Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մայիս 22,2010 00:00

Ձեզ եմ դիմում որդուս՝ ապօրինի 10 տարով կալանքի ենթարկված Կարեն Ալեքսանդրի Հովհաննիսյանի հարցով, հույս հայտնելով, որ Դուք՝՛ որպես արդարության երաշխավոր,
Ձեր հսկողության տակ կվերցնեք որդուս ճակատագիրը:

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանի կողմից 2007թ. հունվարի 10-ին քրեական գործ է հարուցվել, որին նույն թվականի հունվարի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 1-ին մասով, 268 հոդվածի 3-րդ մասով, 268 հոդվածի 1-ին մասով եւ 271 հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ, ներգրավվել է որդիս՝ Կարեն Ալեքսանդրի Հովհաննիսյանը:
2007թ. նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանի որոշմամբ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
Դատարանում որդուս հանդեպ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 271 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է, եւ դատարանը որդուս մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 268 հոդվածի 1-ին, 266 հոդվածի 4-րդ մասով, ու վերջնական պատիժ է սահմանել 10 տարի ազատազրկում՝ անձնական գույքի 30 տոկոսի բռնազավթմամբ:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի դեմ մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել: Վերաքննիչը առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է նույնը:
Ես գտնում եմ, որ առաջին ատյանի դատարանի վճիռը չի համապատասխանում իրականությանը, ապացուցված չէ անհրաժեշտ հետազոտություններով, հիմնվել է քննչական մարմնի կողմից՝ բռնի ուժի կիրառմամբ ձեռք բերած ցուցմունքների վրա:
Նախաքննական մարմինը որդուս՝ Կարեն Հովհաննիսյանից ցուցմունք կորզելու համար դիմել է խոշտանգումների: Ճնշումների են ենթարկվել բոլոր նրանք, ովքեր որդուս հանդեպ ցուցմունք են տվել: Այս մասին նրանք խոստովանում են դատավարության ժամանակ, դատարանի դահլիճում՝ հրաժարվելով իրենցից պարտադրանքով պոկած նախնական ցուցմունքներից: Սակայն առաջին ատյանի դատարանը վճիռը կայացնելիս ոչ թե հիմնվել է հավաստի ապացույցների վրա, այլ՝ պարտադրանքով ձեռք բերած ցուցմունքների եւ ենթադրությունների վրա, ընդամենը կատարելով քննիչ Վարդան Մուրադյանի ցանկությունը:
Իսկ Վարդան Մուրադյանը աշխատում է մի սկզբունքով, նրա համար կարեւոր չէ՝ մարդը մեղավո՞ր է, թե՞ ոչ, այլ կարեւորն այն է, որ եթե մարդը որպես վկա կամ կասկածյալ անցավ նրա ձեռքի տակով, ապա ով էլ լինի, պիտի իր վրա վերցնի չգործած հանցանքները եւ անպայման դատապարտվի:
Վարդան Մուրադյանի աշխատանքային այս մեթոդների պատճառով՝ որդիս 10 տարվա կալանք է կրելու:
Իսկ վերաքննիչ դատարանը ոչ թե խորացել է բուն գործի մեջ, այլ ընդամենը հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը, հիմնականում ենթարկվելով նախաքննական մարմնի պահանջներին:
Միաժամանակ, հայտնում եմ Ձեզ, որ որդիս վատառողջ է, կան բժշկական համապատասխան հիմնավորումները նրա առողջական վատթար վիճակի մասին, եւ կալանքի պայմաններում վտանգի տակ է ընկնում երիտասարդ զավակիս կյանքը:
Բաց նամակով դիմելով Ձեզ՝ մեծարգո նախագահ, ես որպես ծնող հույս ունեմ, որ դուք Ձեր հսկողության տակ կվերցնեք որդուս ճակատագրի հարցը եւ կվերականգնեք արդարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել