Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉԽԱՐՆԵՐԻՆ ԷԼ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Մայիս 22,2010 00:00

Մայիսի 9-ից Իրանը դադարեցրել է Հայաստանից ոչխարներ ներմուծել՝ իրենց երկրում ոչխարների շրջանում տարածված հիվանդության պատճառով: Ոչխարների արտահանման դադարեցումը, ինչպես երեկ կայացած ասուլիսի ժամանակ ասաց Աշխարհի եւ Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը, կործանարար կլինի ոչխարաբուծության զարգացման համար: Նշենք, որ նախկինում եզդիներն էլ ահազանգում էին այն մասին, որ մեծ քանակությամբ ոչխարների արտահանումը Իրան՝ կրկին վտանգավոր է իրենց ոչխարի վաճառքի բիզնեսի համար:
Հենց այդ հարցին անդրադառնալով էլ, ասուլիսին ներկա գուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ եւ նախկինում, եւ հիմա եզդի համայնքի հնչեցրած ահազանգն անտեղի է.  «Իրականում մեր խոր մասնագիտական վերլուծությունը ցույց է տվել, որ վախենալու պատճառ չունենք, քանի որ մայրական կազմն ամբողջությամբ պահպանվել է: Այսօրվա դրությամբ հանրապետությունում ունենք ավելի քան 900 հազար գլուխ ոչխար: Նախորդ տարվա համեմատությամբ գլխաքանակը պակաս է 20 հազարով, ինչը բնական է, քանի որ 147 հազար գլխաքանակ երկրից հանվել էր»: Նա նկատել էր, որ եզդիները խորամանկություն են անում ու գառներ չեն վաճառում. «Չաղացնում են, որ աշնանը թանկ արտահանեն: Միայն ծեր ոչխարներն են վաճառում: Նախկինում էլ վաճառվել են այն մայրերը, որոնք հասակավոր ոչխարներ են եղել եւ վերարտադրության համար ոչ պիտանի: Եզդիները բողոքում են, քանի որ ոչխարի բիզնեսն այլեւս նրանց մենաշնորհը չէ, իսկ նախորդ տարիներին կենդանի ոչխարների առեւտուրը հիմնականում իրականացվում էր մեր եզդի ազգաբնակչության միջոցով»:
Անգամ եթե արտահանումը շարունակվեր, Հայաստանը, ըստ Հովհաննիսյանի, վնաս չէր կրի արտահանման գործընթացից, քանի որ հայերի եւ իրանցիների նախասիրությունները տարբեր են՝ նրանք գերադասում են հասակավոր ոչխարի, հայերը՝ գառան միսը: Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ ոչխարի միսը շուկայում էժանացել է. «Եթե փետրվարին շուկայում 1 կգ գառան միսն արժեր 4000 դրամ, ապա այսօր 3000-3500 դրամ է, իսկ մեծածախ կետերում՝ սկսած 2500-ից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել