Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴԻՆ «ՔՑԵԼ» ԵՆ

Մայիս 22,2010 00:00

Ոստիկանության քննիչը բնակարանից դուրս է հանել]

Հայաստանի Հելսինկյան կոմիտեին է դիմել Արայիկ Զոհրաբյանը: Վերջինս 2006 թվականին վերադառնալով ԱՄՆ-ից Հայաստան, գնել է բնակարան, որն իրեն լիազորագրով վաճառել է Սուսաննա Ավագյանը: Պայմանագիրը ստացել է նոտարական վավերացում, իսկ Ա. Զոհրաբյանի սեփականության իրավունքը գրանցվել է Անշարժ գույքի պետական կադաստրում: 2010 թվականին մի խումբ անձինք, այդ թվում՝ ոստիկանության քննիչ Փարսադանյանը եւ բնակարանի նախկին սեփականատեր Ս. Ավագյանը, ներս են մտել հիշյալ բնակարան եւ այնտեղից դուրս հանել Ա. Զոհրաբյանին՝ հասցնելով անձնական վիրավորանքներ:
Հիշյալ դեպքի կապակցությամբ Ա. Զոհրաբյանը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին: Դիմում-բողոքին պատասխանել է Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների դատախազությունը. «…Դուք այդ բնակարանում չեք բնակվել ընդհանրապես, հետեւապես՝ քննիչը չէր կարող Ձեզ այդ բնակարանից դուրս հանել, առավել եւս՝ Ձեզ վիրավորել»:
Քաղաքացին դիմել է ՀՀ նախագահին: Նրանք էլ նամակը «իջեցրել» են ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից Ա. Զոհրաբյանին պատասխանում են. «Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Գ. Գրիգորյանին եւ նույն բաժանմունքի տեղամասային տեսուչ Ա. Կիրակոսյանին, ապա վերջիններս ներխուժումը վերացնելու վերաբերյալ Ձեր ահազանգով ներկայանալով անշարժ գույքի տարածք՝ գործել են ՀՀ կառավարության թիվ 797 որոշման պահանջներին համապատասխան, մասնավորապես պարզելով, որ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձը (անձինք) տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, որպիսի փաստը հավաստվել է սեփականության իրավունքի վկայագրով, կողմերի նկատմամբ որեւէ միջոց կամ պահանջ իրավացիորեն չեն կիրառել: Այդուհանդերձ՝ ոստիկանության ծառայողները պարտավոր էին կազմել այդ մասին համապատասխան արձանագրություն եւ դրա օրինակները հանձնել կողմերին, որը սակայն չեն կատարել, ուստի ենթարկվել են կարգապահական տույժի»:
Սակայն տրամաբանական չէ, թե ինչո՞ւ են տեղամասային տեսուչները հիմք ընդունել անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի սեփականության իրավունքի վկայագիրը, բայց Ա. Զոհրաբյանի սեփականության իրավունքի վկայագիրը հիմք չեն ընդունել, ինչը տրված է ավելի ուշ: Սա այն դեպքում, երբ նախկին սեփականատիրոջ հիշյալ բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը ճանաչվել է անվավեր:
Ինչպե՞ս են դատախազությունից Ա. Զոհրաբյանին պատասխանում, թե նա այդ տանը ընդհանրապես չի բնակվել, երբ հենց նրա ահազանգով են «անշարժ գույքի տարածք» ներկայացել տեղամասային տեսուչները:
Սուսաննա Ավագյանի նկատմամբ քրգործ է հարուցվել կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեղադրանքով: Սակայն Ա. Զոհրաբյանին նախաքննության մարմինը տուժող դեռ չի ճանաչել, թեեւ, եթե հիմնավորվի մեղադրանքը, Ա. Զոհրաբյանը կորցնելու է 21 350 000 ՀՀ դրամ՝ որպես վճար գնված բնակարանի դիմաց: Ի դեպ, Ա. Զոհրաբյանի նկատմամբ նույնպես հարուցվել է քրգործ, իբր Ս. Ավագյանին 5 տոկոսով $40.000 է տվել, որի վերաբերյալ որեւէ ապացույց չկա, բացի Ս. Ավագյանի ցուցմունքից:
Արայիկ Զոհրաբյանը եւ նրա փաստաբանը դիմել են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել դատախազ Լ. Բադալյանի կողմից կայացված անհիմն որոշումը եւ լուծել քննիչին վարույթից հեռացնելու հարցը, ինչպես նաեւ պարտավորեցնել նախաքննական մարմնին՝ Արայիկ Զոհրաբյանին ճանաչել որպես քրեական գործով տուժող:
Ապրիլի 12-ի որոշմամբ, դատավոր Մարտին Կարապետյանը, հաշվի առնելով, որ Սուսաննա Ավագյանի նկատմամբ գործը գտնվում է այլ դատավորի վարույթում, դատարանը զրկված է բողոքում նշված փաստերը գործի նյութերով ստուգելու հնարավորությունից, որոշեց բողոքը հանձնել Ս. Ավագյանի նկատմամբ վարույթն իրականացնող դատավորին: Ուշադրության արժանի է այն, որ օրենսդրությունը նման կարգ չի նախատեսում:
Մինչեւ օրս Ա. Զոհրաբյանի եւ նրա փաստաբանի բողոքը քննության չի առնվել եւ համապատասխան որոշում չի կայացվել, իսկ Ա. Զոհրաբյանի բազմաթիվ միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվում են այն պատճառաբանությամբ, թե նա դատավարության մասնակից չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել