Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկապարտեզ ու ջուր կունենան

Մայիս 22,2010 00:00

Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մանկապարտեզն արդեն 20 տարի է՝ չի գործում: Այն գործել է մինչեւ դարաբաղյան պատերազմը եւ ունեցել հարյուրից ավելի հաճախող երեխաներ: Համայնքի ղեկավարի խոսքերով, պատերազմի ժամանակ այն նույնիսկ ապաստան է եղել արցախցի երեխաների համար:
«Առանց մանկապարտեզ անհնար է, մեղք են էս երեխաները: Ինչ են հասկանում իրենց մանկությունից, ոչ մի հետաքրքրություն չկա, ամբողջ օրը փողոցներում են»,- մեզ հետ զրույցում դժգոհեց գյուղի 40-ամյա բնակիչ Հասմիկ Հովհաննիսյանը:
Ուջանում ապրող Հայկ Վարդանյանը ստիպված է լինում իր երեխային տանել Աշտարակի մանկապարտեզ. «Ինչ անեմ, ստիպված տանում եմ, բա երեխաս ամբողջ օրն ինչով զբաղվի, կինս ու ես աշխատում ենք: Բայց էնքան էլ հեշտ չի էդքան ճանապարհ տանել-բերելը. մենակ ես չեմ տանում, շատ կան, բայց օր է լինում՝ չեմ կարողանում տանել կամ բերել երեխայիս, խնդրում եմ ուրիշներին, որ օգնեն ինձ: Շատ լավ կլինի, որ մենք էլ ունենանք մանկապարտեզ»: Մանկապարտեզ ունենալը գյուղացիների գրեթե ամենամեծ երազանքն է: «Երեխաները գալիս են դպրոց՝ տարրական գիտելիքների բացակայությամբ: Կարգ ու կանոն չունեն, նստել-վեր կենալ, լուռ մնալ, նրանց թվում է, թե դեռ դրսում են: Իսկ որ մանկապարտեզ լինի, արդեն քիչ թե շատ իրենց զսպել եւ լուռ մնալ գոնե կիմանան»,- ասաց Ուջանի դպրոցի ուսուցիչներից մեկը: Օրերս տեղեկացանք, որ «Կամրջակ» բարեգործական կազմակերպությունը ստանձնել է մանկապարտեզի վերակառուցումը: Ինչը, ըստ ուջանցիների, փրկություն կլինի իրենց համար, քանի որ ստիպված չեն լինի հասնել Աշտարակ: Մանկապարտեզը վերանորոգվում է «Սոցներդրումների հիմնադրամի» միջոցով:
Արդեն վերանորոգվել է 2 մասնաշենքը՝ իր միջանցքներով, սենյակներով, խոհանոցներով: Նշյալ կազմակերպությունը մանկապարտեզի գույքը նվեր է տվել:
Այս համայնքում «Ասիական բանկի» հովանավորությամբ վերանորոգվում է նաեւ հինգ տոննա տարողությամբ ջրամբարը: «Փողոցներ կային, որ ջուր եղել է, բայց՝ շատ դժվարություններով ու սակավ: Շաբաթվա մեջ մեկ-երկու օր, այն էլ երկու ժամով էինք ունենում: Հիմա արդեն մշտական ջուր կունենանք: Նազրվանից եկող 10 կմ խմելու ջրերի ներքին ցանցն է փոխվում, որ երկար տարիներ չէր իրագործվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել