Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՇՏՎԵԼ

Մայիս 22,2010 00:00

Արձագանքելով «Առավոտում» (20.05. 2010) հրապարակված «Դվին հոլդինգը» բնակիչներին վտարում է» հոդվածին, «Դվին հոլդինգ» ընկերությունից հայտնում են, որ «Պուշկինի 23, Տերյան 11 եւ 13 շենքերի բնակիչներից մեծ մասի հետ փոխհատուցման պայմանագրերն արդեն կնքված են եւ այդ բնակիչները տարածքն ազատել են: Ինչ վերաբերում է այն մի քանի բնակիչներին, որոնք չընդունելով առաջարկները եւ ընկերության հետ համաձայնության չգալով՝ հրաժարվել են պայմանագրեր կնքելուց, «Դվին հոլդինգի» կողմից արվել են նոր առաջարկներ: Այսպես՝ Տերյան փողոցի 13 շենքի թիվ 7 եւ թիվ 13 բնակարանների սեփականատեր Լիգիա Հակոբյանին եւ նրա ամուսին Վլադիմիր Մնացականյանին ընդհանուր առմամբ պատկանում է 59,5 քմ տարածք, Տերյան փողոցի 11 շենքի թիվ 2 բնակարանի բնակիչներ Ռաիսա Աղաջանովան եւ Թերեզա Գալստյանն ունեն 54,1 քմ տարածք: Նրանց եւ մնացյալ բնակիչներին կառուցապատողը Սայաթ-Նովայի 40 նորակառույց շենքից առաջարկել է իրենց բնակմակերեսից 10-15%-ով ավելի տարածք՝ վերանորոգված: Բացի այդ, բնակիչները կազատվեն նաեւ շենքի վարձավճարներից: Սակայն նրանք հրաժարվել են:
Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած բնակիչների այն խոսքերին, թե  Մամիկոնյանց 36 եւ Սայաթ-Նովայի 40 հասցեներում, որտեղից իրենց բնակարան են առաջարկել, անգամ շենքի հիմքը փորված չէ կամ 1-ին հարկը կառուցված չէ, հայտնում ենք, որ իրականությանը չի համապատասխանում: Թե՛ Մամիկոնյանց 36 եւ թե՛ Սայաթ-Նովայի 40 հասցեներում 2 շենքն էլ կառուցված-ավարտված վիճակում է եւ մնում են միայն ներքին հարդարման աշխատանքները, որպեսզի հանձնվեն շահագործման:
Այսօր էլ պատրաստակամություն ենք հայտնում կնքել պայմանագրեր՝ մեր կողմից առաջարկած բնակմակերեսով, սահմանելով բնակեցման հստակ ժամանակացույց՝ ոչ ավելի, քան 4-6 ամիս: Ուշացնելու դեպքում պատրաստ ենք վճարել համապատասխան տույժ ու տուգանքները: Ինչպես նաեւ ընկերությունը պատրաստ է կնքել հաշտության համաձայնագիր՝ խուսափելով դատական վեճերից եւ  հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել գործընթացի վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել