված):
Թեեւ հիշյալ հանցագործությունները կատարվել են քաղաքական դրդապատճառներով, մինչդեռ անկախ նրանից՝ Հայաստանը «Հռոմի ստատուտին» անդամագրվել է, թե՝ ոչ, հավանականությունը փոքր է, որ ՄԱԿ-ի մարմինները մարտի 1-ի սպանությունները կամ իշխանությունը զավթելու արարքը ճանաչեն միջազգային հումանիտար իրավունքի ծանրախոհ խախտում՝ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ գործած հանցագործություն:
Իմ կարծիքով, երկրորդ նախագահը մեղսակից է այս արարքներին: Նա այն սուբյեկտն է, որը գերակայելով Սահմանադրությունը, 1998 եւ 2004թթ. մասնակցեց նախագահական ընտրություններին եւ զավթեց իշխանությունը:
Հոկտեմբերի 27-ի սպանդը կատարվեց նրա օրոք, սակայն ահաբեկչության ակտի պատվիրատուները, կազմակերպիչները եւ պետության անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաները մնացին անպատիժ (եթե ՀՀ քաղաքացին ահաբեկչության ակտը կատարել է արտերկրի կամ արտերկրի կազմակերպությունների հանձնարարությամբ, ապա արարքը որակվում է նաեւ հայրենիքի դավաճանություն):
Ի վերջո, մարտի 1-ի անմեղ զոհերի եւ բազմաթիվ մարդկանց խեղանդամ դարձնելու պատասխանատուն է, քանզի առանց պետության գլխի գիտության, պետության քաղաքացիներին՝ զինուժի գործադրմամբ չեն գնդակահարում:
Իմ պատկերացմամբ, երկրորդ նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը պետք է լուծել Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ ՀԱԿ-ի շեշտադրած արարքները միջազգային իրավունքի հանցագործություններ չեն, այլ կարգավորվում են ազգային ներքին քրեական օրենսդրության նորմերով: Ըստ այդմ, ստորագրահավաքի նյութերը եւ երկրորդ նախագահի նկատմամբ միլիարդ դոլարների հասնող թալանի մասին Ռուսաստանի մամուլում հրապարակումները եւ հանցանքի կատարումը հավաստող այլ փաստաթղթերը հաղորդումների ընդունված ձեւով պետք է ներկայացնել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Դրանք բավարար առիթներ են քրեական հետապնդում սկսելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել